Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահական ընտրարշավ

Փետրվար 13,2003 00:00

Նախագահական ընտրարշավ Գեղամյան-Կարապետյան կիսաեզրափակիչ Նախագահական ընտրարշավը մոտենում է վերջնագծին: Սակայն 100 օր տեւած քաղաքական մարաթոնը որեւէ անակնկալ չմատուցեց: Մրցապայքարն ընթացավ երեք զուգահեռ հարթություններում, ինչը սկզբից եւեթ կանխատեսելի էր: Նախագահական պաշտոնի համար մրցակցում են Դեմիրճյանը եւ Քոչարյանը, երրորդ պատվավոր տեղի համար՝ Գեղամյանը եւ Կարապետյանը, մնացյալները նախասահմանված աուտսայդերներ են: Իմիջիայլոց, եթե Դեմիրճյանին նախագահ տեսնել չցանկացողներն արդեն հույսները դրել են ինչ-որ կախարդական փայտիկի վրա, որը պիտի Քոչարյանի համար ընտրակեղծիք ապահովի եւ ձայներ նկարի /համոզվել են, որ անձամբ Քոչարյանը նման ներուժ չունի/, Դեմիրճյանի հաղթանակը ցանկացողներն էլ վստահ են, որ Քոչարյանի քվեները կարելի է լավագույն դեպքում ուռճացնել մինչեւ 30-35%, բայց ոչ ավելի, հետեւաբար Դեմիրճյանը կհաղթի նույնիսկ առաջին փուլում, ապա պարզ է, որ այս վիճաբանությանը միայն փետրվարի 19-ը վերջակետ կդնի: Քանի որ խոսքը գնում է մեկ կամ մյուս կողմի նախագահ դառնալու մասին, ընտրողների ընթացիկ կողմնորոշումներն ու վերակողմնորոշումները լոկ միջանկյալ են ուշադրության արժանանում, իբրեւ կողմերին տրված քվե: Այլ է Գեղամյան-Կարապետյան մրցակցությունը: Այս թեկնածուներից որեւէ մեկն ակնհայտորեն երկրի նախագահ չի դառնա: Հետեւաբար կողմերին տրվող քվեներն արժեքավոր են նախ՝ իբրեւ հասարակական տրամադրությունների արտահայտություն: Ընդսմին գործ ունենք կատարյալ անտագոնիզմի հետ: Գեղամյանի քարոզարշավի, գուցե ընդհանրապես քաղաքական գործունեության լեյտմոտիվը տառակերությունը, Հին Կտակարանի «Երանի՜»-ներից մեջբերումները եւ Հայրիկյանի հետ մրցող ինքնահամարումն են: Է՛լ սեփական անձի մասին երրորդ դեմքով խոսել, է՛լ իրեն Քրիստոս երեւակայել եւ մեսիոնիզմը դարձնել նախընտրական կարգախոս, է՛լ Տեր-Պետրոսյանին քծնել. «Լեւոն Հակոբիչը իմաստուն քաղաքական գործիչ է», հետո էլ հինգ կադրով հոլովակ մոնտաժել «Այս Լեւո՞նն է» հանգերգի ներքո: Անշուշտ՝ ոչ, որովհետեւ Տեր-Պետրոսյանը պատկանում է գործիչների թվին, որոնք երեւում են առանց սեփական շտաբի հետ ակրոբատիկ համարներ բեմադրելու: Է՛լ Կարեն Սերոբիչի էլեկտորատին դասեր տալ, թե ում ընտրեն՝ առանց գեթ մեկ անգամ իրեն հաշիվ տալու՝ ո՜ւր Դեմիրճյանի համեստությունն ու մեծահոգությունը, ո՜ւր իր սնապարծությունն ու քինախնդրությունը: Հետո էլ դեռ իբրեւ արժանիք մատուցել այն, որ իրեն հարվածում են թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը: Իրոք այդպես է, բայց ինչի՞ արդյունքում, եթե ոչ Գեղամյանի լարախաղացության: Գեղամյանին հարվածում է ընդդիմությունը, երբ սկսում է իշխանություններին քծնել, եւ հարվածում է իշխանությունը, երբ սկսում է ընդդիմություն խաղալ: Իսկ Գեղամյանը հայտնվում է մերթ մեկ, մերթ մյուս ճամբարում, սեփական ինքնահիացումի պատճառով՝ ինքն է միակ արժանին թե՛ իբրեւ իշխանություն, թե՛ իբրեւ ընդդիմություն: 99-ի խորհրդարանական ընտրություններում բոլոր այս տեխնոլոգիաները, գումարած ՍԻՄ-ի լրատվական աջակցությունը, գումարած Սամվել Բաբայանի ֆինանսական միջոցները, Գեղամյանի համար ապահովեցին խիստ համեստ ընտրաձայներ: Տեսնենք այս անգամ Գեղամյանին տրվող քվեները կգերազանցե՞ն 99-ի ցուցանիշը: Գեղամյանի այսօրվա ռեալ մրցակցին՝ Արամ Կարապետյանին, ասպարեզ իջեցրեց նրա երբեմնի գործընկերը «Իրավունք եւ միաբանություն» դաշինքում՝ ՍԻՄ-ը: Դժվար է ասել, որքանով էր հաշվարկված այս երկու անձանց մրցակիցներ դառնալը: Հնարավոր է՝ Արամ Կարապետյանն ասպարեզ իջավ հասարակական գիտակցության մեջ իբրեւ լիդեր հաստատվելու եւ խորհրդարանական ընտրություններում ՍԻՄ-ի ու նրան հարող քաղաքական ուժերի ընտրացուցակը գլխավորելու համար: Եթե իսկապես դա է եղել Կարապետյանի ծրագիր մաքսիմումը, ապա նրան կարելի է շնորհավորել: Կարապետյանին բարյացակամությամբ ընդունեցին գրեթե բոլորը, հասկանալիորեն՝ բացառությամբ Քոչարյանի շրջապատի: Նրանց շատ ավելի հոգեհարազատ է Գեղամյանի կերպարը: Իսկ Արամ Կարապետյանին հաջողվեց մի քանի ամսում ե՛ւ ճանաչում գտնել, ե՛ւ նույնիսկ որոշակի ընտրազանգվածի մոտ համակրանքի հասնել՝ շնորհիվ մի քանի հանգամանքների: Նախ համեստությունը՝ երբ հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում լրագրողը հայտնեց, թե իրենց հարցումներով Կարապետյանի վարկանիշը չորրորդն է, վերջինս ժպտաց. «Իսկապե՞ս, չգիտեի, լավ ցուցանիշ է, կնշանակի՝ լուրջ աշխատանք է տարվել»: Եվ ոչ թե «Ես իմ խելքի կշիռը լավ գիտեմ»: Նախընտրական ծրագրերի ներկայացումը. Կարապետյանն իր ծրագրային քարոզչությունը իրականացնում է, ի միջի այլոց, բոլոր թեկնածուներից հաջող, իսկ Գեղամյանի վիճակագրական ընթերցանության ու մեսիոնիզմի բուկլետի կազմի հետ ընդհանրապես ոչ մի համեմատություն: Համագործակցելու եւ զիջելու ոգին. Կարապետյանը բազմիցս կրկնում է. «Ընտրեք ընդդիմության այն թեկնածուին, ում արժանի կհամարեք»: Եվ ոչ թե. «Տղերք, Գեղամյանը դրել է այս իշխանությունների տապանաքարը, փետրվարի 19-ին ամեն ինչ նորմալ է լինելու, հետո ես այս ու այն եմ անելու»: Եկ եւ մի մտածիր, թե Սերժ Սարգսյանին հասնում է. ո՞վ էր խնդրում այդքան հանդուրժող լինել եւ Գեղամյանի մեծախոսությունը եթերում մի երկու հակահարվածով չչափավորել: Թե՞ լրջորեն հույս էր տածում Գեղամյանից միասնական թեկնածու կերտել: Ամփոփելով՝ եթե Արամ Կարապետյանը երրորդ կամ չորրորդ տեղը զբաղեցնելով՝ Գեղամյանին գերազանցի կամ զիջի ձայների ոչ մեծ տարբերությամբ, դա կլինի միանգամայն բնական: Ամեն դեպքում՝ փոքր-ինչ գույները խտացնելով, Գեղամյանին տրվող ձայները ցույց են տալու, թե այս երկրում որքան հուսահատություն ու չարացածություն կա, Կարապետյանին տրվող ձայները՝ հույս եւ բարեհոգություն: Եվ դա նվազ հետաքրքիր չէ, քան նախագահական ընտրությունների ելքը: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել