Տրնդեզին չեն պսակվում Կամ պսակվում են չունենալուց Չնայած Տրնդեզը երբեմն կապվում է հեթանոսական Միհր աստծո հետ, սակայն այն քրիստոնեական է եւ ամեն հայ գիտի, որ նրա առանցքը կրակն է։ Յուրաքանչյուր տարվա փետրվարի 14-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի ծննդյան 40-րդ օրվան նվիրված տոնը, որը եկեղեցական տոնացույցում հիշատակվում է որպես Տյառնընդառաջ։ Այսինքն, ըստ մեկնաբանության, այդ օրը Քրիստոսին տաճար բերելու եւ նրան ընդառաջ դուրս գալու հիշատակի օրն է։ Տյառնընդառաջ նշանակում է ելնել Տիրոջն ընդառաջ։ Ժողովուրդն այն անվանում է նաեւ Տրնդեզ, որը Տերն ընդ ձեզ արտահայտության ձեւափոխված տարբերակն է։ Իսկ թե ինչ կապ կա ժողովրդի կողմից փետրվարի 13-ին տոնվող Տրնդեզի եւ Տյառնընդառաջի միջեւ, Սուրբ Սարգիս եկեղեցու ավագ քահանա տեր Կարապետ Գըլըճյանը մեկնաբանում է հետեւյալ կերպ. «Տյառնընդառաջի նախորդ օրը եկեղեցում նախատոնական ճոխ ժամերգություն է կատարվում։ Այդ տոնը ժողովուրդը կոչում է Տրնդեզ։ Երեկոյան ժամերգությանը ներկա են լինում հատկապես նախորդ մեկ տարվա ընթացքում պսակադրված հարսներ ու փեսաներ, որոնք ժամերգության ավարտին եկեղեցում օրհնված մոմով վառում են իրենց ձեռքի մոմը եւ այդ լույսը որպես Քրիստոսի փրկության լույսի խորհրդանիշ, տանում եւ լուսավորում են իրենց տները»։ Տեր Կարապետի խոսքերով, ժողովրդական սովորույթ է օրհնված մոմի կրակով Տրնդեզի խարույկ վառելը։ Այդ օրվա սովորություններից է նաեւ կրակի շուրջը երեք անգամ պտտվելը եւ դրա վրայից նորապսակներին թռցնելը, քաղցրեղեն բաժանելն ու նվերներ տալը։ Տեր Կարապետի հավաստմամբ, ում տանը նորապսակ չկա, նրանք էլ պիտի փետրվարի 13-ին եկեղեցուց վառած մոմ տանեն իրենց տները։ Այսինքն, Տյառնընդառաջը տոնում են փետրվարի 14-ին, սակայն ժողովուրդն ավելի պահպանում է նախատոնական խարույկահանդեսը, որը նվիրված է նոր պսակվածներին։ Տեր Կարապետը, սակայն, ճիշտ չի համարում այն, որ դեռեւս խոսքկապ արած կամ նշանված երիտասարդների համար Տրնդեզ են նշում. «Տրնդեզը պիտի կատարվի միայն տղայի տանը, պսակվելուց հետո»։ Ըստ ավագ քահանայի, ճիշտ չէ նաեւ պսակն ու Տրնդեզը նույն օրը կատարելը։ Տեր Կարապետը սա կապում է ժողովրդի սոցիալական ծանր վիճակի հետ. «Չունենալու արդյունք է, մի ձեռքով մի քանի ձմերուկ են բռնում։ Մարդիկ մտածում են, որ պսակն ու Տրնդեզը միանգամից կանեն ու կպրծնեն»։ Ինչ վերաբերում է Տրնդեզի կրակավառությունը հեթանոսական շրջանի հետ կապելուն, ապա տեր Կարապետի կարծիքով, դա գալիս է նախաքրիստոնեական շրջանից, ուր նվիրված է եղել հեթանոս աստվածներին։ Ըստ տեր Կարապետի. «Հեթանոսական հիշատակների մի մասը մոռացության տալու համար հայ եկեղեցու լուսավորիչ Սուրբ Գրիգորը քրիստոնեությունը պետականորեն ընդունվելուց հետո, տոնացույցը հաստատելով, որոշ տոներ միացրեց հեթանոսական հիշատակներին։ Բայց դրանց մի մասը այդպես էլ չի մոռացվել, մինչեւ հիմա ուղեկցում է մեզ եւ դեռ կուղեկցի, ինչպես Տրնդեզի կրակավառությունը»։ Տեր Կարապետը, իր այս մեկնաբանությանը զուգահեռ, նաեւ քրիստոնեական իմաստ տվեց կրակի նշանակությանը, ասելով, որ Քրիստոսի լույսն ենք տուն տանում. «Երբ կնքահայրը նորապսակներին դուրս է բերում եւ կրակի շուրջը երեք անգամ պտտեցնում, այդ երեքը սուրբ Երրորդության խորհուրդն ունի։ Ամեն դեպքում, մենք այդ կրակի մեջ մեր հեթանոս հայրերի պաշտամունքը չունենք։ Քրիստոնեացած հիշատակի արտահայտչաձեւն է հեթանոսական»։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ