ՀԱՅԵՐԸ ԶԱՐՄԱՑՆԵԼՈՒ ԲԱՆ ՉՈՒՆԵՆ Սկսած տոնավաճառում բեռնասայլակով ապրանք տեղափոխող բանվորից մինչեւ ամենաբարձր պաշտոնատերը, հետաքրքրվում են սեփական արժանիքները հնարավորինս ճոխ ներկայացնելու մրցման մեջ մտած ու միմյանց սեւացնող նախագահացուներով։ Իսկ այս օրերին աշխարհում նաեւ գեղեցիկ մրցություններ են տեղի ունենում, որոնց մասնակից ազգությամբ հայերը կամ հանդես են գալիս այլ պետության «դրոշի ներքո», կամ նման միջոցառումների ժամանակ հայկական ազգանուն ընդհանրապես չի հնչում։ Ընթերցողին արդեն տեղեկացրել ենք Լյուքսեմբուրգում կայացած հրուշակագործների մրցույթի մրցանակակիր, ազգությամբ հայ Նաիրա Սիրոյանի մասին, որը Ռուսաստանն էր ներկայացնում։ Օրերս էլ Լիոնում անց է կացվել խոհարարական արվեստի գծով հերթական մրցույթը, ուր իրենց մասնագիտական հմտություններն ու ազգային նրբահամ ճաշատեսակներն են ներկայացրել աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ։ Հայ բարձրակարգ խոհարարները այս մրցույթին եւս չեն մասնակցել։ Իսկ եթե ավելի անկեղծ լինենք, Հայաստանում նույնիսկ «խաբար» էլ չեն եղել։ Նման տպավորություն ստացանք նաեւ մայրաքաղաքի լավագույն ռեստորանների ճանաչված խոհարարների հետ զրուցելիս (ռեստորանների անունները հատուկ չենք նշում, քանի որ մեր խնդիրը դրանք գովազդելը չէ)։ Ի դեպ, հաջողվեց նաեւ պարզել, որ Հայաստանում չկա հայ խոհարարներին միացնող որեւէ կառույց, միություն, ասոցիացիա, որի շրջանակներում նրանք կկարողանային տեղեկանալ իրենց ոլորտի նորություններին։ Այս մտահոգությունը լսեցինք գրեթե բոլոր խոհարարներից։ Վերջիններս միաբերան պնդում էին, որ չունեն հնարավորություն ծանոթանալու միմյանց փորձին ու հմտություններին։ Ըստ խոհարարների, այսօր քիչ չեն իրենց գործի վարպետները, սակայն նրանք այս կամ այն ռեստորանի «սեփականությունն» են եւ նրանց աշակերտելու «դաբրոն» էլ պիտի տրվի տվյալ ռեստորանի կողմից։ Մայրաքաղաքի հեղինակավոր ռեստորանների շեֆ խոհարարներից շատերը նշեցին, որ լավագույն մասնագետների մեծ մասը դրսի հրավերներով բացակայում է Հայաստանից, իսկ առավել երիտասարդ սերունդը չունի նրանց փորձառությունն ու երեւակայությունը։ Ի դեպ, Հայաստանում կան նաեւ խոհարարներ պատրաստող ուսումնական կենտրոններ (դարձյալ անուններ չենք նշում), որոնց շրջանավարտները, սակայն, մասնագետների կարծիքով, առանձնապես չեն փայլում, եւ դրսում «ցուցադրվելու» դեպքում հաստատ նրանց նախնիներին չեն օրհնի։ Ռեստորաններից մեկի շեֆ խոհարար, մի քանի մրցույթների մասնակից Արմեն Փինաջյանը, իր մյուս կոլեգաների նման, ասաց, որ Լիոնում կայացած միջազգային մրցույթից տեղյակ չի եղել, թեեւ գիտե, որ նման մրցույթներում ռուսները հաճախ են մրցանակներ ստանում։ Նա եւս այն համոզումն ունի, որ վաղուց հասունացել է խոհարարներին համախմբող օղակի ստեղծումը (որը նախկինում գոյություն ուներ), որովհետեւ միայն գրականությամբ առաջնորդվելով լուրջ առաջընթացն անհնար է։ Արծրուն Աղաբաբյանն էլ կարծում է, որ Հայաստանում քիչ չեն իրենց գործում հմուտ մասնագետները, որոնց պատրաստած կադրերն այժմ աշխատում են աշխարհի տարբեր երկրներում. «Համլետ կա, օրինակ, Վաղինակ ու ուրիշ հայտնի անուններ, որոնց ողջ Հայաստանն է ճանաչում»։ Սակայն նա եւս տեղյակ չէր վերջին մրցույթից, թեեւ դեմ չէր լինի, հնարավորության դեպքում, հայկական խոհանոցի լավագույն նմուշները ներկայացնել արտասահմանում։ Սերգեյ Գրիգորյանը եւս պատրաստ է համապատասխան առաջարկ ստանալու դեպքում փորձել իր ուժերը միջազգային ասպարեզում։ Նա նաեւ վստահ է, որ Հայաստանում ապաշնորհ ձեւով են անցկացվում խոհարարական մրցույթները, քանի որ կազմակերպիչներն անհատ մարդիկ են, «միջոցառումներն էլ լուրջ բնույթ չեն կրում»։ Իսկ Սարգիս Կիրակոսյանը (դարձյալ շեֆ խոհարար) լրիվ անտարբեր է մրցույթների նկատմամբ ու դրանց մասնակցելու ցանկություն երբեւէ չի էլ ունեցել։ Հետաքրքիր է, որ փոխանակ ազգային խոհանոցի բացառիկ եւ ուշագրավ առանձնահատկությունները դրսում ներկայացնելու, մերոնք գերադասում են օտարինը այստեղ պրոպագանդել, ինչում եւս շնորհալի չեն։ Դրա փայլուն օրինակն է այն, որ ռեստորաններից մեկում ճապոնական հայտնի ճաշատեսակը հրամցնող կիսամերկ մատուցողուհիները համարյա «նստում» են տղամարդ հաճախորդների ծնկներին, որպեսզի սովորեցնեն, թե ինչպես պիտի ճաշակել այն։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ