Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրել, բայց ո՞ւմ

Փետրվար 13,2003 00:00

Ընտրել, բայց ո՞ւմ Եթե գումար չունես, ուրեմն չունես նաեւ հեռախոսից, հոսանքից եւ առաջին անհրաժեշտության ծառայություններից օգտվելու իրավունք։ Իրավունք չունես հիվանդանալու, քանզի դեղ ճարելն այնքան էլ հեշտ չի։ Փոխարենը, առանց գումարի «ազատ, արդար» ընտրելու իրավունք ունես։ Ո՞ւմ ընտրել։ Անձամբ ես շատ եմ աշխատել ընտրական հանձնաժողովում։ Օրգանի աշխատողը ներս է մտնում 3-րդ անգամ ընտրություն կատարելու։ Եվ ժպիտը դեմքին հայտարարում. «Ուզեմ՝ էլի կընտրեմ»։ Դե, օրենքից ի՞նչ կարելի է սովորել, ամենավատն այն է, որ չգիտես, թե ում պետք է դիմես, մյուս թեկնածուների՞ն, նախարարի՞ն, թե՞ պրն Քոչարյանին։ Մեկ տարի է չեմ աշխատում։ Հոգնել ենք Ձեր 5000 դրամական օգնությունից։ Ձեր մեկ թաշկինակն արժե 5000 դրամ։ Փորձեք կշեռքի մի նժարին դնել Ձեր մեկ թաշկինակը, իսկ մյուս նժարին մեր մեկ ամսվա պահանջները, մեզ հասցրած վիրավորանքներն ու արհամարհանքը, մեր վիշտը եւ զոհված ազատամարտիկների արյունը։ Նշեմ, որ արյան գինը (թոշակը) մի քիչ թանկ է՝ 6000 դրամ, այն էլ այն դեպքում, եթե երեխաները անչափահաս են։ Երբ նրանք դառնում են չափահաս, մոռացվում է եւ կորչում հողում ներծծված արյան հետ։ Եթե երեխան ուսանող է, անհրաժեշտության դեպքում պետք է ուսման վայրից փաստաթուղթ ներկայացնես ուսանող լինելու փաստը հաստատելու համար, իսկ թուղթը չես ստանում, որովհետեւ չես մուծել վարձը։ Անցյալ տարի ԵԿՄ-ից զանգեցին եւ հայտնեցին, որ 375000 դրամ էլեկտրաէներգիայի պարտք ունենք։ Շատ զարմացա, իսկ հետո իմացա, որ տնօրենը զոհված ազատամարտիկների ընտանիքներին այսպիսի թվեր է ներկայացրել՝ իր գործում մաքուր երեւալու համար։ 1992թ. Զանգակատուն գյուղի 1-ին ուղեկալը կոչվեց ամուսնուս՝ զոհված ազատամարտիկ Մարատ Խաչատրյանի անունով։ Ուղեկալի անկյան բացմանը ներկա էին շատ-շատ մարդիկ. ծառայող զինվորների ծնողներ, Վեդի քաղաքից գնացել էին մի քանի ավտոբուսներ։ Ներկա էին նաեւ Գ. Գրիգորյանը, Դ. Զադոյանը, Ա. Հերոյանը եւ շատերը։ Մեծ տոնակատարություն էր։ 1995թ. փոխվեց ուղեկալի պետ Հ. Աբրահամյանը եւ մի քանի ամիս հետո դուռս ծեծեցին, ինձ հանձնեցին ամուսնուս՝ Մարատ Խաչատրյանի շորերը, մեծ լուսանկարը եւ մնացած բոլոր իրերը։ Շատ վատ վիճակի մեջ ընկա։ Ասացին՝ ուղեկալի պետը փոխվել է եւ նա հրամայել է քանդել անկյունը, թե՝ ես էլ շատ զոհված ընկերներ ունեմ։ Շա՞տ դժվար էր պահել անկյունը, չէ՞ որ նա իր արյամբ հայրենիքն էր պահել։ Ո՞ւմ հավատալ կամ ինչպե՞ս հավատալ, եթե կարող են մեծ արարողությամբ անվանակոչել, նրա հիշատակին նվիրված անկյուն ստեղծել, իսկ հետո շատ հեշտությամբ քանդել։ Չէ՞ որ հարյուրավոր զինվորներ են երդվել այդ անկյան առաջ։ Մի երկու ամիս առաջ մի երիտասարդ դուռս ծեծեց եւ խնդրեց մի քանի րոպե զրուցել։ Ընտրության վերաբերյալ կարծիքս էր հարցնում։ Ավելի լավ կլիներ, որ դրա փոխարեն դուռս ծեծողը հայտներ, որ իրեն սոցապ նախարարությունից են ուղարկել, հաշվառել են, թե քանի զոհվածների ընտանիքներ կան չաշխատող եւ չնայած գումարը չնչին է, բայց մեզ՝ զոհված ազատամարտիկների ընտանիքին են հատկացրել 25- 30000 դրամ։ Չեմ կորցնում հույսս, ես սպասում եմ, չէ՞ որ այն մեռնում է վերջում։ ՇՈՒՇԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ Զոհված ազատամարտիկի այրի Ք. Վեդի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել