Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենք չկա, որ երեխան հոր հետ գիշերի

Փետրվար 13,2003 00:00

Օրենք չկա, որ երեխան հոր հետ գիշերի Ամուր ընտանիքը պետության հիմքն է, փոքրիկ հասարակություն, որի ամբողջականությունից է կախված հասարակության անվտանգությունը։ Իսկ ո՞վ է հասարակության պաշտպանը, ո՞ւմ եւ ինչի՞ն է հետեւելու հասարակությունը. բարոյականությա՞նը, զգացմունքի՞ն, կրքերի՞ն, օրենքի՞ն: Վայ այն պետությանը, որտեղ կառավարում են ոչ թե օրենքը, այլ օրենքի անունից գործող դատավորն ու «կատարածուները»՝ հարկադիր կատարողները։ Իրավ, ընտանիքը երեխայի նախակրթարանն է, դաստիարակության օջախը։ Երեխաների ապագան մայրերի ձեռքում է. «Տվեք լավագույն մայրեր եւ մենք կլինենք լավագույն մարդիկ» (Ժան Սից)։ Ցավոք, ի՞նչ անի այն երեխան, որի մայրն ի՛նքը դեռ դասեր ունի առնելու։ Նա, որ իր զավակի երջանկությունը ստորադասում է սեփական ցանկություններին եւ ձգտում է նյութական ապահովվածության։ Այս մղումները բերում են սեփական անձի բարոյական անկմանը, ավելին՝ խաթարում մանկան նախակրթարանի հիմքերը, եւ ընտանիքը հեշտությամբ լուծարվում է։ Սա էլ չի գոհացնում մոր անհագ ցանկությունները։ Երեխաները դառնում են շահարկման առարկա՝ որքան կարելի է ավելի գումար կորզելու համար, չմոռանալով հորը ստորացնելու ճանապարհները։ Չգիտես՝ դեռ մինչեւ ուր պիտի տանեն դրանք… Հակառակը՝ որդեսեր հայրը, տանելով կնոջ լուտանքները, արհամարհելով ստորացումները, հանուն երեխաների երջանիկ մանկության պատրաստ է կրել բախտի հարվածները։ Նա գիտե, որ մանկությանը պետք է ցույց տալ մեծագույն հարգանք։ Ինչը, եթե ոչ օրենքը պետք է սանձի կամակոր կնոջ ցանկությունները։ Իրավիճակը ծանրանում է նրանով, որ օրենքի պաշտպանը անաչառ դատավորից վերածվում է մոր ձեռքում գործող լծակ՝ իր նպատակներին հասնելու համար։ Օրենքի «արդարացի» վճռով 3 մանկահասակ երեխաները հանձնվեցին մոր խնամքին։ Վերջինս, հակառակ ՀՀ ամուսնության եւ ընտանեկան օրենսգրքի 65 հոդվածի, խոչընդոտ է հանդիսանում հոր մասնակցությանը երեխաների դաստիարակության գործին (այն ծնողը, որի մոտ ապրում է երեխան, իրավունք չունի մյուս ծնողին խոչընդոտ հանդիսանալ շփվելու երեխայի հետ եւ մասնակցելու նրա դաստիարակությանը)։ Անչափահասների «պաշտպան» խնամակալության եւ հոգաբարձության մարմինները նույնպես անտեղյակ են հոդվածին եւ օժանդակում են մորը (խնամակալության եւ հոգաբարձության մարմինները իրավունք ունեն անջատ ապրող ծնողին որոշակի ժամանակով զրկելու երեխայի հետ շփվելու իրավունքից, եթե այդ շփումը խանգարում է երեխայի նորմալ դաստիարակությանը եւ նրա վրա վնասակար ազդեցություն է թողնում)։ Մայրական «ճիշտ» դաստիարակությունը ամենօրյա ահաբեկման մեջ է պահում երեխաներին, որը նրանց մեջ սնուցում է միայն ստորություն, երկերեսանիություն, երկչոտություն։ Հաճախակի կշտամբանքները, նախատինքները վշտացնում են մանուկներին եւ նրանք սկսում են միայնակ զգալ իրենց։ Մինչդեռ մանկական տարիքում անհրաժեշտ է երեխային դնել այնպիսի պայմանների մեջ, որ նա խաղա, ծիծաղի, իր ուրախություններն ու դառնությունները բաժանի ընկերների հետ։ Պետք է ապրեն գեղեցիկի, հեքիաթի, երաժշտության, նկարների, ստեղծագործ աշխարհում։ Ավա՜ղ, երեխաների հեքիաթը վաղ է բախվել դառն իրականությանը։ Ահա 3 երեխաների կործանվող մանկությունը ժամ առաջ փրկելու համար գնացի Արաբկիրի թաղապետարան, բախելով հոգաբարձուների, հոգեբանների, իրավաբանի դռները օրենքը պաշտպանելու, սեփական իրավունքները վերականգնելու համար, սակայն ոչ միայն նպատակին չհասա, մինչեւ անգամ ցույց տվեցին թաղապետարանի դռները։ Ոչինչ չէր մնում, քան վերջին հույսով հայրական իրավունքների պաշտպանության դատը հանձնել ազատ մամուլին։ Ի՞նչ էր իրականում կատարվել։ 3 երեխաների հայրս, ԴԱՀԿ-ի միջոցով տեսակցում էի երեխաներին շաբաթական 2 անգամ։ Կարճ ժամերի ընթացքում զբաղվում զավակների ե՛ւ գեղագիտական, ե՛ւ բարոյական դաստիարակությամբ։ Միասին գնում էինք ջրաշխարհ, կենդանաբանական այգի, կրկես, հագցնում էի նորովի, խաղալիքներ գնում, ամռան ընթացքում նաեւ քաղաքից դուրս տանում (Սեւան, Էջմիածին եւ այլուր)։ Բայց երեխաների ուրախ տրամադրությունը վայրկենապես փոխվում էր մռայլ տրամադրության, քանի որ մայրը՝ Ա. Եղյանը ծեծում էր եւ սպառնում, եթե հաջորդ անգամ համարձակվեն հոր հետ որեւէ տեղ գնալ։ Ուսումնական տարում 2 զավակներս հաճախեցին դպրոց։ Հասկացա, որ ավելի լավ է դասի օրերին չվրդովել երեխաների անդորրը՝ տեսակցությամբ։ Ուստի դիմեցի Արաբկիրի թաղապետարան՝ վերանայելու տեսակցության ժամերն ու օրերը։ Բազմաթիվ դիմումները անպատասխան մնացին։ Իսկ երբ դեկտեմբերի 19-ին մայրը դիմում ներկայացրեց, անմիջապես գործը վերանայվեց։ Բայց՝ ի վնաս ինձ. կանխամտածված տեսակցության ժամերը 16-ից դարձան 8 ժամ՝ ուրբաթ եւ կիրակի օրերին։ Հաշվի չառնելով, որ կիրակի օրերին ԴԱՀԿ ծառայողները հանգստի մեջ են եւ առանց նրանց հնարավոր չէ տեսակցությունը։ Խնդրանքիս, որ զավակներս ձմռան արձակուրդներին մնան հայրական հարկի տակ, Արաբկիրի թաղապետարանի իրավաբան պրն Սանոյանը, Խնամակալության եւ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Դ. Գյուլումյանը քմծիծաղով պատասխանեցին. «Այդպիսի օրենք չկա, որ երեխան հոր հետ գիշերի»։ Իմ բոլոր խնդրանքները արհամարհվեցին։ Խնդրեցի տալ որոշումը, բայց 1 ամիս է անցել, դեռ որոշումը չեն տվել, իհարկե, քաջատեղյակ լինելով դրա անարդարությանը, քանի որ 15 օրում հայրը իրավունք ուներ բողոքարկելու։ Խոստացան մինչեւ հունվարի 20-ը փոխել որոշումը, բայց մինչեւ օրս «ձայն բարբառո անապատի»։ Ի՞նչ են անում անչափահասների իրավունքների պաշտպանությանը կոչված մարմինները, ինչո՞ւ են տեղ զբաղեցնում, եթե պետք է սառն անտարբերությամբ նայեն սերունդների ճակատագրին։ Խնամակալության եւ հոգաբարձուների խորհուրդը 2 տարվա ընթացքում, հակառակ իմ բազմաթիվ խնդրանքներին, ոչ մի անգամ չի եղել երեխաների մայրական տանը, չի հետաքրքրվել նրանց վիճակով, չի ուսումնասիրել այն պայմանները, որոնցում հասակ են առնում նրանք, չի զանգել անգամ դպրոց՝ նրանց մասին որեւէ բան իմանալու համար։ Միգուցե հոգեբաննե՞րը կարողանան հարթել այս հարցերը… Թաղապետարանի հոգեբան Արմինե Գրիգորյանը ԴԱՀԿ-ի ծառայողի հետ ներկա գտնվեց վերջին հանդիպմանը։ Երեխաները անվայել խոսքերով եւ արարքով դուրս վռնդեցին ինձ տնից. «Թող գնա ստեղից, դու ո՞վ ես»։ Մոր կողմից ոչ մի դիտողություն չարվեց։ Նիստի ժամանակ Արմինեն ոչ մի խոսք չասաց հօգուտ ինձ։ Այսպես լուծվեց Արաբկիրի թաղապետարանում հայրական իրավունքների վերականգնման հարցը։ ՎԱՐԴԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել