Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱԽՆ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ Է ԾՆՈՒՄ

Փետրվար 13,2003 00:00

ՎԱԽՆ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ Է ԾՆՈՒՄ Մի քանի ամիս առաջ տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ապացուցեցին, թե որքան քաղաքականացված է մեր հասարակությունը՝ մեծից փոքր: Անգամ մեզ համար ամենաճակատագրական տարիներին՝ մթի ու ցրտի մեջ, նախագահի թեկնածուների համար այդքան ճակատագրական չէին ընտրությունները, որքան հիմա, երբ տնտեսության մեջ նույնիսկ առաջընթաց կա: Եվ նախորդ՝ ՏԻՄ ընտրություններից սկսած, իշխանությունները հասկացան, որ ճնշումները՝ այս կամ այն թեկնածուի օգտին, պետք է իրականացնել միջին օղակներին գործի դնելով՝ վախի անմիջական ուղեկցությամբ, վերջիններս էլ՝ իրենց ստորադասներին: Օրինազանցության մասին, թե պետական ծառայողները լծվել են այս գործին, արդեն բազմիցս խոսվել է: Բայց որ ահաբեկչության զոհ են դառնում նաեւ երեխաները, որ դեռեւս շատ հեռու են ընտրելու իրավունքից, նույնիսկ «հանուն»-ի գաղափարից են հեռու, սարսափելի է այնքանով, որ ձեւավորվում է անսկզբունք, անգաղափար «կռոլիկների» մի սերունդ: Շրջաններում քարոզարշավի ժամանակ նույնիսկ երեխաները հարցնում էին՝ «ճի՞շտ է, որ քվեախցիկներում տեսախցիկներ են դրված, որոնք նկարահանում են, թե ով ում օգտին է քվեարկում, հետո գյուղապետերը նայում են ու պատժում նրանց, ովքեր Քոչարյանին չեն ընտրել»… Ցածր դասարանի երեխաները ներգրավվում են այս թոհուբոհի մեջ, բնականաբար, միայն «հանուն» Ռ. Քոչարյանի: Նրանք, փոքրիկ դրոշակները թափահարելով, տրորվում են հարկադիր ամբոխի մեջ, միայն թե դպրոց չգնան։ Մի տասը տարի առաջ երազ կթվար, որ համատարած բացակայությունը դասերից՝ լինի հենց ուսուցիչների հրամանով ու պարտադրանքով: Եվ այս ուսուցիչները դաստիարակում են այսօրվա սերունդը: Ասենք՝ ջանքեր թափելու հարկ էլ չկա. երեխան ինքն ամեն ինչ տեսնում ու ընկալում է. քծնանք, վախ, կեղծավորություն, երեսպաշտություն, երեխան ակամա մասնակցում է օրինազանցությանը. հիշենք նախագահի թեկնածու Ռ. Քոչարյանի քարոզարշավը Էրեբունու թանգարանի շրջակայքում (հոդված 20, 9-րդ կետ. «արգելվում է պատմամշակութային շինությունները եւ դրանց հարող տարածքները քարոզչության նպատակներով տրամադրելը»): Իսկ ուսուցիչներից շատերը չեն էլ հասցրել այդ նույն երեխաներին այդ նույն թանգարանը բերել՝ բուն նպատակով: Եթե հանկարծ չընտրվի ուսուցիչների ու տնօրենների երազած նախագահը, գուցե ոչ տնօրենը դրանից տուժի, ոչ էլ, առավելեւս, ուսուցիչը, որովհետեւ ցանկացած այլ թեկնածու գիտի, որ այդ մարդիկ պարտադրված են այդ քայլին գնում եւ գրեթե համոզված է, որ նրանք, միեւնույն է, Քոչարյանին չեն ընտրելու: Քանզի մարդկային հոգեբանության մեջ մի պարզ աքսիոմա կա. վախն ատելություն է ծնում: Կտուժեն բացառապես ամենավերին օղակները, որոնց թողտվությամբ է այս ամենը կատարվում: Մի քանի օր շարունակ ԿԳ նախարարությունից հնարավոր չէ պաշտոնական տեղեկություն ստանալ, թե արդյո՞ք դպրոցներում վերոնշյալ դեպքերը կանխելու փորձեր արվում են: 8230Թրպ ցՔսՌ վՈ ՒՐՏվՑ. Մնում է բավարարվել վերջերս փոխնախարար Արա Ավետիսյանի մխիթարանքով, թե «ԶԼՄ-ներում նման հրապարակումները կկանխեն այդ դեպքերը»: Բայց մեր հրապարակումների քանակն ու Քոչարյանի հանդեպ պաշտոնյաների սերը անհամեմատելի են: Ինչպես ամեն տեղ, այստեղ էլ հաղթում է զգացմունքը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել