Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾՆԵՐԻՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԵԼ ԵՆ

Փետրվար 13,2003 00:00

ՉԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾՆԵՐԻՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԵԼ ԵՆ Նրանք քվեարկելու են «բոլորին դեմ» «Քոչարյանը ներկայացրել է Հայաստանի զարգացման առաջիկա 5 տարիների իր ծրագիրը: Այնտեղ խոսել «Հոկտեմբերի 27»-ի մասին, անհասկանալի է: Դա վերհուշ չի»,- հայտարարեց Ռ. Քոչարյանի նախընտրական քարոզչության պատասխանատու Վահագն Մկրտչյանը՝ ի պատասխան այն հարցին, թե ինչու Քոչարյանի ծրագրում որեւէ անդրադարձ չկա «Հոկտեմբերի 27»-ին եւ առհասարակ ահաբեկչություններին: Փոխարենը, ըստ Վ. Մկրտչյանի, իրենք քարոզչության ընթացքում շեշտադրել են այն, որ իրենց թեկնածուն «լիարժեք կարողացել է աշխատել 2,5-3 տարի՝ նկատի ունենալով «27»-ը, որը խոչընդոտեց նախագահին»: Իսկ 1998-99թթ. Հայաստանը «քաղաքական ճգնաժամում» էր եւ, ինչպես նշեց Վ. Մկրտչյանը, այդ տարիներին անհնար էր ապահովել տնտեսական վերելք: «Այդ ժամանակ երկիրը պետք էր հանել այդ վիճակից»,- ասում էր նա: Իսկ Քոչարյանի ծրագիրը, Վ. Մկրտչյանի համոզմամբ, «կարելի է մի քանի էջերով բացել», բայց դա կստացվեր մի այնպիսի հաստափոր աշխատություն, ինչից ոչ ոք չէր կարողանա օգտվել: «Մանրացնել, թե ինչ նկատի ունի այսինչն ասելով, անհրաժեշտ չէր»,- գտնում է Վ. Մկրտչյանը: Անդրադառնալով Ակադեմիայում Ռ. Քոչարյանի հանձնարարությանը, թե հարկավոր է ավելի շատ աշխատել հասարակության չկողմնորոշված հատվածի վրա, որն, ըստ Քոչարյանի, բավական մեծ թիվ է կազմում, քարոզչության պատասխանատուից հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ իրենց հաջողվեց իրականացնել այն, եւ արդյոք բավարարե՞լ են իրենց թեկնածուի ակնկալիքները: «Թեկնածուն ինքը, կարծում եմ, կգնահատի: Մեր կարծիքով, այո՛, սպասելի տենդենցն առկա է: Այն ժամանակ ու այսօր չկողմնորոշվածների թվերում, տեսնում ենք՝ նվազում կա: Դա, կարծում են, համամասնորեն է բաշխվել բոլոր թեկնածուների միջեւ՝ Քոչարյան, Գեղամյան եւ Դեմիրճյան»,-ասաց նա: Այն դիտարկմանն ի պատասխան, թե ժողովուրդը պետք է ավելի չկողմնորոշված լինի իրեն անծանոթ թեկնածուների հարցում, եւ ոչ թե 5 տարի պաշտոնավարած նախագահի, որի գործունեության ականատեսն է եղել, Վ. Մկրտչյանն ասաց. «Մինչեւ քարոզչություն սկսելը շատ լուրջ խումբ էր աշխատում: Սա միայն ձեւն է: Բովանդակային աշխատանքը շատ ավելի վաղուց էր սկսված: Ըստ մասնագետների, չկողմնորոշված մասսան հասարակության դժգոհ մասն է: Ավելի քիչ էր Քոչարյանին դեմը, քան՝ չկողմնորոշվածները: Այսինքն՝ մարդիկ դժգոհ են իրականությունից, սակայն նրանք այլընտրանք չեն տեսնում եւ միաժամանակ չեն ասում, որ իրենք կողմ են Քոչարյանին: Ահա այս դաշտն էր, որ քարոզչության ընթացքում բաժանվեց հիմնական թեկնածուների միջեւ: Քոչարյան ղեկավարից դժգոհները շատ քիչ էին, բայց կար չկողմնորոշվածների բազա, որոնք գոհ չէին նրանից»,- ասաց նա՝ ավելացնելով, որ քարոզչության ընթացքում այդ չկողմնորոշվածների մեծ մասը կողմնորոշվելով դարձավ «բոլորին դեմ»: «Արդյոք դա՞ էր Քոչարյանի պահանջը» հարցին Վ. Մկրտչյանը պատասխանեց. «Քաղաքացին, որը չունի քաղաքական կեցվածք, նրա ձայնը չպետք է ազդի ժողովրդի մեծամասնության ձայնի վրա: Եթե որեւէ մեկը «բոլորին դեմ» է քվեարկում, նրա ձայնը չի հաշվարկվում եւ չի ազդում ընտրությունների արդյունքների վրա: Քվորումի խնդիր չունենք. ընտրություններին չմասնակցելը չի կարող բերել նրան, որ մենք երկրի նախագահ չունենանք»,- հայտարարեց Քոչարյանի քարոզչության պատասխանատուն: Քարոզարշավների ընթացքում, ինչպես նշեց Վ. Մկրտչյանը, իրենց համար բավարար էր իմանալ թեկուզ այն, որ իրենց թեկնածուն «վայելում է ժողովրդի աջակցությունը»: Հարցին, թե Քոչարյանի իրական աջակիցների հստակ քանակը ճշգրտելուն արդյոք չի՞ խանգարում այն, որ նրա հանդիպումների ժամանակ պաշտոնատար անձանց կողմից բռնի հրապարակ են հանվում մի շարք ոչ Քոչարյանին կողմնակից քաղաքացիներ, Վ. Մկրտչյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ մենք այնքան պետք է կարողանայինք վերահսկել, որ տեղերում յուրաքանչյուր շտաբ կարողանար իդեալական աշխատել: Պարզ է, որ ՀՀ նախագահ Քոչարյանը հանրապետության որ բնակավայր էլ գնա-կանգնի, ամենաշատ թվով մարդիկ են հավաքվելու միայն նրա համար, որ կարողանան լսել՝ ինչ է ասում այդ մարդը: Չէ՞ որ կենդանի հանդիպումներ նախագահի հետ հաճախ չեն լինում: Մենք ունենք կողմնակից կուսակցություններ, որոնք միայն իրենց կուսակիցներին բերելով, արդեն ահռելի թիվ է լինում»,- ասաց նա: Իսկ ինչ վերաբերում է ընդդիմադիր թեկնածուների կողմից արձանագրված խախտումներին, որոնք վերագրվում են Քոչարյանին, ապա Վ. Մկրտչյանը նկատեց. «Չեմ ուզում մանրամասնել ու ասել, որ նախագահի շտաբներն էլ են գրոհվել: Նրանք, ովքեր մեղադրում են, թե իրենց համար ապահովված չեն հավասար պայմաններ, բարձրախոսը գողացել են եւ այլն, լավ կլիներ, որ պահպանեին օրենքի պահանջը: Ասում են՝ գողացել են բարձրախոսը, ես էլ ասում եմ՝ իրենք դիտավորյալ են գողացել, որ հետո ասեն՝ գողացել են: Ի՞նչ անհեթեթություն է: Բարձախոս չկա, 1 ժամ հետո կլինի: Բոլորը կարողացել են ազատ հանդիպումներ ունենալ, եւ բերաններից եկածն ասել են. որեւէ մեկը չի խոչընդոտել նրանց քարոզչության ընթացքը»: Անդրադառնալով արտաշատյան դեպքերին, Վահագն Մկրտչյանը՝ մեջբերելով Վազգեն Մանուկյանի խոսքերը, թե հրահրողները «ծակված» մարդիկ էին, ասաց. «Ուրեմն, ծակված մարդու հետ չպետք է բանավիճել ու հանել կրակել»: Իսկ հարցին թե ինչո՞ւ Քոչարյանի հետ նման բաներ չեն կատարվում՝ Վ. Մկրտչյանը պատասխանեց. «Բա՞, որ ասում եմ մեր շտաբը ոտնատակ են տալիս: Երկու դեպք է եղել՝ մատի փաթաթան են արել ու դրանով ուզում են ասել, որ ամեն ինչ վատ է»: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել