Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՐՏԱՇԵՍ ՊԱՊԻԿ, ՄԵՆՔ ՔԵԶ ՀԵՏ ԵՆՔ»

Փետրվար 13,2003 00:00

«ԱՐՏԱՇԵՍ ՊԱՊԻԿ, ՄԵՆՔ ՔԵԶ ՀԵՏ ԵՆՔ» ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի՝ Վանաձորի «Արցախ» պուրակում փետրվարի 12-ին կայացած բազմամարդ հանրահավաքի մասնակիցները հավաքվել էին դեռ կես ժամ առաջ։ Բազմության մի հատվածում թեւածում էր «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունը ձեզ հետ է, Գեղամյան» կարգախոսը, մյուս ծայրում մի խումբ փոքրիկներ գլխից վերեւ պահում էին «Արտաշես պապիկ, մենք քեզ հետ ենք» ցուցապաստառը։ «Ո՞ւր են ձեր մարզպետն ու քաղաքապետը, բա ըսե՞նց են ընդունում հյուրերին»,- հարցրեց Մ. Գասպարյանը, որ մինչ այդ տեղեկացրեց, որ ինքը սիրով ընկերություն է անում լոռեցի պատգամավորների հետ։ Երբ բեմ ելավ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, կոմունիստները կատակեցին, թե «Հայրիկյանն էլ դառավ կոմունիստ», իսկ մի ԱԻՄ-ական կին դժգոհ փնթփնթաց, թե «Ամբողջ կյանքում Հայրիկյանն ուրիշներին է տեղը զիջում, ամենաարժանի թեկնածուն ինքն է, 1996-ին էլ Մանուկյանին էր զիջում, ինչի՞ համար»։ Այս առթիվ կոմունիստի ու ԱԻՄ-ականի միջեւ այնպիսի բուռն վեճ սկսվեց, որ կողքից սաստեցին։ «Մենք ունենք նախագահ, որը քաղաքական կողմնորոշում չունի»,- այս ամենից անտեղյակ՝ ելույթում նշեց Պ. Հայրիկյանը եւ հիշեցրեց, որ Քոչարյանը չի կատարել իր խոստումները՝ սահմանադրական բարեփոխումների մասով։ Երբ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը կոչ արեց ընտրել խղճով եւ արժանապատվությամբ, մի քանիսը ձայն տվին. «Արխայի՜ն…»։ Ի թիվս այլոց, բուռն ելույթ ունեցավ «Ազգային միաբանության» Լոռվա ներկայացուցիչ Սպարտակ Եսայանը։ Նա խոսեց երկրում տիրող վախի մթնոլորտի մասին եւ համոզված հայտարարեց, որ այդտեղ ոչ մի ուսուցիչ հաստատ չի լինի, այնքան որ վախեցած են։ «Կանք, էստեղ ենք, փախել ենք»,- կամացուկ հայտնեցին իմ կողքին կանգնած երկու ուսուցչուհիներ, որոնք խոստովանեցին, թե խուսափում են ղեկավարության կողմից տեսնվելուց։ «Վանաձորը վեր է ածվել ստոլիկների քաղաքի, ժողովուրդը խավարի մեջ է, որքա՞ն կարող է սա շարունակվել»,- հռետորական հարցադրում արեց Ս. Եսայանը։ Ինչպես միշտ, Ա. Գեղամյանի ելույթը հուզական էր եւ ազդում էր սոցիալապես ճնշված խավերին։ «Թողեք էս ժողովրդի դեմքին նայեմ, էլի»,- մի քանի անգամ կրկնեց Գեղամյանը։ Երբ նա մոտ կես ժամ խոսեց հայրենի երկրի տնտեսության ծանր վիճակի («Շան մսի գնով օտարեցին բաշխիչ ցանցերը»), ժողովրդի բազում հոգսերի ու կարիքների մասին, լսելի էին կարծիքներ. «Դե ճիշտ ա ասում, էլի», «Մալադեց», եւ այլն։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել