Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չեմ ուզում, բայց ուզում եմ

Փետրվար 13,2003 00:00

Չեմ ուզում, բայց ուզում եմ «Եթե այսօր ինձ առաջարկեն նախագահի աթոռը, բայց պարտադրեն, որ առաջնորդվեմ գործող սահմանադրությամբ՝ ես կհրաժարվեմ»,- Մասիսում իր հետ հանդիպման եկածներին հայտարարեց նախագահի թեկնածու Ռուբեն Ավագյանը։ «Միավորված հայեր» կուսակցության առաջադրած թեկնածուի նախընտրական հանդիպումները, որպես կանոն, բազմամարդ չեն, աղուհաց չի մատուցվում, կով ու ոչխար չի մորթվում։ Ռուբեն Ավագյանը դրանից չի նեղվում. «Ամոթ է, ես կարող եմ այնպես անել, որ ավելի շքեղ դիմավորեն, բայց ո՞ւմ եմ խաբում, ինքս ի՞նձ։ Հետո էլ, ես թույլ կտա՞մ ինձ՝ 60 տարեկան մարդուս ու գիտնականիս, ուսերին դնեն-տանեն»։ Իրեն «3-րդ ուժեր» հայտարարած կուսակցության թեկնածուն չի ընդունում «ընտրություններում հաղթել» արտահայտությունը, որովհետեւ «ես հաղթելու ցանկություն չունեմ, ես ուզում եմ ժողովուրդը ձայնը տա այն նախագահին, որը սահմանադրության երաշխավորը կլինի»։ Հաղթելու ցանկություն չունեցող «նախագահացուն», սակայն, հավատում է, որ կդառնա նախագահ, «թե չէ ես այստեղ կանգնած չէի լինի»։ Մասիսցիներին հետաքրքրում էր, թե ինչպե՞ս է օրենքի գերակայության ջատագով թեկնածուն վերաբերվում Ռ. Քոչարյանին. «Ինչպես անձ՝ հարգանքով, ինչպես երկրի նախագահ՝ նա մեզ չի բավարարում, որովհետեւ երկրի զարգացման տեմպերը դանդաղ են ընթանում, կադրային քաղաքականության հիմքում չի դրված բարձր պրոֆեսիոնալիզմը, դատաիրավական համակարգը կոռումպացված է, տնտեսության մեջ գերիշխում է ստվերայինը, երկրում չի գործում սահմանադրությունը»։ Հավաքվածներին հետաքրքրում էին այլ հարցեր նույնպես, ասենք՝ «Ճի՞շտ է, որ Նաիրի Հունանյանը կախվել է», ինչի մասին թեկնածուն պաշտոնական տեղեկություն չուներ։ Մեկ այլ հարցով ուզում էին ճշտել, թե «Ռ. Ավագյանը նախագահ որ դառնա, Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիությունը ո՞ր թվից կճանաչի»։ Ռ. Ավագյանն, իհարկե, շատ է հարգում Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց ավելի շատ հարգում եւ ընդունում է սահմանադրությունը, ուստի կճանաչի նրա քաղաքացիությունն այն թվից, որ թվին ստացել է անձնագիրը։ Այլ բան է, որ իր ջանքերով պիտի հասնենք երկքաղաքացիության ընդունմանը, «որ դրսում գտնվող 7 մլն հայից ամեն մեկն էլ զգա, որ Հայաստանն իր հայրենիքն է ոչ թե դե յուրե, այլ՝ դե ֆակտո»։ Հանդիպումից հետո փորձեցինք հավաքվածների հետ կիսել ստացած տպավորությունները, ստացվեց մի արտահայտությամբ՝ «նրա մասին ոչինչ չգիտեինք, բայց երեւում է մաքուր մարդ է, ուզում է, որ բոլորը օրենքով շարժվեն»։ Հանդիպման եկածների մեջ կային մարդիկ, որ նյութական օգնության խնդրանքով ու նպատակով էին եկել, իհարկե՝ զուր, բայց ասացին՝ «թող գոնե վերեւներում իմանան՝ ոնց ենք ապրում»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել