Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՈՎ Է ԱՆՑՆԵԼՈՒ»

Փետրվար 13,2003 00:00

«ՈՎ Է ԱՆՑՆԵԼՈՒ» Նախագահի հիմնական թեկնածուների համառոտ բնութագիրը Փետրվարի 19-ին կայանալիք ընտրություններում իրական թեկնածուները 5-ն են, ոչ թե 9-ը: Անդրադառնանք նրանց հերթականությամբ: Ռոբերտ Քոչարյանի օրոք տեղի ունեցած հանցագործությունների, անարդարությունների, նրա թույլ տված կոպիտ սխալների մասին մենք բազմիցս գրել ենք եւ, հավանաբար, դեռ 5 տարի հնարավորություն կունենանք անդրադառնալու: Մյուս կողմից, եթե ինչ-որ հրաշքով պրն Քոչարյանը նախագահ չհռչակվի, խոստանում ենք առաջիկա տարիներին խոսել միայն նրա արժանիքների մասին, որոնք, անշուշտ, գոյություն ունեն: «Նախորդ հանցավոր ռեժիմ» պիտակը եւ ընկածին խփելը թույլի գործ է: Ներկայիս նախագահի ամենամեծ անհաջողությունը, իմ կարծիքով, այն է, որ նա չի կարողացել լուծել Ղարաբաղյան հիմնահարցը: Ի դեպ, այդ խնդրի մասին ընտրարշավում ընդհանրապես չի խոսվում: Եվ դա պատահական չէ. 9 թեկնածուների միջեւ այս հարցում որեւէ հակասություն չկա՝ նախագահացուները լավագույն դեպքում սահմանափակվում են պոպուլիստական կարգախոսներով: Բայց նախագահը հենց դրանով էլ տարբերվում է մնացած քաղաքական գործիչներից, որ պատասխանատվություն է կրում իր գործի կամ /ինչպես տվյալ դեպքում/ անգործության համար: Գործընկերներից մեկը իրավացիորեն նկատել է, որ այս արտաքին մարտահրավերին դիմակայելու համար անհրաժեշտ է, որ փետրվարի 19-ին ընտրված գործիչը հաղթի մյուս թեկնածուներին ազնիվ պայքարում, մեկ փուլով եւ մեծ առավելությամբ: Բայց ի՞նչ անենք, եթե մենք չունենք այդպիսի թեկնածու: ԿԸՀ-ն, ըստ երեւույթին, կնկարի Ռոբերտ Քոչարյանի համար 50-ից ավելի տոկոս ձայն, եւ ամեն ինչ իսկապես կվերջանա մեկ փուլով: Սակայն ո՞ւմ ենք դրանով խաբելու՝ մեր քաղաքացիների՞ն, դիտորդների՞ն, համաշխարհային հանրությա՞նը: Բոլորը, այդ թվում նաեւ՝ Ռոբերտ Քոչարյանը, իմանալու են, որ այդ թվերը նկարած են /նույնիսկ եթե մամուլը, ընդդիմությունը եւ դիտորդները լռեն դրա մասին/, եւ այդ հանգամանքը էապես կաշկանդելու է մեր իշխանության գործունեությունը թե՛ երկրի ներսում, թե՛, առավել եւս, միջազգային ասպարեզում: Ստեփան Դեմիրճյանին սիրում են, որովհետեւ նա չի հասցրել որեւէ վատ գործ անել մեր երկրում: Ճիշտ է, նա առանձնապես լավ բան էլ չի արել: Սովորաբար այդպես էլ լինում է՝ հանրահայտ ճշմարտություն է. չի սխալվում նա, ով ոչինչ չի անում: Պրն Դեմիրճյանին հաջողվել է ոչինչ չանել եւ այդ իմաստով մաքուր մնալ: Թե ինչ է գրվելու այդ tabula rasa-ի վրա՝ ոչ ոք չգիտի, թեկնածուն էլ չի ասում: Ենթադրում եմ, որ նա էլ չգիտի: Բայց ժողովրդին, որը Ստեփան Դեմիրճյանին սիրում է, ոչ մի ծրագիր, ոչ մի գաղափար պետք էլ չի: Ժողովրդական սերը իռացիոնալ է՝ Կարեն Դեմիրճյանի որդին է, բոյով, համակրելի երիտասարդ է, հումորը տեղն է: Էլ ի՞նչ է պետք՝ հրճվանքից գոռալու համար: Իր բոլոր բարեմասնություններով հանդերձ, պրն Դեմիրճյանը քաղաքական մարտիկ չէ: Եթե նա հաղթի նախագահական ընտրություններում, իսկ նախագահ հռչակեն Ռոբերտ Քոչարյանին, նա սուսուփուս կուլ կտա այդ ապօրինությունը եւ բացարձակապես չի ընդվզի: Իսկ դրանից հետո եթե նրան պաշտոն առաջարկեն, նա, կարծում եմ, չի դիմանա գայթակղությանը եւ կհամաձայնի: Արտաշես Գեղամյանի նկատմամբ լրատվամիջոցները չեն կարող կատարելապես օբյեկտիվ լինել, որովհետեւ նախագահի այս թեկնածուն եւ նրա շրջապատը ընտրել են մեզ հետ շփվելու ագրեսիվ, կռվազան ոճը: Այս ընթացքում ոչ մի թեկնածու /այդ թվում նաեւ՝ գործող նախագահը/ չի փորձել ԶԼՄ-ներին կշտամբել ընտրարշավը լուսաբանող նյութերի համար կամ թելադրել, թե ինչպես մենք պետք է դա անենք: Ոչ ոք դա չէր անում, բացի Գեղամյանի շտաբից: Թվում է, թե մանրուք է, եւ նախագահ ընտրելու համազգային խնդրում ես սեւեռվում եմ մեր, լրագրողներիս, կորպորատիվ շահերի վրա: Բայց նման ագրեսիվությունը ցույց է տալիս պրն Գեղամյանի լայնախոհության եւ հանդուրժողականության աստիճանը, որը բավականին ցածր է: Արտաշես Գեղամյանը անհավասարակշիռ քաղաքական գործիչ է, հաճախ է անցնում ընդդիմությունից իշխանության կողմը եւ հակառակը, հիվանդագին պաշտամունք ունի սեփական անձի նկատմամբ: Այս հարցում նա շատ նման է Պարույր Հայրիկյանին, որը կոմունիստ Վլադիմիր Դարբինյանի հետ միասին այսօր հայտնվել է Գեղամյանի թիմում: Եթե Հայաստանում կա «կարմիր» էլեկտորատ /հասարակության ամենաչքավոր շերտը/, ապա այն, անշուշտ, քվեարկելու է Գեղամյանի օգտին, որովհետեւ այդ թեկնածուն հմուտ պոպուլիստ է եւ կարողանում է շահել կրթական ցածր ցենզ ունեցող մարդկանց սրտերը: Դատելով նրանից, որ պրն Գեղամյանն ընտրարշավի երկրորդ կեսում զգալիորեն քչացրել է Քոչարյանի քննադատությունը եւ սահուն անցել է Տեր-Պետրոսյանին փնովելու իր սովորական գործին /կարծես թե ընտրություններում մրցելու է առաջին նախագահի հետ/, կարելի է ենթադրել, որ ընտրություններից հետո նա նորից կարող է անցնել իշխանության կողմը եւ նույնպես հակված կլինի Քոչարյանի ձեռքից որեւէ պաշտոն ստանալ: Վազգեն Մանուկյանը մեր նորագույն պատմության հակասական կերպարներից է: Նա հակասական է, ինչպես «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր անդամները: Անձամբ ես գտնում եմ, որ այդ մարդկանց /այդ թվում՝ պրն Մանուկյանի/ արած դրական գործերն ավելի շատ են, քան բացասականները: Գիտեմ, որ մեր քաղաքացիների մեծ մասն այդ տեսակետը չի կիսում, բայց դա առանձին խոսակցության թեմա է: Վազգեն Մանուկյանի քաղաքական մայրամուտն սկսվեց ոչ թե 1996-ի սեպտեմբերի 25-ին՝ թեեւ, ինչ խոսք, պետության հիմնադիրներից մեկի համար խիստ վարկաբեկիչ է գրոհ կազմակերպել Ազգային ժողովի վրա: Սխալը, ըստ երեւույթին, կատարվել էր փոքր-ինչ ավելի շուտ, երբ 88-ի ազգային ժողովրդավարական Շարժման ղեկավարներից մեկը միացավ դաշնակցականների հետ՝ իր գաղափարակցի դեմ պայքարելու համար: Դա նույնքան անբնական էր, որքան կոմունիստների եւ Հայրիկյանի այսօրվա ալյանսը: Դրանից հետո միանգամայն կանխատեսելի էր, որ պրն Մանուկյանի զինակիցներից շատերը առաջին իսկ հնարավորության դեպքում կտեղափոխվեն իշխանության ճամբար: Իսկ մնացածը հիմա պաշտպանում է մեկ այլ թեկնածուի: Այժմ Վազգեն Մանուկյանը մենակ է՝ գործնական քաղաքականության մեջ նա այլեւս որոշիչ դեր չի խաղում: Բայց դա չի կարող, իհարկե, ստվերել պետության եւ ազգի առաջ նրա ծառայությունները: Այնուամենայնիվ, քաղաքական գործիչների ինչ-որ ռոտացիա տեղի է ունենում, եւ Արամ Կարապետյանի սրընթաց մուտքը քաղաքականություն դրա վառ ապացույցն է: Ասել, որ պրն Կարապետյանի գաղափարները աչքի են ընկնում ինչ-որ առաձնահատուկ թարմությամբ եւ խորությամբ, չափազանցություն է: Թարմությունը ինքը՝ պրն Կարապետյանն է եւ այն, ընդհանուր առմամբ, գրագետ կազմակերպված ընտրարշավը, որը նա իրականացնում է՝ օգտագործելով հիմնականում նույն պոպուլիստական հնարքները (օրինակ, «որտե՞ղ է մեկ միլիարդ վարկը»): Իհարկե, կան հարցեր, որոնց պատասխանելուց այս թեկնածուն ակնհայտորեն խուսափում է՝ նրա դաշնակցական /թեեւ կարճատեւ/ անցյալը, նրա մոսկովյան գործունեության մանրամասները: Վերջապես, մենք՝ այս ողջ ժամանակշրջանում Հայաստանում ապրածներս, Արամ Կարապետյանի հարցում կողմնորոշվելու համար պետք է վստահ լինենք, որ անկախ ընտրությունների ելքից, նա վերջնականապես հաստատվելու է այստեղ եւ ոչ թե եկել է մեզ մոտ «հյուրախաղերի»: Ամեն դեպքում նոր քաղաքական դեմքի հանդես գալը դրական երեւույթ է: Իսկ թե ինչպես են ավարտվելու ընտրությունները, դրա մասին բազմիցս գրել եմ եւ պատրաստ եմ կրկնել. այնքան ժամանակ, որքան մեր քաղաքացիները կհարցնեն՝ «էս ընտրություններում ո՞վ է անցնելու», իրեն նախագահ հռչակածը հենց անցնելու է՝ չի ընտրվելու: Ընտրված նախագահ մենք կունենանք այն դեպքում, երբ մարդիկ կհարցնեն՝ «ո՞ւմ ընտրենք» եւ գնալու են ընտրելու: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել