Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեր ապագա նախագահի կենա՜ցը»

Փետրվար 13,2003 00:00

«Մեր ապագա նախագահի կենա՜ցը» Կենացն առաջարկեցին ու խմեցին Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում։ Բանն այն է, որ այդ մարզում նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի քարոզարշավում ակամա զուգակցվեց հաճելին եւ օգտակարը։ Գյուղում նախագահի թեկնածուի ավտոշարասյունը կանգնեցրին նորապսակներն ու հարսանքավորները՝ հայավարի մի սեղան հանեցին ու առաջ ընկնելով «մեր նախագայի» կենացը խմեցին։ Վազգեն Մանուկյանի ավանդական հարսանեկան բարեմաղթանքներից հետո պարողների խումբը նրան շրջապատեց։ Լավագույն եւ միակ տարբերակը նրանց միանալն էր, ինչը եւ արեց նախագահի թեկնածուն։ Ջանֆիդան, ինչպես ժողովրդի հետ հանդիպման ժամանակ նշեց Վ. Մանուկյանը, երկու առումով է իրեն հարազատ։ Նախ՝ բնակիչների գերակշռող մասը վանեցիներ են (Վ. Մանուկյանի պապերը եւս Վանից են գաղթել), ապա՝ «ժողովրդի այն հատվածն է, որ հող ու ջրին կպած միշտ զոհեր տալով պաշտպանել է սեփական տունը»։ Արմավիրի մարզում նախագահի թեկնածուին, կարելի է ասել, բավականին ջերմ ընդունեցին՝ Ջանֆիդայի հարսանքախառն ընդունելությանը նախորդել էին աղուհացը, գինին ու ծաղիկները Մրգաշատում, Սովետականում, Արմավիրում։ Նկատի ունենալով, որ մարդիկ անպայման առաջ են քաշելու միասնական թեկնածուի հարցը, Վ. Մանուկյանն իր ելույթներն այդ պարզաբանումներով էր սկսում. «Եթե մեկն ու մեկը երկրորդ փուլ անցնի, ուս ուսի կտանք, բայց ամեն մեկս առաջարկում ենք մեր ճանապարհը»։ Դա, ըստ Վ. Մանուկյանի, իր առավելությունն ունի, քանզի այդ դեպքում ժողովուրդն ընտրության հնարավորություն չի ունենում. «Ում էլ ընդդիմությունից ձեր ձայնը տաք, չի կորչում, բայց ամեն մեկդ որոշեք, թե ինչ ճանապարհ եք ընտրում»։ Ծրագրային դրույթներից նախագահի թեկնածուն կանգ էր առնում հիմնականում գյուղատնտեսության հատվածին, քանզի ընտրազանգվածին դա էր առավել հետաքրքրում։ Ըստ այդմ, Վ. Մանուկյանը մանր եւ միջին բիզնեսի զարգացման համար խոստանում է 3-4%-ով եւ առանց գրավի վարկեր, գյուղտեխնիկայով ապահովում պետության կողմից, ոռոգման ջրի վճարման համակարգի վերանայում։ Ու քանի որ «մենք մարդ ենք ընտրում, որ ապագան տեսնենք, այլ ոչ թե Քոչարյանից վրեժ ենք լուծում», Վ. Մանուկյանը կոչ արեց՝ «Ապահովենք արդար ընտրություններ»։ Ընդ որում, արմավիրցիներն իրենք էլ հակված էին իրենց իրավունքները պաշտպանելու եւ իրենց քվեներով երկրի ապագան որոշելու. «Պետք է արդար ընտրությունների ճանապարհով գնանք,- կարծում է Սովետական գյուղի բնակիչ Սուրիկ Առաքելյանը։- Մենք դրա համար պատասխան ենք տալու։ Արդար քվեներով երկիրը պետք է ղեկավարվի»։ «Ինչի՞ Շավարշն ու Արշակը Վազգենի թիկունքից գնացին,- հարցնում է մրգաշատցի Աշոտ Մարկոսյանն ու շարունակում,- ոնց որ էս հանճարեղ մարդուն (Վազգեն Մանուկյանին.- Ն. Գ.) լքեցին՝ Դեմիրճյանին էլ կլքեն։ Նա իր հանճարը տվեց անճարներին… ես միշտ Վազգենին եմ ընտրել, բայց էսօր ինքը թիկունք չունի, իրան թիկունք չեղան… Վայ թե Քոչարյանն ընտրվի»։ Մովսես Գեւորգյանի կարծիքով՝ «Գեղամյանն էմոցիոնալ է, Դեմիրճյանը՝ ջահել, դեռ անցնելու ճանապարհ ունի, Վազգենը՝ բանիմաց, խելոք մարդ ա, բայց քանի որ նրա շուրջը չեն համախմբվում՝ Քոչարյանին անցկացնելը հեշտանում ա»։ Այս քարոզարշավում նախագահի թեկնածու Վ. Մանուկյանը մի օրինաչափություն է տեսնում՝ «ամենաաշխույժը երեխաներն են»։ Նա դրա մեջ խորհուրդ է տեսնում՝ «սա իրենց երկիրն է, հիմիկվանից լսում են, որ հասկանան, թե իրենց ինչ է սպասվում»։ Ինչ վերաբերում է վարչական պարտադրանքներին՝ այստեղ եւս դա միայն աշխատող բնակչությանն է վերաբերում, նրանք էլ առանձնապես մեծ տոկոս չեն կազմում։ Իսկ այգեշատցի Մանուկ Եփրեմյանը, որ 3-4 կմ ոտքով էր եկել Վ. Մանուկյանի հետ հարեւան գյուղ հանդիպման, տեղեկացրեց. «Մեր գյուղից 600 մարդ բացակայում է՝ որը Ռուսաստանում ա, որը՝ չգիտես ուր, բայց անունները ցուցակներում կա»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ. Գ. Ի դեպ, այսօր նախագահի թեկնածու Վ. Մանուկյանի ծննդյան օրն է։ Այդ կապակցությամբ «Առավոտը» շնորհավորում է պրն Մանուկյանին՝ մաղթելով հաջողություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել