Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՄ ԷՇԸ ԿՄԵՌՆԻ, ԿԱՄ ԻՇԱՏԵՐԸ»

Փետրվար 13,2003 00:00

«ԿԱՄ ԷՇԸ ԿՄԵՌՆԻ, ԿԱՄ ԻՇԱՏԵՐԸ» Ղարաբաղցոց ասած ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի ռեյտինգը գնալով հավասարվում է նրա բառապաշարին։ Որքան Ռ. Քոչարյանը վերադառնում է իր արմատներին, այնքան նրա էն իքը՝ ռեյտինգը, ընկնում է։ Երեկ Կոտայքի մարզի Զովունի, Նոր Հաճըն, Աբովյան, Գառնի, Ողջաբերդ, Գեղադիր բնակավայրերում նախագահի թեկնածուն ընտրողների առաջ փայլեց իր բանահյուսական ողջ փայլով։ Աբովյան քաղաքում, օրինակ, պատասխանելով «Ընդդիմության մեղադրանքներին ինչո՞ւ չեք պատասխանում» հարցին, Ռ. Քոչարյանն ասաց, որ ո՛չ թերթ է կարդում, ո՛չ հեռուստացույց է դիտում, լավ էլ հանգիստ քնում է։ Ու երեւի ասածը քիչ համարելով, հավելեց. «Եթե ամեն օր ղեկավարն ինչ իր մասին գրում են, կարդա, թույնով կլցվի, գործը թողած կսկսի մտածել՝ ինչպես դրանց պատասխանի»։ Սա էլ քիչ համարելով, թեկնածու Ռ. Քոչարյանը նաեւ նշեց. «Եթե մարդ երեք օր փակվի, թերթերը կարդա, ինտոքսիկացիայից կմեռնի»։ Մենք, իհարկե, չենք հավատում, թե Ռ. Քոչարյանը թերթ չի կարդում եւ հեռուստացույց չի դիտում, եթե այդպես է՝ ինչո՞ւ «Ա1+»-ը փակվեց, կամ ինչո՞ւ որոշ ինքնազոհաբերվող իշխանիկներ իրենց կոտորում են հարցազրույցներում եւ ելույթներում։ Իհարկե, հանուն «ազգընտիրի»։ Իսկ «ինտոքսիկացիայի» պատճառն ամենեւին էլ թերթերը չեն։ Ռոբերտ Քոչարյանի աբովյանական ելույթից եւս մի քանի պատառիկ արժե ներկայացնել ընտրողների ուշադրությանը։ Իր ծրագիրը համարելով «շատ կոնկրետ, շատ հասկանալի ծրագիր՝ բովանդակության առումով», թեկնածուն ասաց. «Կարելի է կազմել ծրագիր, չգիտեմ, 20 տարի հետո ի՞նչ կլինի երկրում, կամ՝ 50 տարի հետո (այստեղ կրկին միջամտեց նոստալժիկ տրամադրությունը, եւ թեկնածուն ասաց, թե Խրուշչովի ժամանակ էլ կոմունիզմ էին կառուցում.- Մ. Ե.), ղարաբաղցոց ասած՝ երկարատեւը միշտ էշն է, կամ էշը կմեռնի, կամ իշատերը։ Հիմա այդ պատճառով որոշեցի շատ կոնկրետ ծրագիր ունենալ»։ Թեկնածուն խոստովանեց, որ անցած հինգ տարվա իր ծրագրում կոնկրետությունը քիչ էր։ «Շատ ավելի քիչ էր, որովհետեւ երկրի տնտեսությունն այդքան լավ չէի պատկերացնում, շատ լավ էի պատկերացնում բանակը, անվտանգության հետ կապված հարցերը, մի շարք այլ ուղղություններ»։ Եթե լավ պատկերացրած հարցերում են լուրջ բացթողումներ՝ անվտանգության հետ կապված հարցերը «շատ լավ» պատկերացնող նախագահի օրոք երկրում տեղի ունեցավ անվտանգության համակարգի ամենալուրջ անգործությունը եւ հնարավոր եղավ «Հոկտեմբերի 27» սարքել երկրի գլխին, ուրեմն ի՞նչ «հրաշքով» հավատաս տեղի ունեցած «աննախադեպ տնտեսական աճին»։ Աբովյանում եւս պրն Քոչարյանն առիթն օգտագործեց ինքզինքը քիչ մը գովաբանելու. «այդ առումով ես ինչ-որ տեղ միգուցե առավելություն ունեմ ուրիշ թեկնածուների հետ համեմատելով, թեկուզ սովորաբար գործող նախագահն առավելություն չի ունենում, այլ անցումային շրջանում գտնվող երկրներում ավելի դժվար է վարում նախընտրական արշավը»։ Նախագահի թեկնածուի հաջորդ ձեռքբերումը լոմի պատմությունն է. «Մենք շատ հետաքրքիր իներցիա ենք հավաքել, գիտե՞ք, մի ծանր բան, որ տեղից, տեղից շարժում ես, շարժում ես, սկսում է շարժվել, ամենից վտանգավոր բանը լոմը արանքը կոխելն ա։ Մենք մարդիկ ունենք չէ՞, որ ոչ մի բան չեն անում, բայց մի լոմ միշտ պահում են, որ մի բան տեղից շարժվում ա, անպայման…։ Հիմա այնպես անենք, որ ոչ ոք այդ հնարավորությունը չունենա։ Այս ընտրությունները, այս հարցում երեւի մեր քննություններից մեկն է լինելու։ Մենք պետք է կարողանանք հաղթահարել այս մեկ շաբաթն այնպես, որ ցույց տանք, որ քաղաքակիրթ ժողովուրդ ենք»։ Սրանից ավելի քաղաքակիրթ էլ ո՞վ կարող է լինել՝ լոմով, շողուլով, էշով ու իշատերով, ավտո քշել սովորելով ու շուտ-շուտ տեղը չփոխելու սովորությամբ։ ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի ելույթից պարզ էր, որ գործող նախագահի եւ նրան սատարողների համար չափազանց կարեւոր է բարձր տոկոսներով հաղթելը, եւ որ անհանգստության սերմը բուն է գցել նրանց հոգիներում. «Ես վստահ եմ՝ անկախ այդ աղմուկից, անկախ հեռուստատեսությամբ, ռադիոյով, թերթերով, նաեւ միտինգներով այս աղմուկից, խորքում շատ ավելի ամեն ինչ հանգիստ է, մեր ժողովուրդը շատ ավելի իմաստուն է, շատ ավելի սթափ է գնահատում իրավիճակը, եւ մենք միասին, բացարձակ մեծամասնությամբ, փետրվարի 19-ին ճիշտ ընտրություն ենք կատարում»։ Սատարողները՝ իրենց քիչ համարելով, ակներեւաբար նաեւ ժողովրդի քվեն են ուզում, ինչը, դատելով քարոզարշավի ընթացքից՝ ընդդիմության միասնական թեկնածուի աճող վարկանիշից, դժվար է լինելու ստանալ։ Երեկվա քարոզարշավի ընթացքում նախագահի թեկնածու Ռ. Քոչարյանն այցելեց նաեւ Գառնի, սակայն այստեղ ոչ ոք չկար, առավել եւս՝ ցուլ չմորթեց նրա ոտքերի տակ, ոչ էլ ձիավորներով դիմավորեցին։ Բայց որպես իրենց «պատասխանը Չեմբեռլենին», մի հարսանիք էին պատրաստել իսկական հարս ու փեսայով (բավականին սիրունիկ զույգ), որոնց թեկնածուն շնորհավորեց եւ բանավոր խոստացավ մեկ հեռուստացույց եւ մեկ տեսամագնիտոֆոն նվիրել։ Գեղադիր եւ Ողջաբերդ գյուղերում ընդունելությունը ջերմ եւ «ցավդ տանեմ»-ի չէր, գյուղացիները բազմաթիվ հոգսեր ունեին, որոնք փորձում էին ոտքի վրա լուծել, բայց մանր եւ միջին չինովնիկական դասի ներկայացուցիչները կողքից «սատարում էին» նախագահին՝ մոտավորապես այսպես. «Էդ հարցն արդեն ընթացքի մեջ է, կլինի, պրն նախագահ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել