Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԺ ընտրությունների ժամանակացույցը հաստատվեց

Փետրվար 13,2003 00:00

ԱԺ ընտրությունների ժամանակացույցը հաստատվեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պարապ մնալու ժամանակ պարզապես չկա: ՀՀ նախագահի ընտրությունների նախապատրաստմանը զուգահեռ՝ հանձնաժողովը ստիպված է նաեւ աշխատել մայիսի 25-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների անցկացմանն առնչվող խնդիրներով: ԿԸՀ-ն երեկ հաստատեց ԱԺ առաջիկա ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների օրացուցային պլանը: Այս որոշման նախագիծը ԿԸՀ օրակարգում ընդգրկված միակ հարցն էր: Ըստ արդեն հաստատված ժամանակացույցի, ԱԺ ընտրությունների նախապատրաստական առաջին փուլը՝ ընտրատարածքների կազմավորում եւ համարակալում, պետք է ավարտված լինի մինչեւ փետրվարի 18-ը՝ ներառյալ: Ընդ որում՝ դրա հիմքում պետք է լինի այդ ընտրատարածքներում հաշվառված ընտրողների թիվը, որն, ի դեպ, ներկայացնելու են մարզպետները: Մինչեւ փետրվարի 23-ը ներառյալ՝ պետք է ավարտված լինեն եւ հրապարակվեն նաեւ համարակալված ընտրատարածքների ցուցակն ու սահմանված գծապատկերը: ԱԺ համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրման փաստաթղթերը ԿԸՀ-ին, իսկ մեծամասնական համակարգի դեպքում՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, պետք է հանձնվեն մարտի 11-16-ի ժ. 18:00-ը: Ե՛վ մեկ, ե՛ւ մյուս ընտրական համակարգով առաջադրվելու դեպքում՝ թեկնածուների առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկները ԿԸՀ-ն կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները պետք է հանձնեն մարտի 21-26-ը՝ ներառյալ: Ստորագրահավաքի վերջին ժամկետը կլրանա ապրիլի 10-ի ժ. 18:00-ին: Ըստ այդմ, պատգամավորների թեկնածուների եւ կուսակցական ցուցակների գրանցումը, ըստ ժամանակացույցի, տեղի կունենա ապրիլի 15-20-ը՝ մինչեւ ժ.18-ը: Ինչպես մյուս բոլոր, այնպես էլ ԱԺ ընտրությունների, թերեւս, ամենահետաքրքիր մասը՝ նախընտրական քարոզչությունը, կսկսվի թեկնածուների եւ կուսակցությունների գրանցման համար նախատեսված վերջին օրվան հաջորդող օրը՝ ապրիլի 21-ին, եւ կավարտվի քվեարկությունից մեկ օր առաջ՝ մայիսի 23-ի ժ. 24-ին: Իհարկե, ԱԺ առաջիկա ընտրությունների մասին կանխատեսումներ անելն այսօր ավելի քան ժամանակավրեպ է: Բայց դրա ժամանակը կգա եւ շատ շուտով. միայն թե առայժմ «հորով-մորով» անենք փետրվարի 19-ի ընտրությունները: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել