Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՂԱՎՆԻՆԵՐՆ ՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԲԱԶԵՆԵՐԸ

Փետրվար 13,2003 00:00

ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՂԱՎՆԻՆԵՐՆ ՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԲԱԶԵՆԵՐԸ Մինչ գործող նախագահի կողմնակից ջահել «բազե»-ները տնից-տեղից կտրված արդեն մի շաբաթ է՝ շրջում են տարբեր մարզերում ու քարոզում նրան, Ստեփան Դեմիրճյանի հետ հանդիպումներում մարդիկ շարունակում են ազատություն տալ աղավնիներին: Սակայն խաղաղության խորհրդանիշ այդ թռչունն էլ կարող է ցույց տալ ճանկերը: «Մենք սկսեցինք մեր քարոզարշավը քաղաքակիրթ ձեւով: Մենք երբեք եւ ոչ մի թեկնածուի հասցեին որեւիցե արտահայտություն թույլ չենք տվել: Բայց այսօր մեզ ստիպում են, որպեսզի իրերը կոչենք իրենց անուններով,- Նոյեմբերյանում ասաց Դեմիրճյանի նախընտրական շտաբի ղեկավար Գրիգոր Հարությունյանը:- Մեր հանդիպումների ժամանակ մարդիկ այնպիսի՜ կարծիքներ են հայտնում իշխանությունների, անձամբ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա նախընտրական շտաբի պետ Սերժ Սարգսյանի հասցեին, որ պարզապես չենք ուզեցել դրանք հանձնել ժողովրդի դատին: Բայց կարծես թե ստիպում են: Եվ դեռ մի քանի օր ժամանակ ունենք. մեկ անգամ եւս կոչ ենք անում՝ վե՛րջ տվեք»: Քարոզարշավին հետեւող մասնագետները բազմիցս են նշել, որ ե՛ւ Դեմիրճյանը, ե՛ւ Քոչարյանը նախագահի այն թեկնածուներն են, որոնք սեւ PR չեն կիրառում ու չեն զբաղվում հակաքարոզչությամբ: Սակայն ընտրությունների այս վճռական փուլում գործող նախագահի կողմնակիցները փոխեցին մարտավարությունը եւ խախտեցին քաղաքակիրթ պայքարի սկզբունքները: Պնդման ապացույցը ե՛ւ Ռուբեն Միրզախանյանի ելույթներն են, որը Քոչարյանից բացի՝ նախագահի այլ թեկնածուներին անվանեց «ինքնասիրահարվածներ ու բժշկական հիմնարկների արժանի կլիենտներ», ե՛ւ խայթոցները, որ Ստեփան Դեմիրճյանի հասցեին այս էլ որերորդ օրն է՝ ուղղում է Հանրային հեռուստաընկերությունը՝ խոստանալով նրա հետ հանդիպման ժամանակ ֆոնոգրամա միացնել (թեեւ կարող էին, ինչպես 1998-ին Կարեն Դեմիրճյանի պարագայում էր, ուղղակի ցույց տալ դատարկ աթոռ), ե՛ւ Քոչարյանի նախընտրական շտաբի ղեկավար Սերժ Սարգսյանի տեսակետները՝ Գեղամյանի եւ Դեմիրճյանի վերաբերյալ, որոնք տարածվեցին իշխանական լրատվամիջոցներով: Նշենք, որ պաշտպանության նախարարը մասնավորապես ասել էր՝ «Դեմիրճյանը եւս հավակնում է դառնալ երկրի գլխավոր հրամանատար՝ որեւէ առնչություն չունենալով զինված ուժերի հետ ԽՍՀՄ տարիներին, իսկ մեր ժամանակների մասին չեմ էլ խոսում»: Հիշեցնենք, որ նման բովանդակություն ունեցող հարցադրում, ի շարս համակարգչային շարվածքով տպագրված այլ հարցերի՝ Դեմիրճյանին փոխանցվել էր Թալինի հանդիպման ժամանակ, եւ դրա հեղինակը գերադասել էր մնալ անհայտ: Երեկ՝ Բաղանիս գյուղում եւ Նոյեմբերյանում հանդիպումների ժամանակ, Դեմիրճյանին փոխանցվեցին ճիշտ նույն ֆորմատի թղթի վրա նույն տառատեսակով տպագրված հարցեր, որոնց հեղինակն արդեն շատ հեշտ կռահելի էր: «Ռոբերտ Քոչարյանի կենտրոնական շտաբը եւ նրա վստահված անձինք են, որոնք այսօր այստեղ ներկա են»,- ասաց Գրիգոր Հարությունյանը: Հարցերն, ասենք այսպիսին էին. «Ի՞նչ գործունեություն եք ծավալել Ղարաբաղյան պատերազմի տարիներին, եւ այդ ընթացքում քանի՞ անգամ եք եղել Ղարաբաղում», «Ձեզ չի՞ մտահոգում այն, որ Ձեր հաղթանակի դեպքում Հայաստանում կստեղծվի իշխանության ժառանգական փոխանցման նախադեպ», եւ այլն: Դեմիրճյանի կողմնակիցներն այս անգամ պատասխանեցին ոչ միայն այդ, այլ նաեւ ստիպված էին արձագանքել սաստկացած հակաքարոզչության ընթացքում օգտագործվող հարցադրումներին: Եվ ի պատասխան այն հարցի, թե «Մինչ ՀԺԿ նախագահ դառնալն ի՞նչ քաղաքական գործունեությամբ եք զբաղվել»՝ Գրիգոր Հարությունյանը մանրամասն ներկայացրեց նրա գործունեությունը: Իսկ Սերժ Սարգսյանի վերոհիշյալ տեսակետի առնչությամբ՝ Շավարշ Քոչարյանը Կողբ գյուղում ասաց. «Նրանց ուշքն ու միտքը միայն կրակելն է՝ ուրիշ բան չգիտեն: Այսօր մենք պատերազմում չենք, եւ նախագահի թիվ մեկ խնդիրը ոչ թե կրակելն է, այլ երկիրը կառուցելը8230 Իսկ Սերժ Սարգսյանը, որ պաշտպանության նախարար է՝ թող բանակով զբաղվի, այլ ոչ թե բենզին բերի»: Ներկա տղամարդկանցից մեկը բողոքեց. «Դեռ բենզինն էլ այդքան թանկացրել է»: «Կամ ասում են, թե իբր Ստեփան Դեմիրճյանը խուսափում է բանավեճից, ինչո՞ւ չգնաց Վարդան Օսկանյանի հետ հանդիպման: Իսկ ինչո՞ւ պետք է գնար,- պատասխան հարց էր ուղղում Շավարշ Քոչարյանը:- Նա պատրաստ է գնալ բանավեճի միայն եւ միայն նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի հետ … Տղամա՞րդ է՝ թող գա բանավեճի եւ ուրիշ մարդ չուղարկի: Ցանկացած պահի Դեմիրճյանը պատրաստ է այդ բանավեճին»: Արշակ Սադոյանը նոյեմբերյանցիներին հարցրեց. «Այստեղ կանգնածներից քանի՞ մարդ կլինի, որ իր խղճով՝ առանց պարտադրանքի, ուզենալով ձայն կտա Ռոբերտ Քոչարյանին»: Որեւէ մեկը չարձագանքեց, եւ նա ասաց. «Արդեն որերորդ օրն է՝ պտտվում ենք Հայաստանի բնակավայրերում, ու բոլոր տեղերում նույնն է՝ խորը ատելություն այսօրվա իշխանավորների դեմ»: Սադոյանը տեղեկացնում էր, թե իշխանական բուրգից էլ է արդեն առնետավազք սկսվել՝ փորձում են լեզու գտնել իրենց հետ: Ընդդիմադիր թեկնածուների միջեւ հակասությունները խորացնելու ակնհայտ նպատակն էր հետապնդում, ասենք, հետեւյալ «համակարգչային» հարցը. «Եթե Գեղամյանն ունի 70%, Դուք տեսնո՞ւմ եք նրան՝ իբրեւ միասնական թեկնածու»: Փետրվարի 9-ից հետո իշխանամետները հաճույքով շահարկում են, որ ընդդիմությանը չհաջողվեց ընտրել միասնական թեկնածու: Սրան ի պատասխան՝ երեկ այցելության ընթացքում բազմիցս նշվեց, որ Ստեփան Դեմիրճյանին պաշտպանում են «Հանրապետությունը», Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությունը», ԱԺԴ-ն, ԱԺԿ-ն եւ այլ՝ ընդհանուր առմամբ, շուրջ 10 կուսակցություններ: «Բա սրանից էլ միասնական թեկնածո՞ւ,- հանդիպումներում ասում էր Շավարշ Քոչարյանը:- Դրանից ավելի ի՞նչ միասնական թեկնածու. ի՞նչ, ուզում են Ռոբերտ Քոչարյա՞նն էլ գա: Մենք համաձայն չենք ու թույլ չենք տա, որ ինքը գա ու մեր թեկնածուին պաշտպանի»: Ինքը՝ Ստեփան Դեմիրճյանը հանդիպումների ընթացքում անձամբ չէր պատասխանում շահարկումներին եւ միայն ասում էր. «Միշտ էլ անում էին, բայց հատկապես այս օրերին՝ կրկնակի, եռակի ավելի եռանդով են փորձելու վարկաբեկել, տարբեր տեսակի ստեր տարածել, ինչ-որ ողորմելի մարդիկ նույնպիսի ողորմելի դատողություններ են անելու: Ինչպես այդ ամեն ինչն արհամարհել ենք՝ այնպես էլ արհամարհելու ենք: Բանի տեղ պետք չէ դնել: Այս ամենը, վերջին հաշվով, թուլության նշան է: Արդեն զգում են, որ հողը ոտքերի տակից գնում է՝ դրա համար էլ ամեն ինչի դիմում են: Բայց դատապարտված է այն իշխանությունը, որ ժողովրդի դեմ է պայքարում»: Վերջում նշենք, որ Դեմիրճյանի հանդիպումների ջերմ մթնոլորտում երեկ էլ չեղան փոփոխություններ: Ոսկեպարում, որի բնակիչները նշում էին, թե Դեմիրճյանը միակ թեկնածուն է, որ «գյուլլից չվախեցավ ու մեր գյուղ մտավ», նրան դիմավորելու համար պեղել-հանել էին Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի «Կառուցենք ու պաշտպանենք» խունացած պաստառը: Նախագահի թեկնածուի ճանապարհը փակելու համար Ալավերդիում «գործի էին դրվել» անգամ փուչիկ բռնած երեխաները: Որպես այս ամենի հետեւանք՝ Դեմիրճյանը հանդիպումների նախատեսված վայրերն էր հասնում գրեթե ժամանոց ուշացումներով: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել