Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄՈՆԻՏՈՐԻՆԳՆ ԱՅՍ ՇԱԲԱԹ

Փետրվար 13,2003 00:00

ՄՈՆԻՏՈՐԻՆԳՆ ԱՅՍ ՇԱԲԱԹ ԶԼՄ-ների կովկասյան ինստիտուտը շարունակում է հայաստանյան ԶԼՄ-ների կողմից ՀՀ-ում նախագահական ընտրությունների լուսաբանման մոնիտորինգը: Այս համատեքստում վերջին վերլուծության մեջ ներառված են նախընտրական քարոզչության երրորդ շաբաթվա՝ փետրվարի 3-10-ի ընթացքում եղած հրապարակումներն ու եթեր հեռարձակված նյութերը: Այսպես. ՀՀ ԶԼՄ-ների համար, ԶԼՄ-ների կովկասյան ինստիտուտի դիտարկմամբ, շաբաթվա գլխավոր իրադարձությունը փետրվարի 4-ին Արտաշատում տեղի ունեցած միջադեպն էր, «երբ ընդհարման ժամանակ դանակահարվեց Սահմանադրական իրավունք միության փոխնախագահ Հայկ Բաբուխանյանը: Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ, «Պրոմեթեւս» եւ «Արմենիա» հեռուստաալիքներով միջադեպի լուսաբանումը, հիմնականում, մեղադրական էր Բաբուխանյանի հասցեին»,- արձանագրել են մոնիտորինգի հեղինակները՝ այդ համատեքստում հատկապես առանձնացնելով «Պրոմեթեւսի» մեկնաբանությունը: «Հայկական ժամանակ», «Հայոց Աշխարհ» եւ «Առավոտ» թերթերը փետրվարի 5-ին ներկայացրին բավականին հավասարակշռված ռեպորտաժներ: «Ազգ» եւ «Նովոյե վրեմյա» թերթերի մեկնաբանությունները սկսվում էին ոչ թե բուն միջադեպը նկարագրելուց, այլ դեպքի առնչությամբ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունից: Հաջորդ օրերին միջադեպի լուսաբանումը հագեցած էր մեկնաբանություններով, որոնց երանգը կախված էր լրատվամիջոցի քաղաքական ուղղվածությունից»: Արձանագրելով, որ Հանրային հեռուստատեսությամբ ՀՀ նախագահների թեկնածուների քաղաքական գովազդները արբանյակային կապով դեռեւս չեն հեռարձակվում, հաստատությունը շեշտում է՝ «ԿԸՀ փետրվարի 5-ի որոշումը՝ Հայաստանի Հանրային հեռոուստատեսության արբանյակային հեռարձակմամբ թեկնածուների քարոզչական հաղորդումները հեռարձակելու մասին (պարտադիր եթեր) փետրվարի 10-ի դրությամբ չէր իրագործվում»: Միեւնույն ժամանակ, անցկացված մոնիտորինգի արդյունքների համաձայն, «ՀՀ Հանրային հեռուստատեսությամբ քարոզչական հաղորդումների հեռարձակումը «Հայլուրի»՝ ամենօրյա նորությունների թողարկման յուրահատուկ այլընտրանքը դարձավ: Երկու հաղորդումներով էլ ցուցադրվում են նախընտրական քարոզարշավի միեւնույն իրադարձությունների մասին պատմող ռեպորտաժներ: Սակայն, եթե «Հայլուրով» ընդդիմադիր թեկնածուների քարոզարշավն ուղեկցվում է նրանց համար բացասական մեկնաբանություններով, ապա քարոզչական բլոկում մեկնաբանությունները միշտ դրական են: Այսպիսով, միեւնույն հեռուստաալիքով ընդդիմության քարոզարշավի իրադարձությունների լուսաբանման երանգը եւ տոնը ստանում է տրամագծորեն հակառակ բնույթ»: Մոնիտորինգի արդյունքներում առանձին տեղ է հատկացվել ԶԼՄ-ների կողմից ՀՀ Օրենսդրության եւ էթիկայի խախտումներին: Ահավասիկ. «Մի քանի լրատվամիջոցներում արձանագրվել են օտարերկրացիների կողմից տարվող քարոզչության եւ հակաքարոզչության դեպքեր»: Խոսքը վերաբերում է մասնավորապես փետրվարի 6-ին «Ազգ» թերթի մի ամբողջ էջ զբաղեցրած հրապարակումներին՝ քաղաքական իրավիճակի եւ ընտրությունների մասին. «Այդ հոդվածների հեղինակները սփյուռքահայեր են (այլ պետությունների քաղաքացիներ): Անկախ այդ հոդվածներում ներկայացված տարբեր տեսակետներից, դրանց տպագրման փաստն արդեն հակասում է ՀՀ Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածին, որով արգելվում է քարոզչություն իրականացնել օտարերկրյա քաղաքացիներին եւ կազմակերություններին»: Օրենքի այս պահանջի խախտում է թույլ տվել նաեւ «Հ1»-ի «Հայլուր» ծրագիրը՝ «եթեր հեռարձակելով ՌԴ հայերի միության (կազմակերպության անդամները ինչպես ՀՀ, անպես էլ՝ ՌԴ քաղաքացիներ են)՝ Ռոբերտ Քոչարյանին սատարելու մասին նյութը»: Միաժամանակ, մոնիտորինգի խմբի կարծիքով՝ այս օրենքի հիշյալ հոդվածի խախտում է նաեւ «Հայաստանի Հանրապետության» փետրվարի 4-ի համարում տպագրված հաղորդագրությունը, որում ՀՀ կառավարության անունից հայտարարվում է Հանրապետական կուսակցության կողմից Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը սատարելու մասին: «Որակական մոնիտորինգի խմբի կարծիքով, այս դեպքում եւս խախտվել է Ընտրական օրենսգիրքը, քանի որ թեկնածուներից մեկին սատարելու մասին հայտարարությունն արվել է պաշտոնական կառավարական մարմնի, այլ ոչ թե՝ կուսակցության կողմից»: Մոնիտորինգի խումբը թեեւ արձանագրել է, որ «շարունակվում են պետական գործիչների քարոզչական ելույթները՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի», միեւնույն ժամանակ դժվարացել է «միանշանակ գնահատել այդ ելույթները՝ որպես օրենքի խախտում, քանի որ պարզ չէ՝ քարոզչությունն իրականացվել է ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում, թե՝ ոչ»: Խոսքը մասնավորապես՝ «Ռեսպուբլիկա Արմենիա» (05.02.2003), «Առավոտ» (07.02.2003) թերթերի հրապարակումների եւ «Հ1»-ով հեռարձակված հաղորդման մասին է (09.02.2003): ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել