Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունեմ համակիրների մեծ բանակ»

Փետրվար 12,2003 00:00

«Ունեմ համակիրների մեծ բանակ» Քաղաքական անցուդարձը վերլուծում է Մանուկ Գասպարյանը – Քաղաքական զարգացումների Ձեր գնահատականը։ – Նախընտրական փուլը մտել է ամենավճռական շրջանը. բոլոր թեկնածուները ակտիվ քարոզարշավ են ծավալել եւ օրեցօր նրանցից 4-5-ի ռեյտինգը բարձրանում է՝ ի տարբերություն Ռ. Քոչարյանի։ Եթե սկզբում Ռ. Քոչարյանի ձայները համարում էին 30-35%, ապա այսօր հազիվ 20-25% է։ Այս ամենը տեսնում են նաեւ իշխանությունները։ Եթե քարոզարշավի 15 օրն անցավ առանց լուրջ միջադեպերի, ապա նույնը չի կարելի ասել այսօրվա մասին, վկա՝ արտաշատյան դեպքերը։ Եվ այս ամենը կատարվում է այն պարզ պատճառով, որ իշխանությունը հոգեվարքի մեջ է։ – Մտավախություն ունեք, որ կկրկնվե՞ն արտաշատյան դեպքերը։ – Կատարվածը չարյաց փոքրագույնն է, ավելի վատ ընդհարումներ կարող են տեղի ունենալ։ Իշխանությունների հրահրած միջադեպերը կարող են բորբոքել ժողովրդի ցասումն ու կռիվներ սկսվեն։ Վախի մթնոլորտ ստեղծելու մղումը այլ ազդակ է առաջացնում. իշխանական մենաշնորհի տարածքներում մյուս թեկնածուների հանդիպումը կազմակերպվում է միասին։ Իշխանություններն այնպիսի մթնոլորտ են ստեղծում երկրում, որ յուրաքանչյուր մարզպետ, իշխանիկ, մեծահարուստ կարողանա մեծ ազդեցություն ունենալ բնակչության վրա։ Պատկերացնո՞ւմ եք, հանկարծ Ռ. Քոչարյանն ընտրվի։ Նշանակում է եւս 5 տարի եւ մեր ժողովուրդը ճորտից կվերածվի ստրուկի։ – Ինչո՞վ էր պայմանավորված ձեր երկարատեւ լռությունը, ո՞ւմ եք սատարելու։ – Լռությանս պատճառը վատառողջությունս է։ 1 ամիս է տնից դուրս չեմ եկել (թերթերում 1-2 անգամ երեւալս հեռախոսազրույցներով են պայմանավորված)։ Մեր կուսակցությունը կոմունիստների սոցուժերի համագումարում հայտարարություն է արել՝ պաշտպանել միասնական թեկնածու Ա. Գեղամյանին։ Ես հետո կխոսեմ իմ դիրքորոշման մասին, թե որ թեկնածուին եմ սատարելու։ Կարծում եմ, որ վերջի մի շաբաթվա ընթացքում էլ իմ հայտարարությունը կարող է բեկումնային տոկոսներ բերել թեկնածուներից մեկին. գտնում եմ, որ ժողպատգամավորների մեջ ես վերջին հորիզոնականը չեմ զբաղեցնում եւ բոլոր մարզերում ունեմ համակիրների մեծ բանակ։ Հուսով եմ, նրանց մեծ մասը ձայնը կտա այն թեկնածուին, որի համար ես խոստումներ կտամ, որ ընտրվելիս, ի բարգավաճումն ազգի ու երկրի, կիրականացնի այն բոլոր պահանջները, ինչ կանխավ կառաջադրեմ նրան։ – Ծանո՞թ եք թեկնածուների ծրագրերին։ – Ընթերցել եմ Ռ. Քոչարյանի, Ա. Գեղամյանի, Ա. Կարապետյանի եւ Ստ. Դեմիրճյանի ծրագրերը։ Ամենից շատ խոստումներ տվել է Ռ. Քոչարյանը եւ այնքան հարցեր է ներգրավել, որ կարծես նախորդ նախագահը ինքը չէր եւ երկրում ոչ մի առաջադիմություն էլ չի եղել։ Ոչ մի տեղ չի նշում, որ ինքը պայքարել է կլանի կաշառակերության դեմ, մոնոպոլիան կվերացնի, դատական համակարգը կբարեփոխվի։ Միայն խոսում է Քըրք Քըրքորյանի փողերի մսխման մասին։ Իրականացրած շինարարական աշխատանքներն ապացուցում են, որ ներդրումներն արվել են փոշիացման եղանակով՝ 2 ամիս չանցած, անորակության պատճառով քանդվում են (ֆինանսների մի մասը հետ են տալիս)։ Մնացած թեկնածուների ծրագրերից իրատեսական եմ համարում Ա. Գեղամյանինը։ Նա առաջարկում է աշխատավարձերի եւ թոշակների 2 եւ ավելի անգամ բարձրացում։ Համոզված եմ, որ 1 տարում ավելին կարելի է անել, եթե ստվերի 80%-ը վերադարձվի բյուջե։ Լինելով տնտեսագետ, հավաստիացնում եմ, որ 2-3 տարի հետո այդ թվերը կկրկնապատկվեն։ ԼՂ-ի հարցում բոլոր թեկնածուների կարծիքը միանշանակ է՝ տեսնել ԼՂՀ-ն Հայաստանի կազմում կամ որպես անկախ պետություն։ Ընտրվելու դեպքում բոլոր թեկնածուները կպայքարեն կլանի, կաշառակերության, մոնոպոլիայի դեմ։ Ընդդիմադիր թեկնածուների մեջ ինձ համար տարբերություն չկա։ Ցանկացածի ընտրվելու դեպքում մեր ժողովուրդը կազատվի կլանային, հանցավոր ռեժիմից։ Այս ընտրություններին ժողովուրդն ավելի ակտիվ է, քան երբեւէ (չհաշված 91-ը. այն ժամանակ ժողովուրդը բնազդորեն էր մասնակցում)։ – Բայց վճռականությունը պակաս չէր 1996 եւ 1998-ին։ – Ոչ, 1996, 1998թթ. ժողովրդի քաղաքական ակտիվությունը 30-40% էր եւ երկրապահը վճռորոշ դեր ունեցավ։ Կռված տղաները քաղաքականացված չէին եւ նրանց ինչ ասում էին՝ անում էին։ Այսօր երկրապահի 85%-ը տրամադրված է կեղծիքների դեմ։ – Հավատո՞ւմ եք մաքրությանը։ – Եթե թողնենք իշխանություններին, չեմ հավատում։ Բայց Ռ. Քոչարյանն ինչ քայլ անում է՝ իր դեմ է ստացվում։ Հանդիպումների ժամանակ սայթաքումները ատելությունն ավելացնում են նրա նկատմամբ։ Նայեք հանդիպման եկած մարդկանց դեմքերին ու հագուկապին։ Ռ. Քոչարյանին հանդիպելու են գնում վախեցած մանկավարժներն ու 9-րդ, 10-րդ դասարանցիները կամ թաղապետարանների, քաղաքապետարանների կերակրատաշտից օգտվողները (10% էլ չեն կազմի)։ Ոչ ոք չի կարող այսօր ժողովրդին ասել, թե ընտրիր Ռ. Քոչարյանին։ Համոզված եմ, որ Արտաշատի դեպքերը Հովիկ Աբրահամյանի, մարզպետարանի եւ տեղի իշխանիկների ինքնագործունեությունն էին, տեղի շտաբի լուռ համաձայնությամբ, դրանով արջի ծառայություն են մատուցում Ռ. Քոչարյանին։ ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել