Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿՆԵՑԻՆ ԹԵՐԻ ԿԱԶՄԵՐՈՎ

Փետրվար 12,2003 00:00

ՄԵԿՆԵՑԻՆ ԹԵՐԻ ԿԱԶՄԵՐՈՎ Երկուշաբթի օրը ֆուտբոլի Հայաստանի ազգային եւ երիտասարդական (օլիմպիական) հավաքականները մեկնեցին Թել-Ավիվ, որտեղ այսօր մեկական ընկերական հանդիպում են ունենալու Իսրայելի հավաքականների հետ։ Մեր ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Ադամյանը, մարզիչներ Ալյոշա Աբրահամյանն ու Արսեն Չիլինգարյանը գլխավոր թիմում ընդգրկել են 18, իսկ օլիմպիականում՝ 14 ֆուտբոլիստների։ Թել-Ավիվի «Ռամաթ Գան» (ազգային հավաքական) եւ «Ուինթերս» (օլիմպիական հավաքական) ստադիոններում մեր երկրի ֆուտբոլային դրոշի պատիվը կպաշտպանեն. Ազգային հավաքական՝ Արմեն Համբարձումյան («Մարեկ», Բուլղարիա), Կարեն Դոխոյան («Կռ. Սովետով», Ռուսաստան), Խոսե Անդրե Բիլիբիո, Արթուր Մկրտչյան, Վարդան Մինասյան, Աղվան Մկրտչյան, Էդուարդ Պարցիկյան, Վախթանգ Հակոբյան (բոլորն էլ՝ «Փյունիկ»), Հարություն Վարդանյան, Արթուր Պետրոսյան (երկուսն էլ՝ «Յանգ Բոյզ», Շվեյցարիա), Արտավազդ եւ Արման Քարամյաններ (երկուսն էլ՝ «Պանախաիկի», Հունաստան), Արթուր Ոսկանյան, Տիգրան Ղազանչյան (երկուսն էլ՝ «Դիգենիս», Կիպրոս), Ռոմիկ Խաչատրյան (ԱՊՈԵԼ, Նիկոսիա), Կարեն Ալեքսանյան («Շիրակ»), Արմեն Պետիկյան («Միկա»), Արմեն Շահգելդյան («Նեա Սալամինա», Կիպրոս)։ Օլիմպիական հավաքական՝ Նիկոլայ Սարգսյան, Արտակ Հովհաննիսյան, Վալերի Ալեքսանյան, Կառլ Լոմբե, Ապուլա Էդիմա Բետե Էդել, Էդգար Մանուչարյան (բոլորն էլ՝ «Փյունիկ»), Վարդան Հովհաննիսյան, Կարեն Մուրադյան, Դավիթ Գրիգորյան, Գագիկ Ավագյան (բոլորն էլ՝ «Միկա»), Վահան Մարանջյան («Շիրակ»), Տիգրան Դավթյան, Հովհաննես Հարությունյան, Լեւոն Փաչաջյան (բոլորն էլ՝ «Զվարթնոց»)։ Ծանոթանալով հավաքականներ հրավիրված ֆուտբոլիստների ցուցակին՝ միանգամից աչքի զարնեց երկու բան. նախ, պակասել են մեր ակումբները, ապա չկան նաեւ հիմնական կազմերի լեգեոներականներից շատերը։ Այս հարցերի պատասխանը տվեց ՀՖՖ մամլո քարտուղար Սուրեն Բաղդասարյանը։ «Ցավոք, հերթական անգամ տհաճ անակնկալ մատուցեց «Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը՝ այս անգամ չթույլատրելով հինգ ֆուտբոլիստի (մեկն ազգային հավաքականից, չորսը՝ օլիմպիականից) ընտրանիների կազմում մեկնել Իսրայել,- ասաց նա։- Այդպես ակումբը փաստորեն մեր հավաքականներին, հատկապես՝ օլիմպիականին, դրել է շատ ծանր կացության մեջ։ Ընդ որում, ակումբի ղեկավարությունը ինքնապահովման նպատակով ձեւական նամակ է ներկայացրել ֆեդերացիա, որում պատճառաբանում է, թե մտահոգված է տարածաշրջանում ռազմա-քաղաքական լարված վիճակով, որ իսրայելական կողմը չի կարող ապահովել իր ֆուտբոլիստների անվտանգությունը, ուստի նպատակահարմար չի գտնում իր հինգ խաղացողների ուղեւորությունը Իսրայել։ Փաստացի, այդ պատճառով հատկապես օլիմպիական հավաքականն այս մրցուղերթում հայտնվել է անչափ ծանր կացության մեջ։ Եթե դրան ավելացնենք նաեւ, որ «Զվարթնոցի» խաղացողներն ընդհանրապես չեն մարզվել, քանի որ այդ ակումբի ճակատագիրն այս տարի դեռ անհայտ է, ստացվում է, որ օլիմպիականում հիմա ռեալ 12 ֆուտբոլիստ կա։ Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ մեկ պահեստային դարպասապահն էլ հանած, թիմը խաղադաշտ է մտնելու 11 հոգով, առանց փոխարինողի»։ – Բայց չէ՞ որ կարելի էր գուցե արարատցիների փոխարեն հրավիրել այլ ֆուտբոլիստների։ – Հարցն էլ հենց այն է, որ հնարավոր չեղավ, քանի որ այդ նամակը ֆեդերացիա է ներկայացվել վերջին պահին՝ փետրվարի 7-ին, երբ նոր մարդկանց հրավիրելն այլեւս անհնար էր՝ ժամանակ չլինելու պատճառով։ Չէ՞ որ այդ դեպքում մուտքի վիզաների ձեւակերպման խնդիրներ են լինում։ Բանն այն է, որ ակումբի ղեկավարությունը վաղուց գիտեր, որ իր ֆուտբոլիստները հավաքականի անդամներ են եւ որ հավաքականները տվյալ ժամկետներում մեկնելու են Իսրայել, որտեղ իրավիճակը լարված է։ Եվ մի բան էլ. իսրայելական կողմը խոստացել է մեր ֆուտբոլային պատվիրակության անվտանգության առավելագույն ապահովում։ Ու դա էլ հայտնի է բոլորին։ – Ստացվում է, որ մեր ակումբները կարո՞ղ են ցանկացած ժամանակ հրաժարվել հավաքականներին ֆուտբոլիստներ տրամադրելուց։ – Կանոնադրությամբ ամրագրված է. եթե ակումբը երկուսից ավելի ֆուտբոլիստների չի թույլատրում ներկայանալ ազգային հավաքական կամ խոչընդոտում է դրան, իրավունք կա այդ ակումբին առաջնությունից վտարել։ Ներկայումս ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն զբաղվում է այս խնդրով։ Հրավիրվել են «Արարատի» ֆուտբոլիստները՝ բացատրություն տալու։ Եվ որքան տեղյակ եմ, նրանք ցանկացել են ու պատրաստ են եղել գալ հավաքական ու մեկնել Իսրայել։ Ցավոք, «Արարատ» ֆուտբոլային ակումբի եւ ՀՖՖ-ի միջեւ վերջին շրջանում հակամարտության վերածված տարաձայնությունները գնալով խորանում են։ Ու գրեթե ամեն անգամ դրա նախաձեռնողը, կարծես, ակումբն է լինում։ Եթե ակումբի ղեկավարությունը իրոք մտահոգվել է իր ֆուտբոլիստների անվտանգությամբ, կարելի է հասկանալ եւ ընդունել։ Բայց ոչ մի քննադատության չի դիմանում այն իրողությունը, որ իսկապես կարելի էր ժամանակին նախապես տեղյակ պահել հավաքականների մարզիչներին, ֆեդերացիային՝ հրավերները մերժելու մասին, որպեսզի վերջիններն էլ արարատցիներին այլ ֆուտբոլիստներով փոխարինելու ժամանակ ունենային։ Եվ այդ դեպքում այս մրցուղերթը նորեկների համար մրցափորձի կուտակման գերազանց հնարավորություն կլիներ։ Մինչդեռ, ստացվել է «ոչ ինձ, ոչ էլ մյուսներին» հայտնի ասացվածքի տարբերակը։ Ու նաեւ տարօրինակ է «Արարատ» ակումբի նոր նախագահ Հրաչ Կապրիելյանի (նամակը նա է ստորագրել) պահվածքը կամ, գուցե, իմիջիայլոց, անտարբեր վերաբերմունքը։ Ինչ վերաբերում է լեգեոներականներին, Ս Բաղդասարյանն ասաց հետեւյալը. «Ռոման Բերեզովսկին Գերմանիայում վիրահատվել է։ Հույս կա, որ նա մարզումները կվերսկսի փետրվարի 20-ից հետո։ Վնասվածք ունի նաեւ Սարգիս Հովսեփյանը։ Պարզվել է, որ Կարեն Օհանյանը դեռ պաշտոնական պայմանագիր չունի Մոսկվայի «Տորպեդո Մետալուրգի» հետ։ Սակայն նա այդ թիմի հետ ներկայումս ուսումնամարզական հավաքի է մեկնել Թուրքիա։ Նա այնտեղ դեռ փորձարկվում է։ Այնպես որ, հիմա Կարենի համար ավելի կարեւոր է թիմ գտնելը։ Գրեթե նույն, գուցե ավելի վատ վիճակում է նաեւ Ալբերտ Սարգսյանը, որն առայժմ թիմ չի գտել։ Հայտնի է, որ նա ներկայումս բանակցություններ է վարում Մոսկվայի «Դինամոյի» հետ։ Նա պատրաստ էր ու ցանկանում էր գալ հավաքական, բայց խանգարեց իրադրությունը»։ Համլետ Մխիթարյանը հանդես է գալիս Լիբանանի «Թադամոնում»։ Այդ ակումբի ղեկավարությունն է խնդրել, որպեսզի նա մնա թիմում եւ նույն օրը՝ փետրվարի 12-ին մասնակցի երկրի գավաթի խաղարկության պատասխանատու հանդիպմանը։ Եղիշե Մելիքյանը, որ փորձաշրջան է անցնում Դոնեցկի «Մետալուրգում», այդ թիմի հետ գտնվում է Իսպանիայում։ Այնպես որ, լեգեոներականների բացակայությունը հիմնականում հիմնավորված է ու հարգելի։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել