«ՏՂԱՄԱՐԴԸ ԵԹԵ ԿԱՆԳՆՈՒՄ Է՝ ՀԱՂԹՈՒՄ Է» ՀՀ նախագահի թեկնածու Արամ Կարապետյանի երեկվա երթուղին սկսվեց Շիրակի մարզի Ազատավան գյուղից, այնուհետեւ շարունակվեց Ոսկեհասկում, Մարմարաշենում, Ամասիայում եւ ավարտվեց Գյումրիում։ Ազատավանում ներկայացնելով իրենց պաշտպանած թեկնածուին, ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը հայտարարեց. «Մենք վայրենիների երկիր չենք, որ ով որ զոռբա է, ասենք, թե կդառնա նախագահ։ Ցավոք, մեր ժողովուրդը բավական զիջող է։ Եկել եմ ասելու, որ բոլոր նրանք, ովքեր պայծառ են պատկերացնում Հայաստանը, երբեք զոռբաներին չենթարկվեն»։ Արամ Կարապետյանի ընտրազանգվածին ընդամենը հարկավոր է 10 րոպե, որպեսզի ոչ միայն հիանա նրանով, այլ նույնիսկ հարցեր առաջ քաշի՝ թեկնածուին թույլ չտալով հեռանալ իրենից։ Դա էր պատճառը, որ մի քանի բնակավայրերում Ա. Կարապետյանը «շեղվեց» եւ, հետեւաբար, ուշացավ մյուս հանդիպումներից։ Մարդիկ պարզապես կանգնեցնում են նրա ավտոմեքենան, ուղղակի պահանջում. «Գահընկեց էրեք Քոչարյանին, ո՞ւր ա էն լավ տղեն, երկիրը կործանվում է, ինչխոր դուք ընգաք ջրափոսի մեջ, էնպես էլ մենք ենք ջրափոսում…»։ Ա. Կարապետյանը խոստումներ չէր տալիս, այլ ներկայացնում էր այն դառն իրողությունը, որի մեջ հայտնվել են մարդիկ։ Պարզապես նրա մոտ դա շատ դիպուկ է ստացվում, եւ դա է պատճառը, որ ելույթներն ընդհատվում են ծափահարություններով։ Ոսկեհասկում թեկնածուն ներկայացնելով երկրի տնտեսական վիճակը, արտագաղթը՝ արեց հետեւյալ պատկերավոր համեմատությունը. «Եթե գաղթն այսպես գնա, առաջին դասարան չենք ունենա չորս տարի հետո»։ Ընտրազանգվածին հետաքրքրում էին հիմնականում հետեւյալ հարցերը. ի՞նչ եղան ավանդները, ո՞ւր կորավ Լոքյանը, անձնագրերն ինչո՞ւ են հավաքում, երկրորդ փուլ կլինի՞, թե՞ ոչ… Ավանդների հետ կապված՝ նա ասաց, որ այսօրվա բյուջեով 20 տարվա մեջ հազիվ ավանդները տան։ Կապված երկրորդ հարցի հետ՝ նա պատասխանեց. «ով քննադատում է, պաշտոն են տալիս՝ լռում է, դրա համար էլ հատուկ հայտարարում եմ, որ եթե Քոչարյանն անցավ, ես պաշտոն չեմ ուզելու, ունեցել եմ պաշտոն ավելի մեծ երկրում»։ Անձնագրերի հետ կապված՝ խորհուրդ տվեց. եթե ընտրակաշառք են տալիս՝ վերցնել, սակայն քվեարկել գաղտնի։ «Մի միլիոնի մատնահետք հո չե՞ն հանելու, ո՞վ է իմանալու, թե դու ինչ արիր»։ Ի դեպ, Ազատավանի 46/1386 տեղամասում ընտրությանը պետք է մասնակցի 1386 ընտրող, եւ մինչ Ա. Կարապետյանը ելույթ էր ունենում, մենք շրջեցինք տեղամասում. քվեախցիկներն ու ընտրացուցակները սրտատրոփ սպասում էին փետրվարի 19-ին։ Ոսկեհասկը սահմանամերձ գյուղ է։ Այստեղ ընտրողները թեկնածուին դիմավորեցին հետեւյալ հարցադրմամբ. «ճամփեքը տեսա՞ք»։ Ճամփեքը ոչ միայն տեսանք, այլ, բարեբախտաբար՝ ուղեղի ցնցում չստացանք։ Այստեղ ընտրողներին հետաքրքրեց, թե 60 կովի պատմությունը գիտի՞ Ա. Կարապետյանը։ Պարզվեց, որ նա գիտի, որ այդ 60 կովը Թուրքիա է տարվել 1994-ին, իսկ այս տարվա տվյալներով էլ՝ նման ճակատագրի է արժանացել 35 կով։ Մարմարաշենում թեկնածուն խոստացավ հարկումից տաս տարի ժամկետով ազատել գյուղացիներին։ Այստեղ էլ էր անհանգստացած ընտրողը. նկարներն ինչո՞ւ են մեքենայի վրա. բա որ մի բան անե՞ն։ Ա. Կարապետյանը հայտարարեց, որ երկրորդ փուլի դեպքում ինքը կանգնած է ընդդիմության թեկնածուի կողքին։ Գյումրին Կարապետյանին դիմավորեց մի ճղճղան «դվիժոկով», եւ «Միշտ ձեզ հետ, հանուն ձեզ», «Մեր նախագահը դուք եք, պարոն Քոչարյան», «Շիրակը ձեզ հետ է, պատվական նախագահ» պաստառներով։ Արամ Կարապետյանին դիմավորեցին ծափահարություններով։ Նույն գյումրեցին՝ լավաշը, հացը խցկելով շտաբի անդամների մեքենաները, ասում էր. «Միշտ ձեզ հետ, հանուն ձեզ»։ «Տղամարդը եթե կանգնում է՝ անպայման հաղթում է։ Ես եկել եմ հաղթելու»,- ասաց թեկնածուն, որն արժանացավ հերթական խրախուսանքին. «Ապրե՛ս»։ Ա. Կարապետյանը խոստացավ, որ իր օրոք Ինտերպոլով որեւէ մեկին չեն փնտրելու, Սամվել Բաբայանը պետք է ազատվի բանտից, որ «Ամնիստիա կանենք, կհանենք, ամագը մեծ է», որ վերականգնվելու է նախկին ԿԳԲ-ն, եւ վերջիններս, եթե մեղավոր են՝ նույնպես պատասխան կտան։ «Դու Ստալինն ե՞ս»,- հարցրել էին Ա. Կարապետյանին։ «Ո՛չ, ես Ա. Կարապետյանն եմ»։ Սոցիոլոգիական հարցումների հետ կապված, նա պարզապես նկատեց. «Ինչքան ներքեւ է իմ վարկանիշը, այնքան՝ լավ…»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ