Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՂՆԻՆ ՉԻ ԸՆԿՆՈՒՄ ՈՒ ՄԵՌՆՈՒՄ»

Փետրվար 12,2003 00:00

«ԿԱՂՆԻՆ ՉԻ ԸՆԿՆՈՒՄ ՈՒ ՄԵՌՆՈՒՄ» Հրանտ Մաթեւոսյանը մեր գրական անտառի վեհորեն կեցած լուսասեր կաղնին էր… Այսօր Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան օրն է: Տապալվեց հայ գրական անտառի վեհորեն կեցած լուսասեր կաղնին, ու շառաչը տարածվեց աշխարհով մեկ, հասավ երկինք ու դեռ հնչելու է ժամանակն ի վեր։ Չէ՛, ավելի ճիշտ՝ կայծակնահար եղավ, քանզի ինքը՝ Հրանտ Մեծն է գրել վավերագրողի նման. «Կաղնին ապրում է հինգ հարյուր տարի կանգնած, հինգ հարյուր տարի ընկած՝ բանաստեղծության մեջ, երկու հազար տարի՝ ըստ մասնագիտական գրքերի, իսկ իրականում՝ անհայտ է, թե ինչքան, որովհետեւ կաղնին չի ընկնում ու մեռնում, կաղնին միշտ կայծակնահար է լինում»։ Այո, ինքը մեր գրական անտառի հողմահալած կայծակնահար կաղնին է… Ինքը մեր ժամանակի ու գալիք ժամանակների մեծ հայն է՝ փոթորկված հոգով, ներսը՝ ողբերգություն, ներսը՝ չանթեղվող ցավ, հակասություններով լի, գրի ու գրականության մեջ հզոր, իրական կյանքում՝ մարդկային սուտ ու ճղճիմ հարաբերությունների մեջ, անզոր ու անօգնական, նաեւ անխառն. իր արածի եւ ասածի ճշմարտության մեջ (երբեմն մեզ անհասկանալի) մեծավարի վստահ ու անսասան։ Ինքը եւ մեր մեջ էր եւ մեր մեջ չէր։ Մեր մեջ էր մարդու լավագույն տեսակի ֆիզիկական գոյությամբ, մարդկանց նկատմամբ ունեցած սրտացավությամբ ու ներողամտությամբ, բայց գրականության Նահապետը լինելու չափ Մեծ, անհաս ու հեռավոր էր։ Նա կար անցյալում՝ հազարամյակների մտքի, իմաստասիրության, պայծառ հրաշքների, լուսավոր գյուտերի, փառքերի շնորհիվ, բայց նաեւ վաղվա անտեսանելի, անհասանելի ժամանակի մեջ էր՝ ազատ մտքի անպարագիծ թռիչքով, որպես պայծառատես իմաստուն, որպես հմուտ վերծանող։ Այսօրվա մեջ, իր իսկ խոսքերով, «անկողմնակալ տարեգիր էր», մեծ գրականության վստահված Լիազորը, եւ բոլոր թույլ ու անկարների համար՝ մեր ժամանակի «Մեծ Մեղավորն էր», ինչպես հարափոփոխ ժամանակների մեջ՝ Նարեկացին, Թումանյանը, Կոմիտասը, Չարենցը… Իր գիրը կարդացող ռուսը, անգլիացին, ուզբեկը, ամփոփ բառով՝ օտարը, ճանաչել է Հայաստան աշխարհը՝ մանրակրկիտ տեսնելու պես ճանաչել է մեր ազգի խելոքին ու ծուռին, աշխատասերին ու ծույլին, հիմարին ու գիտակին, մեր անզորին ու զորավորին։ Եվ մեր անզուգական հումորն ու վայրենի ցասումն է հասել օտարի գիտակցությանը (խոսքը ժողովուրդների մասին է, եւ ոչ իշխանավորների) եւ լացի հետ շաղախված ծիծաղի զորությունն է հասել։ Ասել է թե Հրանտ Մաթեւոսյանի փռած հովիտը՝ իր բնակիչներով, հարազատացել է օտարին այնքան, որ իրենք իրենց նույն հովտի բնակիչն են զգացել. մեր ցավը եւ ուրախությունը իրենց սրտին է հասել, ուրեմն՝ Հայաստան աշխարհի Հրանտ Մաթեւոսյան զավակը միայն իրենը չէ, համաշխարհի հանրության զավակն է՝ իր ծննդավայր Ահնիձոր172 Ծմակուտի բնապսակով։ Այսքանից հետո պիտի ասեմ՝ ծնունդդ շնորհավոր, «Հայոց տան ազնվականության մեր ժամանակի տարեգիր»… Շնորհավոր եմ ասում, քանզի քո ծննդյան օրը այսօր եւ այսուհետ մնալու է մեր ժողովրդի ամենապայծառ ու հրաշալի ազգային տոներից մեկր։ Իսկ ես քո գցած հովտի ճշմարիտ ու համեստ բնակիչներից մեկն եմ՝ քո գրականությամբ հմայված, քո բառ ու բանով, քո անսպառ իմաստնությամբ հիպնոսացած։ Այսօր եւ միշտ մեծ հիացմունքով ու մեծ սիրով՝ ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել