Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐԱՐՇԱՎ

Փետրվար 12,2003 00:00

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐԱՐՇԱՎ Աուտսայդերներ Նախագահական ընտրարշավը մոտենում է վերջնագծին: Սակայն 100 օր տեւած քաղաքական մարաթոնը որեւէ անակնկալ չմատուցեց: Մրցապայքարը ընթացավ երեք զուգահեռ հարթություններում, ինչը սկզբից եւեթ կանխատեսելի էր: Նախագահական պաշտոնի համար մրցակցում են Դեմիրճյանը եւ Քոչարյանը, երրորդ պատվավոր տեղի համար Գեղամյանը եւ Կարապետյանը, մնացյալները նախասահմանված աուտսայդերներ են: Զրո ամբողջական տոկոս ձայն ունեցող սույն անձինք պայքարում են ինքնահաստատվելու համար, կամ գուցե արդեն սովորության ուժով: Չնայած հանգամանքին, որ աուտսայդերներից երկուսը՝ Վլադիմիր Դարբինյանը եւ Արամ Զ. Սարգսյանը, մրցապայքարից դուրս եկան /կարծում ենք հաջողությամբ կանխելով վարկաբեկումը՝ ի դեմս աննշան քվեների/, աուտսայդերները դարձյալ կազմում են նախագահական թեկնածուների մեծամասնությունը: Ահա թե ինչու նախագահական ընտրարշավի ամփոփումը հենց նրանցից էլ սկսում ենք՝ Ռուբեն Ավագյան, Արամ Հարությունյան, Գառնիկ Մարգարյան, Արամ Սարգսյան, եւ որքան էլ ցավալի է՝ Վազգեն Մանուկյան: Առանձնակի կասկածներ լինել չեն կարող, որ առաջին չորսին տրվող քվեների հանրագումարը նախագահական ընտրություններում չի գերազանցելու 1%-ը: Նախագահական ընտրարշավի մեկնարկին հանրությանը բոլորովին անհայտ մի քանի անձինք հայտնվեցին ասպարեզում: Հասարակության առաջին արձագանքը բացասական էր, տարակուսանք նորությունից, առաջադրվողների հավակնություններից, անհամեստությունից: Ընտրարշավի ավարտին, սակայն, կարելի է արձանագրել, որ նրանցից մեկի դեպքում իրականացված քարոզչությունը, հեռուստաբանավեճերը, ընտրողների հետ հանդիպումները, ուղիղ հեռուստաեթերը եւ այլն փայլուն ցուցանիշ արձանագրեցին: Արամ Կարապետյանն այսօր նախագահական ընտրարշավում առնվազն չորրորդ ֆիգուրն է: Մյուսները՝ Ռուբեն Ավագյան, Արամ Հարությունյան, Գառնիկ Մարգարյան, հասարակության համար մնացին նույնքան գորշ եւ ստվերված, որքան մեկնարկին էին: Մեկ անգամ եւս հաստատվեց ճշմարտությունը, որ անձն է զարդարում կամ արժեզրկում զբաղեցրած դիրքը: Արամ Կարապետյանի պարագան նաեւ ցույց տվեց, որ ֆինանսները Հայաստանի նախագահական ընտրություններում խաղում են դեր այնքանով, որ տեսանելի դարձնեն թեկնածուին: Ընդամենը: Իսկ այն, որ հասարակությանը շատ ավելի հայտնի անձինք, ասենք էքս-վարչապետներ Վազգեն Մանուկյանը կամ Արամ Սարգսյանը, Կարապետյանի հաջողության հետ համեմատելի առաջխաղացում էլ չունեցան, ուշագրավ է: Դա ցույց է տալիս, որ հայաստանցիները առաջնորդվում են ոչ թե եղածը մերժելու մտասեւեռմամբ, այլ ընտրություն են կատարում: Եվ իհարկե գնահատում են բարեկրթությունը, ինտելեկտն ու լավատեսությունը: Վազգեն Մանուկյանի հետզհետե մարող ժողովրդականությունը ամենից ցավալի իրողությունն է ներկա ընտրություններում, բայց այն անխուսափելի է: Ինչպես ֆրանսիացի արտիստն է ասել, պետք է կարողանալ ժամանակին հեռանալ խնջույքից: Սովորաբար բարձունքի հասած մարդիկ դա գիտակցում են եւ կարողանում: Հայաստանի վերջին շրջանի պատմության մեջ էլ նման անձինք եղել են՝ Կարեն Դեմիրճյանը 88-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանը 98-ին /թեեւ ավելի ազդեցիկ կլիներ, եթե հեռանար 96-ին/: Բայց Վազգեն Մանուկյանը, անկարող հաղթահարել 96-ի իր թռիչքի հանդեպ կարոտախտը, փորձում է հաղթել նորից ու նորից՝ համարյա ինչպես խաղատան հաճախորդ: Եվ նույնիսկ ինքն իրեն համոզել է, թե հաջողության ինչ-որ հնարավորություն ունի: «Ես բանակում հաստատեցի կարգուկանոն եւ տարա հաղթանակի, երկրում նույնպես կհաստատեմ կարգուկանոն»,- երդվում է Վազգեն Մանուկյանը: Անվերջ կրկնելը «Ես անպայման կդառնամ նախագահ» կարո՞ղ է «Բացվի՛ր, սեզամ»-ի դեր կատարել: Եվ հետո, պետության մեջ կարգուկանոն հաստատելուց առաջ, իմաստալից չէ՞ր լինի ուժերը սեփական կուսակցության տիրութում փորձել: Վազգեն Մանուկյանը հրաշալի գիտե, որ ինքը հասարակական գիտակցության մեջ հաստատված է իբրեւ Տեր-Պետրոսյանի հակոտնյա, եւ, դաժան ճշմարտությունն այն է, որ եթե Տեր-Պետրոսյանը ասպարեզում չէ, Մանուկյանի համար էլ ժամանակավրեպ է գնացքից թռչել: Գառնիկ Մարգարյանը ընտրարշավում ընդգրկվել էր թերեւս կուլիսային պայմանավորվածությունների արդյունքում, որ ինչ-որ պահի թեկնածությունը հանի հօգուտ Գեղամյանի, դա ներկայացվի իբրեւ «Սոցիալիստական Հայաստան» միավորման կուսակցությունների կողմից աջակցություն Գեղամյանին եւ «16-ի» ֆորմատի պառակտում: Քանի որ «Սոցիալիստական Հայաստան» միավորման վեց կուսակցություններից չորսը, գուցե նույնիսկ հինգը, հիասթափեցնելով Գեղամյանին, եւ թերեւս ոչ միայն նրան, պատրաստակամություն են հայտնել եւ արդեն հանդես են գալիս Դեմիրճյանի պաշտպանությամբ, Մարգարյանը հայտնվեց միանգամայն անհեթեթ իրավիճակում: Նա չէր հաշվարկել միայնակ մնալ: Ոչ էլ իհարկե 0% ձայն հավաքել: Ռուբեն Ավագյանը հաջող կամ անհաջող գովազդեց ոչ թե իր «Միավորված հայեր» կուսակցությունը, այլ ԲՈՒՀ-ը, քանի որ բոլորը նրան ընկալեցին իբրեւ ինչ-որ բուհի ռեկտոր: Այս մարդը այնքան պատահական երեւույթ էր, որ նույնիսկ զրո ամբողջական տոկոս ձայն հավաքելը նրան չի հուզի. ոչ հեղինակության խնդիր գոյություն ունի, ոչ վարկանիշի: Անշուշտ, ցանկալի կլինի, եթե այս կատեգորիայի թեկնածուներ հնարավորինս քիչ հայտնվեն քաղաքական ընտրարշավներում: Համենայնդեպս, շատերն են այն տպավորությունը ստացել, թե Ավագյանը մտահոգված էր կամ սեփական անձը ներկայացնելով, կամ բիզնեսը գովազդելով: Մանավանդ հայտարարեց, թե երկրորդ փուլում պաշտպանելու է առավել ձայներ ստացած թեկնածուին, ասել է թե, ինքն ընդհանրապես քաղաքական կողմնորոշում չունի: Արամ Հարությունյանը նվազ մերկանտիլ է թվում, բայց նա նույնպես չկարողացավ իր համար ձեւավորել ընտրազանգված: Արամ Գ. Սարգսյանի դերակատարությունը ընտրարշավում ընդհանրապես աննկատ անցավ, ոչ անհայտ էր եւ նորույթ, ոչ էլ ուշագրավ կամ հիշվող: Արդյունքում աուտսայդերները նախագահական ընտրությունների ելքի վրա կարծս թե ազդեցություն չունեցան: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել