ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽԱՂԵՐ՝ ՓԻԱՌՈՏ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ Քոչարյանի քարոզարշավը տապալվում է Նախընտրական քարոզարշավի արդեն կեսն անցած օրերին քոչարյանական քարոզիչներն ակնհայտորեն նյարդայնանում են: Նյարդայնանում են Դեմիրճյանի ահռելիորեն աճող ժողովրդականությունից, Վազգենի եղբայր Արամի ազնվությունից, համարձակությունից, շիտակությունից, Գեղամյանի անմիջական բացախոսությունից, Արամ Կարապետյանի երիտասարդականությունից, Վլադիմիր Դարբինյանի անդավաճան ընտրախավից, Րաֆֆի Հովհաննիսյանի անկանխատեսելի «պաձերժկայից»: Նյարդայնանում են իշխանական «ընդդիմադիրներ» Ռուբեն Ավագյանի անհայտնիությունից, Արամ Հարությունյանի անճարակությունից, Վազգեն Մանուկյանի անցած-գնացած լինելուց…: Ու օր օրի Քոչարյանի քարոզիչները հաջողությամբ տապալում են Քոչարյանի ի սկզբանե տապալված քարոզարշավը: Որովհետեւ Քոչարյանի քարոզիչները, նախընտրական միտինգներում վերեւները Քոչարյանի կողքին կանգնածները՝ նախարարներ, մարզպետներ, գյուղապետեր, պատգամավորներ ու թաղի տղերք են, որոնց էս ժողովուրդը հասկանալիորեն չի սիրում: Իսկ Քոչարյանի դիմացը՝ ներքեւներում, էդ չսիրված նախարարների, մարզպետների, գյուղապետերի, պատգամավորների ու թաղի տղերքի կողմից բերման ենթարկված մի քանի տասնյակ ուսուցիչն ու բժշկուհին են, մի երկու գյուղացին, մի երկու թոշակառուն, մի քանի անգործ մարդը, որ ամիսներով աշխատավարձ ու թոշակ չեն ստացել, հողի ու ջրի հարկ չեն մուծել, տան վարձ ու լույսի փող չեն մուծել, երեխաներին դպրոց չեն ուղարկել, բերքը մսխել են Երեւանի շուկաների առեւտրականների դարդից, գարնանացանի պարարտանյութ չեն առել, փիառից, բանից էլ չեն հասկանում, տռուսիկով բասկեբոլ խաղացող ու սեւաններում «կածեռ» քշող տղամարդ ու առավել եւս նախագահ էլ չեն սիրում ու տուն գնալուց հայհոյում են մարզպետին էլ, գյուղապետին էլ, Քոչարյանին էլ…: Քոչարյանի բաժանած մի քանի հազար դրամը վերցնելու են, թաղի տղերքին, մարզպետին ու գյուղապետին ասելու են «հարց չկա» ու վարձահատույց են լինելու իրենց բերման ենթարկելու, իրենց արժանապատվությունը տրորած լինելու, տասներկուտոկոսանոց աճից իրենց բաժինը չունենալու, քառասունհազարանոց աշխատատեղից իրենց աշխատատեղը չունենալու, իրենց անփեջ տների ու Քոչարյանի բուխարու համար, իրենց երեխաների ռուսաստաններում թափառելու ու Քոչարյանի երեխաների՝ բադ խփելու հոբբիների համար ու Քոչարյանին չեն ընտրելու: Էս մարդիկ հասկանում են, որ Քոչարյանի չընտրվելու համար նախարարներն ու մարզպետներն են քաշվելու, գյուղապետերն ու թաղի տղերքն են քաշվելու, իրենք ինչ: Ու Քոչարյանին մնալու են չգիտես ինչու «Մահ կամ ազատություն» պլակատները գրկած գլուխկապ աղջիկներն ու մազերին փայլ քսած սկաուտները: Մնալու են Քոչարյանին սատարող իգիթյանները, լյուդմիլաները ու էլի մի երկու իգիթյան, որոնց էս ժողովուրդը համ Քոչինյանին սատարելուց է տեսել, համ Դեմիրճյանին, համ Լեւոնին, համ Վազգենին ու Դեմիրճյանին միասին ու սրանց սատարելուն չի հավատում ու չի հավատալու: Քոչարյանին մնալու են թագավորի ճակատ պաչող պառավները, որ գյուղացիներին հարցնես կամ խելառ թամարներն են կամ մարզպետների «դվայոռդնի» մորքուրները: Իսկ սրանց ձայները Քոչարյանին չեն հերիքելու: Ու փիառի մասին մաքուր անգլերենով գրքեր կարդացած,անհանդուրժողականությունից, սեւ փիառից, թափանցիկ ընտրություններից ինտերվյու տվող ջահելները, եռագույն «բազեներ» դարձած երիտասարդները, թաղային «ավտարիտետներն» ու դրանց հավասարեցված պաշտոնյաները մնալու են ընտրությունները հարյուր տոկոսով կեղծելու՝ Քոչարյանին տված իրենց հավատարմության ու խելառ թամարների սկաուտախառը մի քանի ձայնի հետ ու սրանք ընտրությունները չեն կեղծելու: Էդ ջահելները Հայաստանում առաջ գնալու, փող աշխատելու խնդիր ունեն, էդ «ավտարիտետները» միշտ «ճշտով» մնալու խնդիր ունեն ու վաղուց արդեն «ջոկել» են անցնող թեկնածուին ու թաքուն խաղեր տալով անցնողների ճամբարներում, սրանց տղերքին ասում են, որ Քոչարյանը շանս չունի: Բիզնեսի տղերքը շանս չունեցողին բիզնես «դավերյա» չեն անելու ու Քոչարյանին «քցելու» են: Թող հայլուրականներն առավոտը Դեմիրճյանի փեշերը համբուրած գյուղացուն իրիկունը համոզեն, որ Դեմիրճյանին էդ գյուղում վատ են դիմավորել ու իրենց փիառոտ խելքով թող կարծեն, որ գյուղացին ոչ թե իր համբուրած փեշին է հավատալու, այլ հայլուրի աղջնակին: Թող առավոտը Վազգենի եղբայր Արամին աղ ու հաց տվող գյուղացիներին, առավոտվա հանդիպումից մինչեւ իրիկուն Արամի շիտակությունից, անմիջականությունից, թասիբից խոսացող հազարավոր մարդկանց իրիկունը թող համոզեն, որ Արամն էդ գյուղում, էդ թաղում ընդհանրապես չի եղել ու իրենց փիառոտ խելքով թող կարծեն, որ գյուղացին իրենց փիառին է հավատալու: Թող կաբզոններն ու լուժկովները ու էլի մի վեցհարյուր կասկածելի ռուսներ խորովածի սեղանի շուրջ ասեն, որ «պռեզիդենդ նե պադաետ»: Քոչարյանի քարոզիչները հաշվի չեն առել, որ Հայ քաղաքացու, հայ գյուղացու, հայ երիտասարդի ու հայ գրագետի համար Քոչարյանն այլեւս այն անճանաչ Քոչարյանը չի, որ Վազգենի թեթեւ ձեռքով հայաստանցուն ներկայացավ որպես արցախյան պայքարի խորհրդանիշ ու Արցախի կռվի անկոտրում պաշտպան, որպես Հայաստանն ու Արցախը օտարին հանձնելուց փրկող, որպես ազգային մտածողության ու ազգային արժեքների կրող, որպես անբիծ ու անկաշառ նվիրյալ: Հայաստանցու համար այսօրվա Քոչարյանը տասնյակից ավելի քաղաքական սպանություններ ու ինքնասպանություններ, «հոկտեմբերի 27» հանդուրժած, Հայաստանի տնտեսական հսկաները օտարին վաճառած, տնտեսական հզորությունները սեփական շրջապատին բաշխած, անազգ ու անհայրենիք պաշտոնյաներով շրջապատված, ազգային հերոսներին ստորացրած ու նրանց հիշատակը պղծած, ու…առանց Վազգեն Քոչարյանն է արդեն: ՈՒ այս անելանելի իրավիճակից, այս ի սկզբանե պարտված քարոզարշավից խուճապահար, Քոչարյանի քարոզիչներն իրենց այրվող կաշիները փրկելու համար փիառի գրքերից կարդացած խաղեր են սկսել տալ նախընտրական դաշտում: Ասում են էլ ով, եթե ոչ Քոչարյանը: Ու չեն հասկանում, որ այս նախագահական ընտրությունների արդյունքը հայաստանցին Քոչարյանից ազատվելու մեջ է տեսնում ընդամենը ու ոչ ավելին ու հայաստանցին նույնիսկ հանուն աննախագահ Հայաստանի է պատրաստ քվեարկել՝ Քոչարյանի հեռանալու դարդից: Ասում են Քոչարյանը ծրագիր ունի ու չեն ասում Քոչարյանի ծրագիրը որն է: Ասում են Հայաստանի ճանապարհները տարածաշրջանում «ամենից» լավն են լինելու, որ Հայաստանի բանակը տարածաշրջանում «ամենից» ուժեղն է, որ Հայաստանը դառնալու է բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոն ու չեն ասում տարածաշրջանը մինչեւ Ասկերա՞նն է, թե՞ Թուրքիան, Իսրայելը, Իրանը հետը վերցրած: Ասում են կայունությունը միայն Քոչարյանով է կայուն ու օրը մեջ ճակատին կրակելով մարդ են սպանում: Ասում են Դեմիրճյանը հորն է նման, հոր ճամփով է գնում, հոր նման է խոսում, որ Դեմիրճյանի կողմնակիցները բարդույթավորվեն, առարկեն ու ասեն. չէ, Դեմիրճյանն ինքնուրույն քաղաքական գործիչ է: Ու չեն ասում. վա՞տ բան է հորը նման լինելը: Վա՞տ բան է հոր ճամփով գնալը: Դեմիրճյանը հորից ամաչելու խնդիր ունի՞: Դեմիրճյանը հորով հպարտանալու պարտավորություն ու պարտք ունի: Հոր գործը շարունակելու՝ մարդկային ու բարոյական պարտադրանք: Փառավոր կյանք ապրած հոր անփառունակ վախճանի հետքը Հայաստանից մաքրելու պատասխանատվություն: Ասում են Արամ Սարգսյանը հոկտեմբերի 27-ից է խոսում: Ու չեն ասում. հոկտեմբերի 27-ից խոսելը Հայաստանում մեղք է՞: Հոկտեմբերի 27-ի ոճրագործներին ու կազմակերպիչներին երկրպագելն է՞ աստվածային առաքելություն: Արամ Սարգսյանի եղբայրը Հայաստանի վերջին սրիկան է՞ր, թե Հայաստանի բանակի հիմնադիրն ու հայոց զորքերի սպարապետը, Հայաստանի պաշտպանության առաջին ու առայժմ վերջին նախարարը, Հայաստանի հողն ու Հայաստանի քարը երկրպագող, հային ու հայաստանցուն պաշտող ու Քոչարյանին հայաստանցի կարգած Վազգենը, որի առաջ ու որի հիշատակի առաջ Արամը խնդիր ունի: Պատերազմը հաղթած Վազգենը պատերազմում չի զոհվել: Ստորաբար սպանվել է հայոց պառլամենտի առաջին շարքում: Ու այսպես՝ Քոչարյանի քարոզիչներն օր առ օր ավելի են տապալում Քոչարյանի քարոզարշավը՝ նախ իրենց բթամտությամբ ու անճարակությամբ, հետո նաեւ՝ դեպի անցնող թեկնածուն ճկվելու իրենց բնազդով ու համոզվածությամբ, որ անցնողը Քոչարյանը չի ու դրա հետեւանք՝ այսօր արդեն անթաքույց խուճապով: Իսկ վերջնական փլուզումը որոշելու են համախմբված ընդդիմությունն ու նրա շուրջը համախմբված ժողովուրդը: ՆԱՐԵԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ