Դատավարությո՞ւն, թե՞ կողոպուտ Երեւանի Ազատության պողոտայի 25շ. բն. 29-ի բնակչուհի, 3 զավակների մայր Լուսիկ Հրանտի Կարապետյանի նախկին ամուսինը հաջողացրել է 1 օրում ամուսնալուծվել։ Ճիշտ հայտնի ֆիլմի նման եւ հետո վաճառել է ընտանիքին սեփականաշնորհած բնակարանը։ «Չի կարող պատահել»,- կասեն շատերը, այնուհանդերձ, մեր օրերում ամեն ինչ հնարավոր է։ Լ. Կարապետյանը 1982 թվին ամուսնացել է Սեդրակ Մամիկոնի Կարապետյանի հետ եւ նրան պարգեւել 2 որդի՝ ծնված 1985 եւ 1999թ.թ. եւ մի դուստր (ծնվ. 1983թ.)։ Տնտեսական ճգնաժամի տարիները չէին շրջանցել Կարապետյանների ընտանիքը, եւ գործազուկ Սեդրակը իրեն տվել էր հարբեցողության։ Արդյունքում՝ նախշքար Դավթի նման մշտապես ծեծի էր ենթարկում կնոջը։ Հերթական բռնարարքի արդյունքում Լուսիկին շտապօգնությամբ (21.04.2000թ.), 2-րդ կարգի ուղեղի ցնցումով տեղափոխում են հիվանդանոց (կա տեղեկանքը)։ Ու մինչ տուժողը կդիմեր իրավապահ մարմիններին, օր առաջ է շտապում դա անել ամուսինը։ Նա հաջողում է 24.10.2000թ. 1 օրում ամուսնալուծվել։ Որքան էլ զարմանալի է, մեր դատական մարմինը՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը անհասկանալի շտապողականություն է ցուցաբերում (չսպասելով 6 ամիսը լրանալուն) եւ նույն օրն ամուսնալուծում։ Նույն հապճեպությամբ 12.12.2000 թ. նույն դատարանը բավարարում է հայցվոր Սեդրակի նոր հայցը՝ հարկադիր աճուրդով վաճառել բնակարանը, առանց հաշվի առնելու, որ բնակարանը 1994թ. սեփականաշնորհվել է ընտանիքի բոլոր՝ վեց անդամներին (չի նշված 3-րդ երեխայի անունը, որը ծնվել է 1999թ.), այսինքն, տվյալ բնակարանի սեփականատեր են ճանաչված մնացյալ անդամները (առկա են բոլոր փաստաթղթերը)։ Բնական է, այս ամենը չէր կարող անել ընչազուրկ, գործազուրկ մարդը եւ հասկանալի է, որ անօրինություններն անհնար են առանց շահագրգիռ կողմի։ Ինչպես ներկայացրեց տիկին Լուսիկը, գործին անմիջապես մասնակից է պատկից հարեւանը՝ Նշան Վաղարշակյանը, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատավորի օգնական է եղել եւ նրա կինը՝ Խորհրդայինի դատավոր Աիդա Դավթյանը։ Ովքեր էլ դառնում են աճուրդով վաճառքի հաղթողը եւ ձեռք բերում հարեւանի բնակարանը։ Դե, իրավաբան մարդիկ այնքան էլ միամիտ չեն, որ այդ ամենն անեն իրենց անունով։ Նրանք սեփականության մասին վկայագիրը ձեւակերպում են իրենց բարեկամի՝ Խոսրով Նավոյանի անվամբ։ Արդյունքում՝ 2002թ. օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը բնակարանի նոր տերերը Լուսիկին երեխաների հետ դուրս են անում բնակարանից։ Հինգ օր հիվանդանոցում բուժվելուց հետո, վերադառնալով տուն, Լուսիկը տեսնում է, որ բնակարանի դուռը փոխել են (բնակարանը կողոպտել էին ավելի վաղ, դրանից 1 ամիս առաջ, երբ ինքը գյուղ էր գնացել)։ Լուսիկը ներկայացրեց Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ժողդատարանի 11.10.01թ. եւ 3.02.03թ. որոշումները, որով դատարանը մերժել է իր 2 հայցը, 1-ինը՝ բաժնային սեփականության բաժինն առանձնացնելու մասին, երկրորդը՝ ապօրինի աճուրդն անվավեր ճանաչելու։ Այսպիսով, ժողդատարանը խլում է անպաշտպան երեխաների բնակարանը։ Անպաշտպան ընտանիքը զանազան դռներ է բախում իր ապրելու իրավունքը պաշտպանելու եւ խնդրին արդար լուծում տալու խնդրանքով։ ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ