Ինքն է իրեն թույլ տվել Կիեւյան փողոցի թիվ 18 շենքի բակում ընթացող այս շինարարության հեղինակը, պարզվում է, ինքն է իրեն թույլ տվել եւ իր հեղինակած նախագծի համաձայն, բնակիչների հավաստմամբ, կտրել եւ դեռ կտրելու է իր օբյեկտներին խոչընդոտող բակի 25-27 տարեկան մեծ ծառերը։ «Կտրված ծառերի բներին քար են շարել, որպեսզի դրանք չերեւան»,- պատմում են բնակիչները։ Նրանք օրերս դիմել էին «Առավոտին»՝ խնդրելով պատկան մարմինների միջամտությունը գոնե մնացած կանգուն ծառերը փրկելու համար։ Իսկ մնացած երկու ծառերն արդեն շրջապատված են քարաշեն պատերով եւ մինչ կառույցի հեղինակը կտոնի «օբյեկտամուտը», դրանք էլ կարժանանան նախորդների բախտին։ Երբեմն անթույլատրելի կառույցի համար թույլտվություն ստանալը տիրոջից մեծ գումարներ է խլում, որն էլ հետո ասելիք է դառնում. «Փող եմ տվել, բերաններ եմ փակել»։ Սակայն խնդրի առնչությամբ Արաբկիր համայնքի թաղապետարանից ստացած պարզաբանումներից կարելի է ենթադրել, որ սա այդ դեպքը չէ։ Թաղապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի ճարտարապետ Արտավազդ Նազարեթյանի հավաստմամբ, նշյալ հասցեում ընթացող շինարարությունն ապօրինի է։ Նույնիսկ երկար փնտրտուքներից հետո էլ Արաբկիրի թաղապետարանում չգտնվեց թեկուզ նախկին պաշտոնյաներից մնացած մի փաստաթուղթ, որը կթույլատրեր նշյալ կառույցների շինարարությունը։ «Ոչ նախկին պաշտոնյաների, ոչ էլ մեր օրոք թաղապետարանը թույլտվություն չի տվել»,- պնդեց պարոն Նազարեթյանը։ Մի առիթով հենց այդ թաղապետարանի նախկին պաշտոնյաներից մեկը նշել էր, թե իրենց համայնքում նույնիսկ մի քարի՝ տեղից-տեղ տեղափոխվելու դեպքում էլ իրենք անպայման տեղյակ են լինում։ Մեզ համար զարմանալի էր, որ մեծ տարածք զբաղեցնող շինարարությունը ոչ մի անգամ համայնքի պատասխանատուների աչքը չէր «շոյել»։ Թիվ 18 շենքի բնակիչներին նաեւ անհանգստացնում էր այն փաստը, որ շինարարության իրենց անծանոթ տերը երեխաներից խլել է բակի միակ խաղահրապարակը։ Նրանց խոսքերով, «այդ տարածքը միակ ապահով վայրն էր, որտեղ երեխաները խաղում էին։ Իսկ շենքի բակն ամբողջությամբ զբաղեցված է ավտոտնակներով»։ Հատված կամ հատվելիք ծառերի վերաբերյալ տեղում ուսումնասիրություն կատարելուց հետո, իր վրդովմունքը հայտնեց նաեւ քաղաքապետարանի կանաչապատման վարչության գլխավոր դենդրոլոգ Սուրեն Մաքսապետյանը։ «Քաղաքապետարանում կա գլխավոր դենդրոլոգի ծառայություն, վերջինս էլ որոշում է, թե քաղաքի որ հատվածում որ ծառը պետք է հատվի։ Շինարարության հեղինակն իրավունք չուներ ծառը հատելու»։ Այնուհետեւ գլխավոր դենդրոլոգը նշեց մի շարք կանոններ, թե իրենց կողմից արված մասնագիտական եզրակացության հիման վրա մայրաքաղաքի ծառերն ինչպես են հատվում։ Ըստ պարոն Մաքսապետյանի, նախ պետք է յուրաքանչյուր հատվող ծառի լուսանկարը լինի։ Պետք է որոշվի՝ բնի մասը փտա՞ծ է, փչա՞կ է, կամ էլ ուժգին քամիներից շուռ գալու վտանգ կա՞, հասարակությանը, տրանսպորտին վտանգ սպառնո՞ւմ է եւ այլն։ Ս. Մաքսապետյանը նաեւ հավաստիացրեց, որ արդեն իրենց կողմից ստեղծված իրավիճակի վերաբերյալ արձանագրություն է կազմվում Արաբկիրի թաղապետարան ուղարկելու նպատակով, որպեսզի համապատասխան միջոցներ ձեռնարկվեն։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ