ԱԼԱՐԵԼ ԵՆ ԱՆԳԱՄ ԾՐԱԳՐԵՐԸ ԹԱՐՄԱՑՆԵԼ ՀՀ նախագահի թեկնածուների ծրագրերի տնտեսական քաղաքականության դրույթներին ծանոթանալիս նկատում ես, որ, չնչին բացառությամբ, դրանք գրվել են վաղուց, մեկ-երկուսն էլ դեռեւս նախանցած նախագահական ընտրություններին պատրաստվելիս։ Հետեւաբար, թեկնածուները հաշվի չեն առել վերջին տարիների զարգացումները կամ տնտեսական բնագավառի շարժն ու փոփոխությունները։ Ուստի, եթե նույնիսկ անտեսենք դրանց թույլ, տնտեսագիտության համար անհասկանալի ու արտառոց որոշ «դրույթներն» ու նպատակները, ի սկզբանե կարելի է ասել, որ դրանք դատապարտված են կամ չկատարվելու, կամ փոփոխվելու, կամ ինչ-որ իրողություններ փոփոխելու, որովհետեւ սխալ ելման կետ են ընտրել։ Որոշ թեկնածուներ ոչ մի նորություն չեն առաջարկում, նրանց ծրագրերը հռչակագրային բնույթ են կրում։ Օրինակ, նախագահի մշտական թեկնածուի տիտղոսին հավակնող Վազգեն Մանուկյանի ծրագիրը կարող էր արդիական լինել դեռեւս 90-ականների կեսերին, երբ այս ամենին իշխանությունները հատուկ ուշադրություն չէին արժանացրել. «Հատուկ ուշադրություն դարձնել արդյունաբերության առավել բարձր տեխնոլոգիական ճյուղերի զարգացմանը։ Իրականացնել նոր տնտեսական քաղաքականություն, կիրառելով արդյունաբերության որոշակի ճյուղերի համար նպաստավոր հարկային, վարկային, ինվեստիցիոն պայմաններ, ներքին շուկայի պաշտպանվածություն, արտոնյալ պայմաններ արդյունաբերական արտադրանքի արտահանման համար»։ Կարծում ենք, ավելի ճիշտ կլիներ՝ Վազգեն Մանուկյանը գրեր, թե արտահանումը 100%-ով մաքսատուրքից ազատելուց բացի, ինչն արել են այսօրվա իշխանությունները, արդյունաբերական արտադրանքի արտահանումն է՞լ ինչ մեխանիզմներով է խթանելու։ Կամ հիմնավորեր, որ նպաստավոր հարկային քաղաքականությունը ավելի շատ անհրաժեշտ է ոչ թե ոսկեգործության ու ադամանդագործության համար, որտեղ կիրառվում է այսօր, այլ, ասենք, քիմիական արդյունաբերության։ Թարմության առումով աչքի է ընկնում միայն Արամ Կարապետյանի ծրագիրը, ինչը, կարծում ենք, մեծ մասամբ պայմանավորված է քաղաքականության մեջ նրա՝ նոր մարդ լինելով։ Այսպես. «սեփականաշնորհված, բայց չաշխատող գործարանների վրա պետք է դրվի համապատասխան գույքահարկ, որպեսզի սեփականատերը կամ վերագործարկի եւ աշխատեցնի ձեռնարկությունը, կամ վաճառի այլ ներդրողի կամ պետությանը»։ Իր մյուս բոլոր դրույթներն էլ են ելնում այսօրվա տնտեսական իրականությունից։ Իսկ «Ազատ տնտեսություն եւ ազատ շուկային դավանող իշխանություն» իր «դավանանքը» 180 աստիճանի հակասության մեջ է արդեն իր թեկնածությունը հանած Վլադիմիր Դարբինյանի «Տնտեսական քաղաքականության հիմքը հանդիսանում է բազմակացութաձեւ էկոնոմիկան պետական սեփականության գերակայության պայմաններում» տեսակետի հետ։ Ազատ շուկայական տնտեսության (որ ճանապարհը ընտրել է մեր երկիրը) որոշ հատվածների վրա պատրաստվում է նույնպիսի կոպիտ միջամտություն ցույց տալ նաեւ Արտաշես Գեղամյանը, նպատակ ունենալով «վարկավորման տոկոսադրույքների էապես իջեցում տնտեսության իրական հատվածի համար արտոնյալ պայմաններ ստեղծել»։ Արամ Հարությունյանինը «Նախընտրական տնտեսական ծրագիր» թեմայով գրված ռոմանտիկ թեկնածուին հանձնարարված շարադրություն է հիշեցնում. «Տնտեսության զարգացման համար կկարեւորվի համայն հայության (մերձավոր եւ հեռավոր սփյուռք) տնտեսական, ֆինանսական, մտավոր ներուժի առավել ներգրավումը, ինչը ենթադրում է անհրաժեշտ իրավական, բարոյահոգեբանական պայմաններ»։ Իսկ Գառնիկ Մարգարյանն ու Արամ Գ. Սարգսյանը, որոնց ծրագրերը տառացիորեն նույնն են, մի քանի նպատակներ հռչակելուց զատ, առաջ են քաշում եւս մի կարեւոր խնդիր. «կապիտալի՝ ապօրինաբար երկրից դուրս հանելու ուղիների փակում»։ Զուտ հռչակագրային է նաեւ Ռուբեն Ավագյանի ծրագիրը։ Խիստ արդիական դրույթ է իր ծրագրում ընդգրկել Ստեփան Դեմիրճյանը. «Գյուղին եւ գյուղմթերքներ արտադրողներին պետական համակողմանի աջակցության ցուցաբերում, գյուղական բնակչության արտահոսքի կանխում՝ սահմանամերձ բնակավայրերի կայունացման նկատառումով»։ Արամ Զ. Սարգսյանի ծրագիրը միակն է, որ իր նախատեսած արդյունքներին հասնելու համար մեխանիզմներ է նշում։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը միակն է, ում ծրագրերը գործի հետ համեմատելու եւ արձանագրելու հնարավորություն ունենք. տնտեսական ենթակառուցվածքներ, որոնց իրոք պատշաճ ուշադրություն է դարձվում։ Իսկ թե «տնտեսական մենաշնորհի չարաշահման դեմ» ինչ «արդյունավետ պայքար է մղվում» կամ թե մասնավորեցմանը ինչպես է «առավել արգասավոր ընթացք» տրվում, կարելի է գնահատել, հաշվի առնելով քաղաքական ենթատեքստ ունեցող մասնավորեցման միայն վերջին օրինակները։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ Հ. Գ. Ծրագրերը վերլուծվել են անկախ «Առավոտի» համակրանքներից ու հակակրանքներից։ Որպես հիմք է ընդունվել Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի «Ընտրությունների ուղեցույցը»։