ԻՐԱՔՆ ՈՒ ՄԵՆՔ Անցած շաբաթավերջին Ֆ.Էբերտի հիմնադրամի աջակցությամբ Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը տեղի ունեցավ սեմինար՝ «Իրաքյան ճգնաժամն ու Հարավային Կովկասը» թեմայով: Սեմինարի աշխատանքները նախագահող «Համաձայնություն» քաղաքագիտական եւ իրավական հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը բացման խոսքում նկատեց, որ այս թեմայի շուրջ քննարկումները կարող են ժամանակավրեպ թվալ՝ նկատի ունենալով, որ այս օրերին Հայաստանում նախագահական ընտրություններ են ընթանում: Այդուհանդերձ, Իրաքի շուրջ ծավալվող զարգացումները չեն կարող շրջանցել Հարավային Կովկասն ու մասնավորապես Հայաստանը՝ հաշվի առնելով, որ Իրաքի դեմ ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությունների համատեքստում աշխարհաքաղաքական որոշակի փոփոխությունները կարող են անխուսափելի լինել եւ իրենց ազդեցությունը թողնել ինչպես ողջ տարածաշրջանի, այնպես էլ Հարավային Կովկասի ու մասնավորապես Հայաստանի վրա: Այդ տեսակետին համաձայն էին ինչպես ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին, այնպես էլ սեմինարի մյուս մասնակիցները: Դեսպանի դիտարկմամբ, Իրաքի շուրջ ծավալվող իրադարձություններն ու հնարավոր ռազմական գործողությունների հետեւանքները միայն այդ գործողություններում ներգրավված կողմերի վրա չէ, որ ազդելու են: Ա.Կյունին եւս մեկ անգամ ներկայացրեց Իրաքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ պաշտոնական Փարիզի դիրքորոշումը, որն, ըստ դեսպանի, սկզբունքային է եւ մնում է անփոփոխ. այն է՝ Իրաքի դեմ ռազմական գործողությունը կարող է սկսվել միայն ծայրահեղ դեպքում եւ միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սանկցիայով՝ 14/41 բանաձեւի համաձայն ու միայն այն բանից հետո, եթե ՄԱԿ-ի ռազմական տեսուչները հայտարարեն, որ Իրաքը չի ցանկանում համագործակցել միջազգային հանրության հետ, եթե լինեն անհերքելի ապացույցներ՝ Իրաքի կողմից զանգվածային ոչնչացման զինանոց ունենալու մասին: «Մենք չենք բացառում նույնիսկ ռազմական գործողություններ սկսելու հնարավորությունը, բայց այս պահին բանը դրան չի հասել: Մնում են մութ հարցեր: Ուժի կիրառումը պետք է ծայրահեղ տարբերակ լինի, վերջին միջոց եւ, բոլոր դեպքերում, այն պետք է լրջորեն կշռադատված ու փաստարկված լինի՝ հաշվի առնելով դրա ողջ հետեւանքները: Երբեք լավ պատերազմ ու վատ խաղաղություն չի եղել»,- ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ հատկապես շեշտելով, որ Իրաքում ռազմական գործողություններ ծավալվելու եւ Իրաքը ռմբակոծելու դեպքում ավերվելու են գործող էլեկտրակայաններ, նաեւ Դանուբ գետի կամուրջները, ինչը վտանգավոր է, եւ, որի հետեւանքով կարող են տուժել ինչպես Արեւմուտքում, այնպես էլ՝ արաբական երկրներում: Ա.Կյունին հատուկ շեշտեց, թե Իրաքի դեմ գործողությունների հետեւանքով կվտանգվի նաեւ այդ երկրի տարածքային ամբողջականությունը, ինչը տարածաշրջանում կարող է անկայունության օջախ դառնալ: Այս տեսակետին համաձայն էին սեմինարի մասնակից հայաստանյան փորձագետները, նաեւ ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչները: Այս հարցը, թերեւս, այն եզակիներից մեկն է, որի շուրջ ոչ կառավարական եւ, նույնիսկ, ՀՀ արտաքին քաղաքականությունը քննադատող քաղաքագետները համաձայն էին պաշտոնական Երեւանի որդեգրած դիրոքորոշմանը, որը շատ մոտ է Ֆրանսիայի հայտնած դիրքորոշմանը: Իրաքյան ճգնաժամի հանգուցալուծմանը միանգամայն այլ եւ ակնհայտորեն ամերիկյան դիրքերից հանդես եկան Վրաստանի ներկայացուցիչներ, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր եւ «Միավորված ժողովրդավարներ» կուսակցության ներկայացուցիչ Կախա Չիտայան եւ Վրաստանի հանրապետական կուսակցության անդամ, «Ժողովրդավարության եւ համագործակցության կենտրոնի» ղեկավար Իվիլիան Խանդրավան: Կ.Չիտայան նախ հարձակման ենթարկեց դեսպան Անրի Կյունիին՝ Ֆրանսիային մեղադրելով անսկզբունքային դիրքորոշման, իրաքյան ռեժիմի դեմ ուղղված քայլերին չաջակցելու եւ Իրաքի ունեցած զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմն առնելու հարցերում: Կ.Չիտայան իր ելույթում հայտարարեց, թե ԱՄՆ Պետդեպարտամենտի քարտուղար Ք.Փաուելն արդեն հայտարարել է, թե անհերքելի փաստեր կան Իրաքի՝ այդպիսի զինանոց ունենալու եւ դրա վտանգավորության մասին: Էլ ի՞նչ ապացույցներ են պետք, որ Ֆրանսիան Իրաքի դեմ ռազմական գործողությունների սկսվելը տեղին համարի: Ըստ էության, սա էր Վրաստանի խորհրդարանի պատգամավորի դիրքորոշումը, որը կարծիք հայտնեց նաեւ, որ անկախ այն բանից՝ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը թույլ կտա՞, թե՞ ոչ՝ Իրաքի դեմ ռազմական գործողություններ կլինեն: Բայց Ա.Կյունին համառում էր ու նույնիսկ առանց ավելորդ դիվանագիտություն բանեցնելու՝ հակադարձեց. «Գուցե դուք այնպիսի տեղեկատվություն ունեք, որը ես չունե՞մ»: Ըստ նրա՝ այն, ինչ ենթադրում է Փաուելը, դեռեւս չի նշանակում, թե դա փաստ է: Իսկ նման անհերքելի փաստեր, Ա.Կյունիի ասելով՝ դեռեւս չկան, եւ խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու հնարավորություններն էլ սպառված չեն: Ինչ վերաբերում է Ի.Խանդրավային, ապա վերջինս տեսակետ հայտնեց, թե ԱՄՆ ջանքերն ուղղված են ոչ միայն Իրաքի տրամադրության տակ առկա զանգվածային զենքի ոչնչացմանը, այլեւ այդ երկրում ժողովրդավարության հաստատմանը: Ըստ նրա, առայժմ առաջինի առկայությունն ու երկրորդի բացակայությունը չեն կարող տարածաշրջանի երկրներին ու միջազգային հանրությանն ընդհանրապես կայունություն երաշխավորել: Ի.Խանդրավան չշրջանցեց նաեւ Իրաքի դեմ հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ խաղաղ բնակչության շրջանում հնարավոր զոհերը: «Մեկ զոհը ողբերգություն է, բազմաթիվ զոհերը՝ վիճակագրություն»,- հայտարարեց վրաց քաղաքագետը՝ կարծիք հայտնելով, թե դա յուրատեսակ պատիժ կարող է լինել Իրաքի ժողովրդին, որն այսքան տարի հանդուրժել է Սադամ Հուսեյնի նման բռնակալին: Ըստ Խանդրավայի, ԱՄՆ-ը այլ տարբերակ չունի, քան իր պետության անվտանգությունն ապահովելու համար ստիպել Իրաքին ժողովրդավարական երկիր դառնալ: Նմանատիպ տեսակետ հայտնեց, ի դեպ, «Արմատ» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նա միակն էր հայաստանյան ներկայացուցիչներից, որ գտնում էր, թե ԱՄՆ դիրքորոշումը Իրաքի հարցում պարտադրված ու անխուսափելի քայլ է: Ստ. Գրիգորյանի գնահատմամբ, անկախ այն բանից, թե ՄԱԿ Անվտանգության խորհուրդը Իրաքը ռմբակոծելու սանկցիա կտա՞, թե՞ ոչ, միեւնույն է՝ ռազմական գործողություններ կսկսվեն: Բացի այդ, նրա դիտարկմամբ, ՄԱԿ ԱԽ կողմից նման սանկցիա չտալու դեպքում ԱՄՆ-ը նոր դաշնակիցներ կգտնի եւ նոր եվրոպական ալյանս կձեւավորի՝ ի դեմս նոր եվրոպական երկրների, որոնց թվում չեն լինի Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանն ու եվրոպական այն երկրները, որոնք այսօր հապաղում են ԱՄՆ-ին աջակցելու հարցում: Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելու հնարավորության մասին խոսելով՝ մասնավորապես Դ.Շահնազարյանն էր, որ առանցքային համարեց այն, թե Իրաքի ռմբակոծումը կլինի ՄԱԿ ԱԽ սանկցիայո՞վ, թե՞ առանց դրա, «որովհետեւ դրա ազդեցությունն էական կլինի Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա»: Դ.Շահնազարյանի համոզմամբ՝ «Եթե ռազմական գործողությունները սկսվեն առանց համապատասխան սանկցիայի, մենք ստիպված կլինենք այդ քայլը լրջորեն կշռադատել՝ արդյո՞ք այդ դեպքում միջազգային իրավական քաոս չի լինի, եւ արդյոք դա ավելի պակա՞ս վտանգավոր է, քան Հուսեյնի ռեժիմը»: «Քաղաքագիտական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» ղեկավար Աղասի Ենոքյանը խնդրո առարկային անդրադարձավ Հարավային Կովկասում Ռուսաստանի շահերի տեսանկյունից: Բայց նա նախ անդրադարձավ ՄԱԿ ԱԽ սանկցիան ունենալ-չունենալու խնդրին. «Անկախ մյուս երկրների դիրքորոշումից, պատերազմ ամեն դեպքում կլինի: Իհարկե, ԱՄՆ-ին ավելի ցանկալի է ունենալ ՄԱԿ-ի մանդատը՝ իր բավականին վատ իմիջը չխորացնելու համար»: Ըստ Ա.Ենոքյանի, այդ իմաստով ԱՄՆ-ը ձգտելու է որոշակի աշխատանք տանել ՄԱԿ ԱԽ անդամ Ռուսաստանի հետ եւ ունենալ նրա աջակցությունը. «Սակայն այս դեպքում ՌԴ-ն հանգիստ տեղի չի տա, այլ կձգտի որոշակի քաղաքական առեւտուր անել, մանավանդ՝ իր համար կարեւոր Հարավային Կովկասի տարածաշրջանում»: Քաղաքագետի տեսակետն այն է, թե իրաքյան պատերազմի ընթացքում շոշափվելու է Ռուսաստանի անվտանգության համակարգում կարեւորագույն տեղ զբաղեցնող երկու խնդիր՝ նավթային անվտանգություն եւ տարածքային անվտանգություն, որոնք կարող են վտանգվել պատերազմ սկսվելու դեպքում: Ուստի, ըստ Ա.Ենոքյանի, Իրաքի նավթային շուկայում ներկայացված Ռուսաստանին ձեռնտու է, որ լարված իրավիճակը լուծում չստանա, որովհետեւ հակառակ դեպքում նավթի գները կիջնեն: Երկրորդի դեպքում՝ պատերազմի արդյունքում Հարավային Կովկասում կարող է մեծանալ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Թուրքիայի ազդեցությունը: Ռուսաստանին ձեռնտու չէ նաեւ Հարավային Կովկասում հակամարտությունների լուծումն ու կայունության հաստատումը: Անշուշտ, խոսվեց նաեւ իրաքյան ճգնաժամի՝ Հայաստանի վրա հնարավոր ազդեցությունների մասին: Այդ հարցի վերաբերյալ ավելի քան ընդարձակ ու, սեմինարի մասնակիցների գնահատականով, գրագետ զեկույց էր պատրաստել ՀՀ ԱԳՆ Արաբական երկրների եւ Իսրայելի վարչության պետ Յուրի Բաբախանյանը: Ե՛վ նրա, ե՛ւ մյուս հռետորների տեսանկյունից իրաքյան ճգնաժամի ռազմական ճանապարհով լուծումը աշխարհաքաղաքական փոփոխություններ կարող է առաջացնել, որը կարող է անմիջականորեն շոշափել ՀՀ պետական անվտանգության շահերը: Հատկապես այս նկատի ունենալով՝ սեմինարի բոլոր մասնակիցներն էին համամիտ, որ թեեւ Հարավային Կովկասի երկրներն այսօր ի զորու չեն անմիջական դերակատարում ունենալ իրաքյան ճգնաժամի հաղթահարման գործում, այդուհանդերձ լուծման որեւէ տարբերակ կարող է որոշիչ լինել այս տարածաշրջանի ու մասնավորապես հարավկովկասյան երկրների համար: Ցավոք, տեղի ունեցած շահագրգիռ քննարկման ընթացքում հնչած բոլոր ելույթներին ու տեսակետներին անդրադառնալը պարզապես անհնարին է, թեեւ դրանք բոլորն էլ անչափ հետաքրքիր էին: Սեմինարի մասնակիցները կարեւորեցին հատկապես Հարավային Կովկասի երկրների մոտեցումները՝ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, գոնե ոչ պաշտոնական մակարդակով, համահունչ ու ներդաշնակ դարձնելը՝ միաժամանակ ընդունելով, որ աշխարհաքաղաքական որոշակի հարցերի շուրջ նույնիսկ հարավկովկասյան պետությունների շահերը միշտ չէ, որ համահունչ են: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ