Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉԿԱՆ ԱՆԱՉԱՌ TV-ՆԵՐ

Փետրվար 12,2003 00:00

ՉԿԱՆ ԱՆԱՉԱՌ TV-ՆԵՐ «16»-ի միավորման միասնական շտաբի անդամ, ԵԱՀԿ եւ ՄԱԿ դիտորդական խմբերի հետ տարվող աշխատանքների կոորդինատոր Դուստրիկ Մխիթարյանը երեկ ասուլիսում հրապարակեց «16»-ի շտաբի արձանագրած դիտարկման պատկերն ըստ հեռուստաընկերությունների: Ներկայացված տվյալների համաձայն՝ վերջին 6 օրվա ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը, «Շանթը», «Պրոմեթեւսը», «ԱԼՄ»-ն, «Արմենիան» եւ «Կենտրոնը» հիմնական ծրագրերից դուրս՝ միայն Քոչարյանի քարոզարշավին հատկացրել են 4 ժամից փոքր-ինչ ավելի, այն դեպքում, երբ նախագահի բոլոր մյուս թեկնածուների քարոզարշավին միասին, կամ ավելի ճիշտ՝ հակաքարոզչությանը, իրենց ժամանակից հատկացրել են շուրջ 3 ժամ: Այս ցուցանիշը մանրամասնվեց ըստ յուրաքանչյուր հեռուստաընկերության: Վերջին 6 օրվա ընթացքում «Հ1»-ը Քոչարյանի օգտին ապահովել է 32 րոպե, 12 վրկ կեւողությամբ քարոզչություն, իսկ բոլոր մյուս թեկնածուների օգտին՝ ընդամենը 49 րոպե, 41 վրկ: Պարզվում է՝ համեմատաբար անաչառ թվացող ու «Ա1+»-ի դերը մասնակիորեն ստանձնած «Շանթը» Քոչարյանի օգտին ծավալած քարոզարշավին հատկացրել է ավելի շատ ժամանակ, քան նույնիսկ «Հ1»-ը. «Շանթը» Ռոբերտ Քոչարյանի քարոզարշավն իրականացրել է 47 րոպեի ընթացքում, իսկ մյուս թեկնածուներինը միասին՝ 49 րոպե, 41 վրկ-ում: Իշխանահաճո հաջորդ հեռուստաընկերությունն, ըստ «16»-ի հրապարակած տվյալների՝ «Պրոմեթեւսն» է. այն 6 օրվա ընթացքում Քոչարյանի օգտին իրականացրել է 43 րոպե, 30 վայրկյանանոց քարոզարշավ, այն դեպքում, երբ մյուսների օգտին նույն ժամանակահատվածում ապահովել է ընդամենը 15 րոպեանոց «քարոզարշավ»: Հաջորդը «Արմենիան» է, որը Քոչարյանին հատկացրել է 40 րոպե, մյուս թեկնածուներին միասին՝ ընդամենը 34 րոպե 40 վրկ: «ԱԼՄ»-ն Քոչարյանի օգտին հատկացրել է 36 րոպե 45 վրկ, իսկ մյուս թեկնածուների օգտին՝ 16 րոպե: Վերջին տեղում «Կենտրոնն» է. այս հեռուստաընկերությունը 6 օրվա ընթացքում Քոչարյանի օգտին ապահովել է 25 րոպե 15 վրկ, իսկ մյուս թեկնածուների օգտին՝ 23 րոպե: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել