Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իմ նպատակն էն աթոռին նստելը չի»

Փետրվար 12,2003 00:00

«Իմ նպատակն էն աթոռին նստելը չի» «Կարապ-խեձգետին-գայլաձուկ» են խաղում ՀՀ նախագահի թեկնածու, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը երեկ քարոզարշավը շարունակեց Արագածոտնի եւ Լոռու մարզերում։ Ապարանցիներին նույնպես շատ էր հուզում ընդդիմության՝ մեկ մարդու շուրջ համախմբվելու խնդիրը։ Եվ զայրանում էին, որ «իրար մեջ լեզու չեն գտնում՝ կարապ-խեցգետին-գայլաձուկ են խաղում»։ Նրանք ցանկանում են «սիստեմը փոխել» ու դրա համար կարծում են, որ «ընդդիմությունը պիտի կուլակ լինի, որ չջարդվի»։ Այլապես՝ «Քոչարյանը կհաղթի»,- վստահ են նրանք։ Նախագահի թեկնածուն, իր հերթին մարդկանց տեղեկացրեց, որ հատուկ պայմանավորվածություններ գոյություն ունեն եւ «16»-ի կուսակցություններից ոչ ոք Քոչարյանի ճամբարը չի անցնի»։ Ապա մանրամասնելով նշեց, որ «փորձ ունեցող մարդիկ պիտի ներգրավվեն երկիրը ոտքի հանելու գործում»։ Նաեւ, եթե Վ. Մանուկյանն ընտրվի նախագահ՝ «իմ շրջապատն արտոնություններ չի ունենալու։ Օրենքի առջեւ բոլորը հավասար են լինելու»։ Ընդդիմության համաձայնությունը, որ Քոչարյանից պետք է ազատվել՝ Վ. Մանուկյանի համար ինքնանպատակ չէ։ «Ո՞վ պետք է լինի իշխանություն»,- Վ. Մանուկյանի համար սա առավել գլխավոր խնդիր է։ Մինչդեռ, ընդդիմադիր դաշտում այդ մասին դեռեւս հստակ պայմանավորվածություններ չկան։ Ուստի քուչակցի տիկին Անահիտի՝ «մեր սեւ օրվան ո՞ր նախագահին ընտրենք, որ մեզ սրտացավ վերաբերվի» հարցին այսպես պատասխանեց. «Եթե ես էդ մեկին իմանայի, իմ թեկնածությունը չէի դնի։ Դուք բոլորին ճանաչելու հնարավորություն ունեք, ինքներդ որոշեք»։ Ի դեպ, քուչակցիներն է՛լ, ապարանցիներն է՛լ գտնում էին, որ տեղերում առավել բարձր են Դեմիրճյանի, Գեղամյանի եւ Մանուկյանի ռեյտինգները։ Քոչարյանի հանրահավաքին, սովորականի համաձայն, մարդկանց «զոռով» են բերել։ Իսկ Ալավերդիում բնակիչները պնդում էին, որ «ճոպանուղին էսօր դիտմամբ չաշխատացրին, մարդիկ մնացել են ներքեւում, չեն կարողացել հանդիպման գալ։ Հո Քոչարյանի հանդիպո՞ւմը չի, որ ժողովրդին զավոդներից, դպրոցներից, ուսումնարանից մեկ-մեկ ներկա-բացակայով բերեն»։ Չնայած այդ փաստին, Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի հանրահավաքը բավականին բազմամարդ էր, եւ Վ. Մանուկյանին էլ բավականին ջերմ ընդունեցին։ Մի կին անգամ մոտեցավ ու թեկնածուի ձեռքը սեղմելով՝ շնորհավորեց նրան, հետո հարցիս ի պատասխան ասաց. «Ինքը գիտի ինչի համար»։ Իսկ մի երիտասարդ անկեղծ պոռթկաց. «96-ին էլ եմ քեզ ընտրել ու մինչեւ վերջ էլ քեզ եմ ընտրելու»։ «Ուրեմն անվերջ ետ ես տանում»,- կատակեց ԱԺՄ նախագահը։ Ալավերդիում մարդիկ նույնպես հիասթափված էին «իշխանություններից, նրանց տված ու չարած խոստումներից», բայց ոչ հուսալքված։ Այլ՝ պատրաստ պայքարելու իրենց «լավ ապրելու, ղարիբների ետ վերադառնալու» համար։ Նաեւ ոգեւորված՝ «երկրորդ ընդդիմադիր թեկնածուի» այցով։ Բայց «Վազգենը առաջին անգամ չի, որ գալիս ա։ Ինքը մեզ, մեր խնդիրները լավ գիտի»։ Եվ հույս ու հավատները «միասնությունն է. ով կլինի միասնության թեկնածուն, նրան էլ կընտրենք։ Քոչարյանին ձեւ չկա ընտրելու»,- համոզված է Վրեժ Հարությունյանը։ Մեկ ուրիշի կարծիքով էլ՝ «Երեւանը մեծամասնությունն է կազմում, մենք ընտրած-չընտրած՝ մեկ հաշիվ է»։ Իբրեւ, այսպես ասած, հին ծանոթների, մարդիկ հիմնականում հետաքրքրվեցին, թե Վ. Մանուկյանի «վարչապետության ժամանակ Ալավերդիի հետ կապված իր ծրագրերն ինչ եղան»։ Հնչեց խնայբանկի ավանդների ավանդական հարցը։ Այս ամենի կոնտեքստում թեկնածուն ներկայացրեց իր ծրագրային դրույթները։ «Երբ ընտրվեցիր պրեզիդենտ, կգա՞ս Ալավերդի… կհաշվե՞ս Հայաստանի մաս»,- հարցրեց մի տարեց մարդ։ Պատասխանը եղավ. «Իմ նպատակը գնալ – էն աթոռին նստելը չի»։ Վ. Մանուկյանը հանդիպում ունեցավ նաեւ Օձունում։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել