Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԼԱՎ Է՛ԼԻ, ՄԱ՛Մ, ՄԻ ՔԻՉ ԷԼ ԽԱՂԱՄ»

Փետրվար 12,2003 00:00

«ԼԱՎ Է՛ԼԻ, ՄԱ՛Մ, ՄԻ ՔԻՉ ԷԼ ԽԱՂԱՄ» Նախընտրական քարոզարշավը հետզհետե ավելի ու ավելի անտանելի է դառնում։ Մարաթոնը, որում գտնվում է հանրապետության կաթվածահար եղած կյանքը, երանի ավարտվի շուտ եւ առանց զոհերի։ Առայժմ թեկնածուները շարունակում են չափչփել երկիրը, հանդիպել ընտրողներին եւ ռոբոտի նման ամեն տեղ կրկնել իրենց անգիր արած նախընտրական ելույթները։ Երեկ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը եւ նրա ուղեկցողների երկար շարասյունն այցելեցին Գեղարքունիքի մարզ։ Հայրավանք գյուղում, Գավառի մուտքի մոտ, Երանոս եւ Լիճք գյուղերի մոտ կարճատեւ հանդիպումներ եղան։ Գավառի հրապարակում թեկնածուին օղի հյուրասիրեցին՝ հիշեցնելով, որ 98-ին թեկնածուն ինքն է հարցրել՝ ինչպե՞ս է, որ օղիով չեք դիմավորում։ Օղիից հետո թեկնածուի լեզուն բացվեց, ինքն էլ խոստովանեց, որ սովորական վիճակում այդքան շատ չի խոսում, օղին է խոսեցնում։ Գավառի քաղաքապետ Գրիշա Հովեյանն իր ճաշակով լրացրեց Քոչարյանի կարգախոսը՝ «Աշխատենք միասին, խմենք միասին», այդպես էլ առայժմ պարզ չէ, թե ուտելու գործընթացն ումով է լինելու։ «Ուտելու» ակնկալիք ունեն Ռ. Քոչարյանին սատարող բոլոր քաղաքական ուժերը եւ իրենց այն արբանյակներին են կցում քարոզարշավին, ովքեր քիչ թե շատ պերճախոս են։ Լսելով բոլոր նրանց, ակամա հիշում ես մեծ երգիծաբանին. «անցան այն ժամանակները, երբ անոնք լույս էին, մենք՝ խավար, երբ անոնք ապառնի էին, մենք՝ անցյալ, անոնք կանաչի էին, մենք՝ վարունգ»: Ըստ այսօրվա հռետորների՝ լույսն էլ, ապագան էլ, վարունգն էլ իրենք են, ու իրենցից լավը ո՛չ եղել է, ո՛չ էլ կլինի։ ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը, օրինակ, հպարտորեն հայտարարեց. «Եթե մի քանի տարի առաջ ունեինք պրոբլեմ՝ ընդհանրապես էլեկտրականություն չկար, էսօր Հայաստանը՝ որպես երկիր, մեկ ուրիշ պրոբլեմ ունի՝ ինչպես իր ավելցուկը (էլեկտրականության) ծախի։ Դուք ունեք լույս եւ մտահոգ եք, թե ինչպես վճարեք այդ լույսի համար, բաներ, որ երեկ չկար։ Եթե երեկ Երեւանից Քյավառ հասնելու համար տրանսպորտ չկար, էսօր շրջանայինում փորձում ես ավտոբուսի տակ չընկնես. այնքան տրանսպորտ է առաջացել»։ Եվ այսպես՝ «եթե»-ների ու «էսօրների» մի շարք։ Ու ենթադրությունը՝ «մենք կույր չենք, մենք տեսնում ենք էդ քայլը, դրա համար Քոչարյանը դառնալու է մեր նախագահը, եւ էդ քայլն ավելի լայն քցի»։ Գավառի քաղաքապետ Գրիշա Հովեյանի խոսքը. «Խելամիտ չէ նա, ով թողնելով ձեռք բերածը, ընկնում է անհասանելիի ետեւից, եկեք տեսնենք մեր նորաստեղծ պետության թեկուզ դանդաղ առաջընթացը, գնահատենք գործող նախագահի նպատակային ծրագրերի իրականացումը եւ չխաբվենք, կարծելով, թե մեկ ուրիշ նախագահ, բազմաթիվ բարդույթներ ունեցող մեր երկրում, կարող է մի քանի օրում հրաշքներ գործել»։ Հրաշքներ ոչ ոք չի կարող գործել, բայց որ բուն Քյավառում բազմաթիվ, առանց հրաշքի, սովորական ամենօրյա աշխատանքի արդյունքում լուծվելիք խնդիրներ շատ կան ու չեն լուծվում, վկայում էին այն մարդիկ, ազատամարտիկները կամ նրանց ծնողները, ովքեր իրենց դարդուցավը թղթի մեջ փաթաթում, նամակ դարձրած փորձում էին փոխանցել գործող նախագահին, նրան ուղեկցող գեներալ-լեյտենանտ Սեյրան Սարոյանին, բայց նրանց ո՞վ կթողներ մոտենալ. առաջին հարվածն իր վրա էր վերցնում Վահան Հովհաննիսյանը եւ, քանի որ հրաշքների չենք հավատում, վստահ ենք, որ մարդկանց խնդիրները անլուծելի կմնան եւս որոշ ժամանակ։ ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանը խորհուրդ տվեց. «Մենք ուզում ենք ապրել բարեկեցիկ կյանքով, իսկ այս ամենին հասնելու համար անհրաժեշտ է ղարաբաղյան հարցի ճշգրիտ ու վերջնական լուծումը, իսկ ո՞վ կարող է ավելի համարձակ, ավելի ճշմարիտ լուծում տալ այս հարցին»։ Հրապարակում հավաքված բազմությունը, իհարկե, չվանկարկեց՝ «Քոչարյանը»։ Բայց տիկին Հակոբյանի ակնարկը խիստ թափանցիկ էր։ Այնպես որ, 98-ին Ղարաբաղի հարցի պատրվակով իշխանության եկած Ռոբերտ Քոչարյանը 2003-ին եւս այս հարցը դարձնում է իր վերընտրվելու գլխավոր խաղաքարտը։ Երբ հռետորներից մեկը հայտարարեց, թե հինգ տարին չափազանց քիչ է երկիրը շենացնելու համար, մի քյավառցի տեղից նկատեց. «յա՜, 10 տարի կուզե՞ս»։ Ռոբերտ Քոչարյանը Գավառի կենտրոնում հայտարարեց, որ Սեւանի վիճակը լավ է լինելու, ջուրը կբարձրանա, որովհետեւ Որոտանի թունելը գարնանը շահագործման կհանձնվի, որ Սեւանի ավազանում, «իմ պետական եւ անձնական վերաբերմունքն ինչ-որ տեղ միաձուլվում է, համընկնում է, եւ վստահ եղեք, որ այս աշխատանքներում մենք հաջողությունների հասնելու ենք»։ Նախագահի թեկնածուին ուղեկցողների մեջ էր նաեւ բնապահպանության նախարարը, «Առավոտը» փորձեց պարզել, թե արդյո՞ք «գործից չի փախել» ու եկել հանրահավաքի։ Վարդան Այվազյանը հայտարարեց, որ արձակուրդ է վերցրել մինչեւ մարտի 1-ը։ Այդ ընթացքում նախագահի թեկնածուն հասցրեց ասել. «այս տարի ծանոթով էին, շատ մեր հանգստյան տներում (սովետական ժամանակները հիշել էին՝ ծանոթով ապրանք գնել, ծանոթով հյուրանոցում տեղ վերցնել) ծանոթով էին փորձում տեղ գտնել (ահա թե որտեղ է կարոտախտը- Մ. Ե.)։ Դուք կտեսնեք՝ ինչ է լինելու այս տարի։ Նոր հետաքրքիր ծրագրեր ունենք այստեղ, նոր հյուրանոցների կառուցում՝ նոր մակարդակի»։ Մարտունիում շատ բազմություն էր հավաքվել, բայց Ռ. Քոչարյանին տեսնելու, լսելու հնարավորություն քչերն ունեցան, բարձրախոսները «շշուկով» էին խոսում, միայն առաջին շարքերի համար, եւ ժողովուրդը խումբ-խումբ հեռանում էր։ Իսկ թեկնածուն ասում էր նաեւ, թե ուսանողական տարիներին երեք տարի մարտունեցու հետ նույն սենյակում է ապրել ու գիտի, որ վերջիններս «կող ունեցող ժողովուրդ են»։ Հանդիպումների շարքն ավարտվեց Վարդենիկ, Վարդենիս եւ Մեծ Մասրիք գյուղերում, վերջինում գազատար բացվեց։ Ավարտենք նախագահի թեկնածու Ռ. Քոչարյանի եւս մեկ հերթական նախընտրական մտքով. «Մարդ, որ նոր մեքենա է սովորում քշել, ուսումնական մեքենա է ստանում, ջարդուփշուր անելով փորձում է աջուձախ, մեքենայի վրա սովորում է, հիմա որ ըսենց նայում եմ, լիքը մարդ կա, որ ուզում է էս երկրի վրա մեքենա քշել սովորի։ Էս երկիրը ջարդուփշուր ենք անելու, սիրելի ժողովուրդ, քանի սովորել ենք… Հետո, գիտեք, երկիրը ղեկավարելու համար պետք է ճանապարհ անցած լինես»։ Սա, ըստ իս, հնչեց մոտավորապես այսպես՝ «լավ է՛լի, մա՛մ, մի քիչ էլ խաղամ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել