Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ

Փետրվար 12,2003 00:00

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտը՝ Երեւանի մամուլի ակումբի հետ համատեղ, անց է կացնում ընտրությունների լուսաբանման դիտարկում: Ներկայացնում ենք հատվածներ 03.02.2003-10.02.2003 դիտարկման որակական վերլուծության արդյունքներից: Քոչարյանի արշավի լուսաբանումը՝ մի կենտրոնից Նախընտրական արշավների լուսաբանման գլխավոր գործող անձը շարունակում է մնալ Ռոբերտ Քոչարյանը: Ընդ որում՝ վերը նշված պնդումը ճիշտ է նաեւ ընդդիմադիր մամուլի պարագայում: Քոչարյանի արշավի լուսաբանումը նրան սատարող լրատվամիջոցների կողմից կառուցվում է ընդհանուր սխեմայով: Որպես կանոն, այս կամ այն վայր այցելության մասին սյուժեները սկսվում են տվյալ ռեգիոնի տնտեսական ձեռքբերումների կամ խնդիրների նկարագրությամբ: Այնուհետեւ մեջբերումներ են արվում հավաքի ընթացքում Քոչարյանի ու նրան սատարողների, նաեւ տեղի մտավորականության խոսքերից /վերջիններս հաճախ ուսուցիչներ են/: Վերջում օգտագործվում են հանդիպման մասնակիցների խոսքերը, որոնք անպայմանորեն պաշտպանում են Քոչարյանին: Այս ընդհանուր սյուժետային սխեմայի առկայությունը, ինչպես նաեւ՝ տոնայնության փոփոխությունը, երբ լուսաբանվում է Ստեփան Դեմիրճյանի, Վազգեն Մանուկյանի եւ Արտաշես Գեղամյանի նախընտրական արշավը, թույլ են տալիս ենթադրել, որ հնարավոր է, գոյություն ունի նախընտրական պայքարի լուսաբանումը կառավարող մի կենտրոն: Լուսաբանման բնույթը Նախընտրական պայքարի լուսաբանումը կառուցված է այս կամ այն թեկնածուի արշավի ընթացքի մասին պատմող ռեպորտաժների հիման վրա: Նույնիսկ նախընտրական քարոզչական նյութերը միտինգներից հաճախ ներկայացվում են ռեպորտաժի ձեւով: Հազվագյուտ հոդվածները, որ համեմատում են ծրագրերի առանձին դրույթներ /«Այժմ», «Նովոյե վրեմյա» թերթերում/, ընդամենն ընդգծում են տվյալ արշավի նշված առանձնահատկությունը /նշենք, որ նման հոդվածներ եղել են նաեւ «Առավոտում».- խմբ/: Նախընտրական պայքարի լուսաբանումն ընդհանուր առմամբ համապատասխանում է թեկնածուների վարած արշավի ընթացքին: Ոչ բոլոր հեռուստաընկերություններն ու թերթերն են հավասարաչափ լուսաբանում թեկնածուների հանդիպումներն ընտրողների հետ: Սակայն չի կարելի ասել, թե լրատվամիջոցները լռության են մատնում 11 թեկնածուներից որեւէ մեկին: Ընդհանուր առմամբ, լուսաբանումը համապատասխանում է թեկնածուների վարած արշավների ինտենսիվությանը: Գեղամյանի եւ «Հայլուր»-ի կոնֆլիկտը Այն բանից հետո, երբ Արտաշես Գեղամյանը բոյկոտ հայտարարեց «Հայլուր»-ին, այդ ծրագրի ներկայացուցիչները, ներկայանալով որպես «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության աշխատակիցներ, Գեղամյանին ուղեկցեցին Լոռու մարզ: Այդ այցի մասին ռեպորտաժը ցուցադրվեց «Հայլուր» ծրագրով, թեկնածուի հասցեին բացասական մեկնաբանություններով: Արտաշես Գեղամյանը հայտարարեց այդ խաբեության մասին նախընտրական քարոզչական ծրագրի ընթացքում: «Հայլուր»-ում Գեղամյանին վերաբերող մեկնաբանություններն ավելի զուսպ դարձան նրա եւ Սերժ Սարգսյանի բանավեճից հետո: Դիտարկման խումբը գտնում է, որ «Հայլուր»-ի լրագրողները խախտել են էթիկայի նորմերը, ներկայանալով որպես «Ինտերնյուս»-ի աշխատակիցներ: Խաբելով թեկնածուին՝ նրանք, փաստորեն, խաբում են նաեւ հեռուստադիտողներին: Օրենքի խախտումներ «Հայոց Աշխարհ» օրաթերթը տպագրել էր Իոսիֆ Կոբզոնի՝ Սպիտակում ունեցած ելույթի մասին տեղեկատվություն: Ելույթում Կոբզոնն ուղղակիորեն ասում է, որ պաշտպանում է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը: Խախտվել է Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածը: Բանակի օրվա կապակցությամբ /28.01.03/՝ Սերժ Սարգսյանը Հանրային, ԱԼՄ եւ «Արմենիա» հեռուստաընկերությունների եթերով ներկայացվեց որպես պաշտպանության նախարար: Այդպես են ներկայացրել Սերժ Սարգսյանին նաեւ «Հայաստանի Հանրապետություն», «Ազգ» – «Հայոց Աշխարհ» թերթերը /29.01.03/: Պարզ չէ՝ խախտվո՞ւմ է արդյոք Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածը, որն արգելում է զինվորականներին՝ ծավալել քարոզչություն: Օրենքը չի որոշակիացնում՝ նախարարը հանդիսանո՞ւմ է զինծառայող, թե՞ ոչ: Կարեւորն այն է, որ այդ դեպքում Սերժ Սարգսյանը ներկայացված չէր որպես Քոչարյանի նախընտրական շտաբի պետ: Ծրագրի համակարգող, Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Մարկ Գրիգորյանը երկուշաբթի «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում մի խախտում էլ հավելեց՝ վերջին օրերին քարոզարշավի համար հատկացված ժամերից դուրս տարբեր հեռուստաընկերություններով ցուցադրվում են քաղաքական գովազդի տարրեր պարունակող հեղինակային կամ վավերագրական կինոնկարներ: Սա, Մարկ Գրիգորյանի խոսքերով, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 11-րդ հոդվածի խախտում է: Նշված հոդվածն արգելում է քարոզարշավից առաջ եւ դրա ընթացքում հեռարձակել քաղաքական կամ քարոզչական նյութ՝ տեղեկատվական խմբագրական, փաստավավերագրական կամ հեղինակային այլ հաղորդումների տեսքով: Տպագրության պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել