Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՈՒՌՔԵՐԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ-3

Փետրվար 11,2003 00:00

ԿՈՒՌՔԵՐԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ-3 Երկու աշխարհի սահմանագծին Նախորդ հոդվածում ասվեց, թե ընդդիմության այն հայտարարությունները, որ իրենք իշխանափոխության հասնելու են սահմանադրական ճանապարհով, այնքան էլ իրատեսական չէ։ Ավելի քան երկշաբաթյա ընտրարշավը ցույց տվեց, որ նախնական տպավորությունը, թե Քոչարյանը հաղթողի «միակ, այլընտրանք չունեցող թեկնածուն է» առասպելը հօդս ցնդեց, տեղի տալով ընդդիմության օրավուր մեծացող խանդավառությանը, եւ հիմա կախված վիճակ է, ըստ ամենայնի պատային միջնախաղ։ Ճիշտ է, առայժմ արդար ընտրությունների հույսից եւ ընտրողների հետ հանդիպումներում փառավոր ընդունելությունից բացի այլ հիմնավորումներ չկան, թե ինչպես է ընդդիմությունը հաղթելու Քոչարյանին եւ առավելապես Քոչարյանի շտաբում վստահ են, որ հաղթելու է իրենց թեկնածուն, սակայն ընդդիմության ճամբարում նույնպես վստահության պակաս չկա։ Նախընտրական շրջանում քաղաքագետ ընկերս համոզված պնդում էր, թե Քոչարյանին չպաշտպանելը հիմարություն է, պաշտպանելը՝ ստորություն, սակայն այժմ կարծես թե խոսք չի կարող լինել ո՛չ ինտելեկտի, ո՛չ էլ բարոյականության մասին, մանավանդ տարեմուտյան հայտնի սպանությունից հետո առաջացած սարսափի մթնոլորտն էապես թուլացել է, թեկուզ արտաշատյան վերջին իրադարձությունները նորից ցույց տվեցին, որ այս ընտրությունները, այնուամենայնիվ, առանց արնաթողության չեն ավարտվելու. Աստված է՛լ բեթարից ազատի։ Ընտրություն որոշակիության եւ անորոշության միջեւ։ Ռոբերտ Քոչարյանն այս անգամ խոսքի տերը եղավ. ամիսներ առաջ արած հայտարարությունը, թե ինքը պատրաստ է աջակցել միասնական թեկնածուի առաջադրմանը, խոստումը կատարեց եւ կատարեց արձակուրդի գնացած պաշտպանության նախարարի շուրթերով՝ ի դեմս Գեղամյանի։ Ապաշնորհ կազմակերպված հեռուստատեսային բանավեճից օր առաջ քաղաքական ետնաբեմերում գերիշխող էր այն կարծիքը, թե Գեղամյանն ուժասպառվում է եւ ուր որ է համաձայնության է գալու միասնական թեկնածուի հարցում՝ աջակցություն հայտնելով ընտրարշավի այս փուլում ընդդիմության անվիճելի առաջնորդին՝ Ստեփան Դեմիրճյանին։ Շեֆի հետ ղարաբաղյան ճակատում միայն հաղթանակներ կորզած Սերժ Սարգսյանն ի տես բոլորի եթերամարտում պարտվեց եւ ընդգծված բարեհոգությամբ ընդդիմությունից առանձնացրեց իշխանության նախընտրելի թեկնածուին։ Քաղաքական վերլուծություններում նախապես տիրապետող էր այն մտայնությունը, թե ստանձնելով գործող նախագահի շտաբի պետի պարտականությունները, առերեւույթ սահմանափակվում էր պաշտպանության նախարարի սեփական խաղեր տալու հնարավորությունը, այսինքն՝ հայտնվում էր պատանդի դերում։ Բայց չպետք է մոռանալ, որ Սերժ Սարգսյանի կարգավիճակը երկակի է. ղեկավարելով Քոչարյանին նախագահ դարձնելու շտաբը, օգտագործելով իր զինվորական եւ օլիգարխական հենարանները, նա միաժամանակ կարող է օժանդակել Գեղամյանի օգտին արվելիք կեղծիքներն այն չափով, որքանով վերջինս առաջին փուլում կգրավի Քոչարյանից հետո երկրորդ հորիզոնականը։ (Նշենք, որ ընտրությունները մեկ փուլով ավարտելու հնարավորությունը կարծես թե բացառվում է)։ Իսկ Գեղամյանն իշխանությունների համար նախընտրելի է այն պատճառով, որ կանխատեսվող երկրորդ փուլում միշտ էլ հնարավոր է կոմպրոմատներ գտնել ընդդեմ Գեղամյանի, ինչը, ասենք, անհույս բան է Դեմիրճյանի պարագայում. այս թեկնածուն այդ տեսակետից իսկապես անխոցելի է, ինչ չես ասի նույնիսկ Արամ Սարգսյանի մասին (վերջինիս հանդեպ արդեն իսկ այդպիսի փորձեր արվում են՝ կապված Արարատի ցեմենտի գործարանի տնօրինության ժամանակների հետ եւ բացառված չէ, որ վարչապետական ժամանակներից էլ ինչ-որ բան կգտնեն)։ Հեռուստավեճից պարզվեց ոչ միայն Գեղամյանի հարմար թեկնածու լինելը, այլեւ եւս մեկ անգամ ակնառու դարձավ, որ իշխանությունների համար անչափ անցանկալի է հատկապես Ստեփան Դեմիրճյանի եւ Արամ Սարգսյանի իշխանության գալու հեռանկարը, մինչդեռ Գեղամյանի երկրորդ փուլում մրցակից լինելը եթե ոչ միանգամայն անխուսափելի կդարձնի Քոչարյանի հաղթանակը, ապա գոնե կապահովի սահուն իշխանափոխությունը։ Այնպես որ, ընդդիմության անառարկելի համոզմունքը, թե ընտրություններում կեղծիքներ լինելու են միմիայն Քոչարյանի օգտին, այնքան էլ համոզիչ չէ։ Անշուշտ, չնայած բազմաթիվ երդումներին, ամենամեծ կեղծիքները լինելու են Քոչարյանի օգտին, սակայն չպետք է անտեսել նաեւ կեղծիքներ հարմար թեկնածուների համար հնարավորությունը։ Ասենք, ինչպես վերեւում նշեցինք, Գեղամյանի, ինչու չէ՝ Վազգեն Մանուկյանի կամ Արամ Կարապետյանի համար, միայն թե երկրորդ փուլ դուրս չգա Դեմիրճյանը։ Այ, սա խարդավանքների գլուխգործոց կլինի, ընտրությունների պսակ, երբ կեղծիքների մասին չեն կարող խոսել մարդիկ, որոնց օգտին նույնպես կեղծիքներ են եղել։ Գեղամյանը հո չի՞ ընդվզելու, թե Քոչարյանի քվեները կեղծված են, որովհետեւ դեմ կտան փաստեր, որոնք կապացուցեն նաեւ իր քվեների որոշակի չափաքանակով կեղծվածությունը, Մանուկյանը հո չի՞ բողոքելու իր ստացած 7 տոկոսի համար, երբ իրականում չէր հավաքելու 3 տոկոս։ Այ, սա թամաշա կլինի։ Եվ այս պարագայում, թե դեռ հույս կար, որ ընդդիմությունը ընտրությունների վերջնափուլում կարող էր միասնական լինել, կստանա ամենասուր հարվածը ու մինչ կհասցնի ուշքի գալ, ընտրություններն արդեն ավարտված կլինեն։ Այս պահին քաղաքական գործընթացները կարելի է գնահատել նաեւ մի այլ դիտանկյունից։ Չնայած «16»-ի համագործակցության մեջ ընդգրկված լինելուն, իր ընտրարշավը հպարտ մենությամբ է անցկացնում Վազգեն Մանուկյանը՝ ավելի ու ավելի թույլ աղերսներ պահպանելով ընդդիմության ընդհանուր ճակատի հետ։ Ըստ էության, դեռեւս դեկտեմբերի սկզբներին արված հայտարարությունը, թե «16»-ը սպառել է իր առաքելությունը եւ ինքը քիչ հույսեր է կապում նրա հետ, հենց այնպես ասված խոսք չէր։ Մանավանդ Մանուկյանն իրավացի էր այն առումով, որ ինչ հույսեր կարող էր կապել մի համագործակցության հետ, որի միասնական թեկնածուն ինքը չէ։ Հավանաբար, Մանուկյանը խոցված է նաեւ մի այլ պատճառով. ոչ թե ինքը, այլ Գեղամյանն իշխանությունների կողմից ճանաչվեց հարմար մրցակից, ուստի բնական է նաեւ նրա մյուս կոչը՝ ուղղված ընդդիմադիրներին, որպեսզի վերջիններս համախմբվեն իր շուրջ՝ որպես բանիմաց, փորձառու եւ վերջապես ստաժի բերումով ավագ քաղաքական գործիչ, ինչին ինքը պատրաստակամություն էր հայտնել Կարեն Դեմիրճյանի դեպքում, մոռանալով, որ ճիշտ է, մենք մեծին հարգելու ավանդույթներ ունենք, բայց այս դեպքում վստահելու առանձնապես պատճառներ չկան։ Գեղամյանի հետ հեռուստավեճում Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, մի ձեւակերպված միտք ասաց, թե փետրվարի 19-ին ընտրություն է կատարվելու որոշակիության եւ անորոշության միջեւ. որոշակիությունն արդեն ակնհայտ է, իսկ անորոշությունները կճշտվեն ընտրություններից մի քանի օր առաջ, որոնց առնչությամբ մեր կանխատեսումներով կանդրադառնանք մյուս անգամ։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել