Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Միայն թե Սվերդլովի հետ ինձ չկապեն»

Փետրվար 11,2003 00:00

«Միայն թե Սվերդլովի հետ ինձ չկապեն» 50-ականների վերջին-60-ականների սկզբին Լենինգրադում՝ դերասանի տանն անցկացվող ներկայացումների պարագլուխը Լենինյան կոմերիտմիության անվան թատրոնի երիտասարդ դերասան Վլադիմիր Թաթոսովն էր: Այս տարի Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Թաթոսովը արդեն 78 տարեկան է: Չնայած տարիքին, նա կենսուրախ է, սրամիտ, գիտի արվեստագետների մասին բազմաթիվ հետաքրքիր եւ զվարճալի պատմություններ: Լեոնիդ Ենգիբարովի մասին Լեոնիդի հետ միասին նկարահանվել ենք «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմում: Ես կատարում էի կրկեսի տնօրեն Խաչյանի դերը: Այս ֆիլմից հետո Երեւանում ինձ բոլորը ճանաչում էին «Խաչյանը ամեն ինչ կարող է, Խաչյանը ամեն ինչ կանի» արտահայտությամբ: Լեոնիդը չափազանց բարի մարդ էր: Մենք ասես հարազատ եղբայրներ լինեինք՝ չնայած տարիքային տարբերությանը: Նա հաճախ ինձ ցույց էր տալիս իր նոր տեսարանները, եւ մենք միասին քննարկում էինք: Դրանք ինձ այնքան դուր եկան, որ առաջարկեցի նրան այդ ամենը Լենինգրադում արվեստի վարպետների համար կատարել: Ենգիբարովի առաջին ստեղծագործական երեկոն կազմակերպեցի Ստանիսլավսկու անվան մշակույթի պալատում: Հավաքվել էր մեր քաղաքի էլիտան, նույնիսկ Մոսկվայից եկել էր սովետական կրկեսի ամբողջ ղեկավարությունը: Ես վարում էի այդ երեկոն եւ, ավարտելիս, պատմեցի, թե որքան ծանր պայմաններում է ապրում Ենգիբարովը՝ տարեց մայրիկի հետ միասին: Էլ ի՞նչ պիտի հորիներ այդ մոգական միմոսը բնակարան ստանալու համար: Այդ խոսքերս, պատկերացրեք, ազդեցին. մի քանի օր անց հեռագիր ստացա. «Վոլոդյա ջան, շնորհակալություն: Բնակարան եմ ստացել»: Հետագայում կատակում էին. «Այնպես ես շեշտել Ենգիբարովի բնակարանի հարցը, որ նույնիսկ հիմարը կհասկանար, որ հարկավոր է բնակարան հատկացնել»: Հարկ է նշել, որ Ենգիբարովը շատ ծանր մարդ էր՝ կառավարության համար: Իշխանավորները վախենում էին նրանից՝ անկանխատեսելի էր: Նա կարող էր հյուրախաղերի ժամանակ մեկնել քաղաքից կամ արտասահմանյան գործուղման ընթացքում հայտնվել մի այլ պետությունում: Երկար ժամանակ նրան չէին թողնում արտասահման՝ սանրվածքի պատճառով, բայց նա սկզբունքորեն չէր խուզվում։ «Ինչո՞ւ ես չեմ կարող ազատ լինել»,- ասում էր նա: Ընդհանրապես, ազատության այդ պակասը շատ էր նրան ճնշում, եւ զարմանալի չէ, որ նա այդքան շուտ հեռացավ մեզանից: Սերգեյ Դովլաթովի մասին Նա շատ համակրելի մարդ էր, որը զուրկ չէր մտավորական ինչ-որ «խուլիգանությունից»: Որոշ ժամանակ նա աշխատում էր մեր թատրոնում (Բալտիյսկի դոմ), հետո նրան հաճախ Լենֆիլմում էի հանդիպում՝ այնտեղ նա սցենարական բաժնում խմբագիր էր: Ցավոք, նրա հետ քիչ եմ շփվել, բացի այդ, նա շատ բարդ մարդ էր, քչախոս, ավելի շատ «իր ներսում» էր, չէր սիրում լեզու թրջել, սրամտել, ընդհանրապես նման չէր հորը, որին շատ լավ էի ճանաչում: Ավելի ուշ, երբ կարդացի նրա հրաշալի պատմվածքները, նույնիսկ հավատս չէր գալիս, որ այդ մռայլ մարդը կարող էր այդքան թեթեւ եւ ուրախ գրել: Երբ քիչ էր մնում միայն մեկ դերի կատարող մնայի Յակով Սվերդլովի դերը 11 կինոնկարներում եմ խաղացել: Դե, եթե կա Սվերդլովը, ապա պետք է նաեւ Լենինը լինի: Քանի՜ Լենին եմ տեսել՝ հաշիվը կորցրել եմ: Մի օր կիեւյան ստուդիայում ինձ իր մոտ կանչեց Ուկրաինայի ժողովրդական արտիստ Տիմոֆեյ Լեւչուկը: Ծերունին, որի ամբողջ կուրծքը շքանշաններով էր ծածկված, ասաց. «Ես ուզում եմ, որ դու Սվերդլովի դերը կատարես: Չէ՞ որ դու դա լավ ես անում»: Քանի որ միշտ Կայուրովի (Լենինի) հետ եմ նկարահանվել, առաջարկեցի երկուսով «տեղափոխվել» պատրաստվող ֆիլմ. «Կայուրովը լավագույն Լենինն է»: – Դու ինձ մի՛ սովորեցրու: Ես, իհարկե, կվերցնեի Կայուրովին, բայց հրահանգ եմ ստացել, որ Լենինի դերը խախոլ կատարի: – Իսկ Ուկրաինայում կա՞ դերասան, որ կարող է այդ դերը կատարել: – Տո կար մեկը, այն էլ՝ մահացավ: Հաջորդ օրը գալիս եմ ստուդիա, տեսնեմ՝ լիլիպուտ է կանգնած: Գաճաճ, կնճռոտ ձեռքերով, դեմքը՝ ասես խորոված խնձոր: Պատկերացնո՞ւմ եք՝ նույնիսկ ինձնից ցածրահասակ: Դա դամբարանում պառկած Լենինն էր, մումիա: Եվ սկսեցինք նկարահանումները: Մի օր էլ հասկացա, որ հանդիսատեսը ինձ կապում է միայն Սվերդլովի հետ, ուստի համաձայնում էի բոլոր առաջարկվող դերերը կատարել: Միայն թե ինձ որպես Սվերդլով չհիշեն: Մ. ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել