Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՄԱՆ ԵՆ ԻՆԿՈՒԲԱՏՈՐԻ ՃՏԵՐԻ

Փետրվար 11,2003 00:00

ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՄԱՆ ԵՆ ԻՆԿՈՒԲԱՏՈՐԻ ՃՏԵՐԻ «Այսօր կապը դրսի հետ մեծ է, ինֆորմացիան՝ շատ։ Բայց դա չի նշանակում, թե պիտի կորցնել ազգային նկարագիրը։ Ես չեմ հիշում մի ժամանակահատված, այն էլ այսքան տեւական, որ մենք՝ հայերս, հագնվեինք ինկուբատորի ճտերի պես»,- ասում է դիզայներ-մոդելյոր Մովսես Գեւորգյանը։ Նորաձեւությունը նորի դրսեւորումն է, մարդու ստեղծագործական ունակությունների արտահայտությունը աշխատանքում։ Դիզայներ-մոդելյորի տարիների փորձը նրան բերել է մի ճշմարիտ մտքի՝ հայը պետք է հագնվի հայի ձեռքով։ Սա կլինի հայավայել եւ հայավարի։ Մ. Գեւորգյանը մերժել է հրավերները Ամերիկայից եւ Դամասկոսից։ Լոս Անջելեսի մեծահարուստների նորաձեւության սրահներում մեկ կոստյումի կարելավարձն արժե 500 դոլար, իսկ Դամասկոսում մեր զրուցակցին խոստանում էին ամսական 10 հազար դոլար աշխատավարձ։ Չնայած նման առաջարկներին, Մ. Գեւորգյանը Հայաստանում է, որովհետեւ հաճույք է ստանում, երբ իր զգեստների միջոցով հայերին հայեցի նկարագիր է տալիս։ Նրա խոսքերով. «Լավ հագուստը միայն գործվածքի որակով ու ձեւով չի պայմանավորված, այն պետք է դեմքին սազի, ընտրված լինի՝ հաշվի առնելով մարմնակազմը, նաեւ պիտի համապատասխանի իրադրությանը։ Սրանով պետք է առաջնորդվեն թե կանայք, թե տղամարդիկ»։ Դիզայներ-մոդելյորը զրույցի ընթացքում անդրադարձավ նաեւ մեր իշխանավորների հագուկապին։ Նրա կարծիքով, այսօրվա պաշտոնյա այրերը միանման, միաձեւ են հագնվում։ Ուշի ուշով հետեւել եւ հետեւում է վերջիններիս արտերկրյա այցերին ու եկել այն համոզման, որ եթե, օրինակ, պատվիրակության ղեկավարը դեղին փողկապ է կապում, ապա պատվիրակության անդամները եթե ոչ նույն գույնի, ապա գոնե աշխատում են «մնալ դեղին երանգի շրջանակում»։ Ըստ նրա. «Սա անթույլատրելի է։ Չէ՞ որ նրանք Հայաստանն են ներկայացնում։ Հասկանում եմ, որ ցանկություն կա երեւալու իբրեւ պերճաշուք հագնված տղամարդ։ Ամենեւին պարտադիր չէ այս կամ այն սրահից կամ արտասահմանից թանկարժեք կոստյումներ գնել։ Դա փրկություն չէ»։ Մ. Գեւորգյանը համոզված է, որ դիզայներին պետք է դիմեն ոչ միայն արվեստի մարդիկ (նրանք մշտապես դիմում են), այլ իշխանավորները նույնպես։ «Այսօր, առավել քան երբեւէ, բաց են ճանապարհները եւ յուրաքանչյուր հայ կարող է հայտնվել ամերիկաներում, ֆրանսիաներում ու ճապոնիաներում։ Շատ կուզենայի, անկախ այցի նպատակից, նրանք հագնված լինեին հայեցի, կանայք՝ կանացի, տղամարդիկ՝ տղամարդավարի»։ Այսօր դիզայներ-մոդելյորը իր հավաքածուում ունի զգեստներ, որոնցում առկա են պատմական Հայաստանի շրջանների տարազների էլեմենտներ (Վասպուրական, Շատախ, Զեյթուն, Ագուլիս եւ այլն), դրանցից շատերն էլ կրում են «Զվարթնոց», «Գառնի», «Գեղարդ» եւ այլ անուններ։ Այս ամենի հետ, Մ. Գեւորգյանը կողմ է նաեւ «սուպերմոդեռն» ոճերին։ Իր խոսքերով. «Ունեմ նաեւ «թինթոն» բլուզներ, բայց ամենը իր չափի ու ձեւի մեջ։ Չզարմանաք, եթե ասեմ, որ անգամ իմ ժամանակակից մոդելները կրում են դասականի կնիքը»։ Մեր զրուցակցի արվեստի նման զուսպ են նաեւ նրա գնահատականները. «Դասականություն՝ ամեն ինչում. դասական պիջակներ, սեփական մշակման կար, դասական ուրվագծեր եւ, իհարկե, դասական գույներ»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել