«Երկիրը շարժվում է կրիայի արագությամբ» Այս կարծիքին է «Միավորված հայեր» կուսակցությունը։ Այդ հանգամանքը համբերությունից հանել է մտավորականության այն հատվածին, որը համախմբվել է մեկ կազմակերպության մեջ ու մտադիր է «գազի ոտնակի» դեր տանել այն նախագահի համար, ում կընտրի ժողովուրդը։ Եթե նույնիսկ առայժմ չհաջողվի «ընտրյալի» կողքին տեղ գրավել, «գոնե ժողովուրդը չի ասի, թե մտավորականությունը ոչինչ չի անում»։ «Ազգային-հայրենասիրական, կենտրոնաձիգ, հզոր եւ կայուն պետության կողմնակից» կարգախոսով «Միավորված հայեր»-ն այս ընտրություններին ներկայացրել են իրենց թեկնածուին՝ մասնագիտությամբ իրավաբան Ռուբեն Ավագյանին։ «Մենք երրորդ ուժ ենք, պատրաստ ենք սատարել իշխանությանը, որը ծառայում է օրենքին, բայց ոչ իշխանամետներին, որոնք ծառայում են աթոռին։ Մենք այդ տարբերությունը դնում ենք…»,- երեկ հայտարարեց Ռ. Ավագյանը Ժուռնալիստների միությունում։ Նույն արտահայտությամբ, ինչպես նաեւ Պլատոնի մի խոսքով նա սկսում է ժողովրդի հետ իր բոլոր հանդիպումները։ Հետո ավելացնում, որ «պատրաստ ենք սատարելու նաեւ այն ընդդիմությանը, որը կառուցողական գործելակերպով երկիրը ոտքի կկանգնեցնի»։ Լրագրողի հարցին, թե՝ կարո՞ղ եք օրինակներ բերել, պատասխանեց. «Դատաիրավական համակարգը, որը կոռումպացված է, Սահմանադրությունը չի ստեղծում լիարժեք մթնոլորտ, որ իշխանության ներկայացուցիչները չդառնան իշխանամետ»։ Այսինքն, մեղավորը Սահմանադրություն գրող-կազմողներն են, որ ով էլ դառնա նախագահ, ոչ թե ենթարկվում, այլ իշխում է երկրին էլ, օրենքներին էլ։ Հարցն այլ կերպ ձեւակերպեցինք. ասպարեզում մնացած «նախագահացու»-ներից ո՞ւմ ծրագիրն է առավել մոտ «Միավորված հայեր»-ի ծրագրին եւ, ի վերջո, ո՞ւմ կմիանա Ռուբեն Ավագյանը։ «Կախված նրանից, թե ժողովուրդը ո՞ւմ կողմը կթեքվի, ո՞ւմ կընտրի՝ նրան էլ կաջակցենք»,- պատասխանեց 9-ից 1-ը։ Նախագահի այս թեկնածուն իր առջեւ առայժմ նպատակ է դրել «ժողովրդին համոզել, որ ճիշտ ընտրություն կատարի ու ձայնը տա նրան, ով խոստանում է օրենքի գերակայություն երկրում»։ Ասել է թե՝ սոցիալ-տնտեսական աճն ու բարեկեցիկ կյանքն իրենց խոստումներում առաջին պլան բերող թեկնածուներին խորհուրդ է տրվում փոփոխություն մտցնել ելույթներում, այլապես կզրկվեն «Միավորված հայեր»-ի օգնությամբ իրավաբանորեն «կրթվող» ընտրազանգվածի ձայնից։ Առաջ անցնելով, Ռ. Ավագյանը նշեց, որ իրենց ծրագիրը հանկարծ չփորձենք նմանեցնել մյուսների ծրագրերին, քանի որ «մերը կոնցեպտուալ մոտեցում ունի՝ մենք սկսում ենք Սահմանադրությունից»։ Տեղեկացանք նաեւ, որ կուսակցությունը շարունակելու է իշխանությունում տեղ գրավելու իր պայքարը նաեւ ԱԺ ընտրություններում։ Ընդ որում, այնտեղ տեղ գրավելուց հետո պիտի հասնի այն բանին, որ պատգամավորների մոտ 50%-ը իրավաբաններ լինեն, իսկ մնացածն «ինչ ուզում է, թող լինեն»։ Իսկ եթե, այնուամենայնիվ, «Աստված ու ժողովուրդ կամենան, ու ես ընտրվեմ նախագահ (թեկուզեւ՝ հաջորդ նախագահական ընտրություններին), ապա հենց առաջին տարում դուք կզգաք փոփոխությունը երկրում»,- խոստացավ Ռուբեն Ավագյանը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ