Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ ՉՍՏԱՑՎԵՑ, ԲԱՅՑ…

Փետրվար 11,2003 00:00

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ ՉՍՏԱՑՎԵՑ, ԲԱՅՑ… «Եթե մեկն ու մեկը երկրորդ փուլ անցնի, բոլորս կհամախմբվենք նրա շուրջ եւ մի արդյունքի կհասնենք»։ Երեկ այս հայտարարությունն արեց ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ շարունակելով չկայացած միասնական թեկնածուի գաղափարի շուրջ խոսակցությունները։ Իսկ ընդհանրապես, Վ. Մանուկյանի կարծիքով, պետք է ձեւավորվեն աջ, ձախ եւ կենտրոնամետ հստակ քաղաքական ուժեր, որոնք միավորվելով ոչ թե «կդավաճանեն իրենց գաղափարական բլոկներին, այլ քաղաքական խնդիր կլուծեն»։ Այլապես. «Ես չեմ պատկերացնում, թե հանուն ինչի միանամ մեկ ուրիշի»։ Վ. Մանուկյանը գտնում է, որ հենց այդ ժամանակ էլ տրամաբանորեն «կբաժանվեն նաեւ պորտֆելները», ինչի մասին մեր ընդդիմադիրների մինչ օրս կայացած հանդիպումներում, ըստ ԱԺՄ նախագահի, միայն ակնարկներ են եղել։ Իբրեւ միասնական թեկնածու՝ իր անձի շուրջ համախմբվելը Վ. Մանուկյանն այսպես է բացատրում. «Իմ պարագայում ձայները գումարվում են (նկատի ունի ընտրազանգվածի- Ն. Գ.)։ Իսկ Ա. Գեղամյանի կամ Ստ. Դեմիրճյանի տարբերակում՝ դուրս են գալիս»։ ՀՀ նախագահի թեկնածուն երեկ իր քարոզարշավը շարունակեց Հրազդան միկրոշրջանում եւ Աբովյան քաղաքում։ Ի դեպ, ԱԺՄ նախագահը ՀՀ նախագահի թեկնածուներից երրորդն էր եւ ընդդիմադիրներից երկրորդը, որ այցելում էր Աբովյան քաղաք։ Զարմանալիորեն եւ ի տարբերություն Հրազդան միկրոշրջանի, Աբովյանի հանրահավաքը բավականին սակավամարդ էր (հազիվ 100-120 մարդ)։ Իրենք՝ հավաքվածները, դա այսպես էին բացատրում. «Ակումբի մոտից մարդկանց ավտոբուսներով տանում են կերուխումի՝ միտումնավոր, որպեսզի խափանեն ընդդիմադիր թեկնածուի հանրահավաքը»։ Դա «քաղաքային իշխանությունների ձեռի գործը» համարելով, նրանք վկայում էին, որ նույն «բանն է եղել Արամ Զ. Սարգսյանի այցելության ժամանակ»։ Իսկ հրազդանցիները մարտականորեն էին տրամադրված։ Նրանց վերլուծությամբ, պայքարը գնալու է Դեմիրճյանի, Գեղամյանի, Մանուկյանի եւ Քոչարյանի միջեւ։ Վերջինիս չնչին տոկոսներ են վերագրում, այն էլ՝ «տեղում բնակվող ղարաբաղցիներից»։ Եվ վստահ էին, որ անպայման երկու փուլով են ընտրությունները լինելու։ 2-րդ փուլում՝ առաջին երեքից երկուսն են մրցելու։ Բայց քանի որ «երեքն էլ արժանավոր են», իրենց համար իրական չէր, թե ի վերջո ով կընտրվի։ «Քոչարյանը հարգանք չունի ժողովրդի մեջ»,- միահամուռ իրենց խոսքն ասացին հրազդանցիները։ Ի պատասխան հարցիս՝ «բա որ չթողնե՞ն արդար լինի», մի քանի հոգի միանգամից սկսեցին պատմել, որ «Քոչարյանի շտաբից գալիս անձնագրեր են հավաքում, դպրոցներում, հիվանդանոցներում, մասնավոր ձեռնարկություններում վախեցնում ու պարտադրում են, որ Քոչարյանին ընտրեն», որ «Հրազդանի էլեկտրացանցի սվարչիկին Քոչարյանի միտինգին չմասնակցելու համար գործից հանել են, հիմի գործը դատարանում է», որ «ցեմենտի զավոդի ղարաբաղցի տնօրենը, ինքն էլ կնիկ, աշխատողներին պարտադրել է, թե Քոչարյանին չընտրեք՝ գործից կազատեմ», եւ այլն։ Նրանք նաեւ վստահ են, որ «Քոչարյանի հույսը բյուլետենները կեղծելն ա, հանձնաժողովում 90%-ը իրա մարդիկ են»։ Բայց «մենք ըտենց չենք թողի»։ Նրանց վրդովվեցնում են նաեւ «սուտ լրատվությունը, շուռ տված արվեստագետները»։ Նաեւ այն, որ նախորդ օրը «Միկրոն Հրազդանի հետ կապող» թիվ 3 ավտոբուսը «դիտմամբ չաշխատեց», եւ իրենք չկարողացան «Դեմիրճյանի միտինգին գնան»։ Սոցիալ-տնտեսական-քաղաքական բնույթի տարատեսակ հարցերի շարքում, Վ. Մանուկյանին նաեւ այսպիսի հարց ուղղվեց. «Ի՞նչ կլինի, եթե, այնուամենայնիվ, այս անգամ էլ կեղծվեն ընտրությունների արդյունքները»։ Պատասխանը հետեւյալն է. «96-ին կեղծվեց՝ մարդիկ ըմբոստացան, 98-ին՝ ձայն չհանեցին։ Հիմա՝ 96 թ. կկրկնվի, 98-ը, թե մեկ ուրիշ բան կլինի՝ մի բան հստակ է. 96-ի նման ժողովուրդը կկանգնի եւ հաղթած թեկնածուն վճռական կլինի։ Բայց տա Աստված, որ արյունահեղություն չլինի։ Միեւնույն է, այն իշխանությունը, որը ժողովրդի քվեով չի՝ երկար կյանք չունի»։ Ծրագրային դրույթները ներկայացնելուց զատ, Վազգեն Մանուկյանը, իր արդեն ձեւավորված սկզբունքի համաձայն, ժողովրդին հերթական անգամ կոչ արեց՝ մասնակցել ընտրություններին եւ ժողովրդի ուժով իշխանություն ձեւավորել։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել