Ո՞վ է այն տղամարդը, որը կպատասխանի Երեւան քաղաքի դատախազ Հ. Վ. Բադալյանին Հայտնում եմ Ձեզ, որ 22.07.02թ. դիմել եմ Նուբարաշենի ՆԳ բաժանմունք՝ հայտնելով, որ նախորդ օրը ժամը 0017230-ի սահմաններում իմ ծանոթ Միքայելը եւ իր հորաքրոջ տղան՝ Հակոբը, Նուբարաշեն թաղամասից ինձ առաջարկել են նստել «Ջիպ» մակնիշի ավտոմեքենան։ Ճանապարհին նրանք ինձ սկսեցին հարվածել, իմ հասցեին տալիս էին սեռական, խուլիգանական բնույթի հայհոյանքներ։ Գարեգին Նժդեհի փողոցում Հակոբը ինձ վրա պահեց «ՏՏ» տիպի ատրճանակ, ասելով, թե՝ Միքո, թող ճակատից սատկացնեմ, սակայն Միքայելը նրան ասաց, որ դեռ այդ քայլը մի արա, տանենք օբյեկտ, նոր կորոշենք։ Հարգելի պարոն դատախազ, գործը քննել է էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազի օգնական Ռ. Պարոնիկյանը, որի կայացրած որոշումը չի համապատասխանում իրականությանը, եւ որոշումը երկու ամսից ավելի չէր տալիս ինձ, իմ հեռախոսային մի քանի զանգերից հետո նա ինձ ահաբեկում եւ վախեցնում էր, թե քեզ որոշում չի հասնում, խելոք մնա, թե չէ գործը շուռ կտամ քեզ վրա, իսկ մինչ այդ պարոն Պարոնիկյանը ինձ առաջարկում էր այլ բաներ, որոնք ես կարող եմ ասել Ձեզ, եթե անհրաժեշտ լինի։ Երբ նա որոշումը չէր տալիս ինձ, ստիպված, խնդրանքով դիմեցի Մարդու իրավունքների պաշտպանության Հելսինկյան ընկերություն, իսկ երբ ընկերության նախագահ Միքայել Դանիելյանը նրա հետ հեռախոսով զրուցեց, Պարոնիկյանը նրան էլ պատասխանեց, որ ինքը իրավունք ունի ինձ որոշման կրկնօրինակը չտալու։ Դրանից հետո պարոն Դանիելյանի հետ միասին եղանք էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազությունում եւ քարտուղարությունից պարոն Դանիելյանի ներկայությամբ ստացա որոշման կրկնօրինակը։ Որոշմանը ծանոթանալուց հետո գալիս եմ այն եզրակացության, որ պարոն Պարոնիկյանը ոչինչ չի կատարել օրենքի սահմաններում եւ նա ինձ անհիմն համարում է հոգեկան հիվանդ, իրեն վերագրելով հոգեբույժի դերը։ Պարոն դատախազ, Պարոնիկյանի կատարած ոչ օբյեկտիվ նախաքննության մասին, գրվել է. 1. «Հայկական ժամանակ» օրաթերթում, 19 սեպտեմբերի 2002 թ., թիվ 157՝ «Դիմողը շիզոֆրենիկ է», 2. «Առավոտ» օրաթերթում, 10 հոկտեմբերի 2002 թ., թիվ 185՝ «Դատախազությունը որբի գլուխ է տշում», 3. «Իրավունք, հետաքննություն», հոկտեմբեր, 2002 թ., թիվ 20. «Մահվան սպառնալիք 100 դոլարի համար», 4. «Չորրորդ իշխանություն», 5 նոյեմբերի 2002 թ., թիվ 243. «Դատախազությունը ջրում է քրեական գործը», 5. «Ժամանակի ուղեկից», 21 սեպտեմբերի 2002 թ., թիվ 39. «Դատախազը նաեւ հոգեբույժ է»։ Հարգելի պարոն դատախազ, այսքան նյութեր են տպագրվել մամուլում, սակայն ոչ մի հակափաստարկ պատասխանով մինչեւ հիմա հանդես չեն եկել, չեն պատասխանել էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազությունից։ Ելնելով այս ամենից, խնդրում եմ Ձեր կողմից կատարեք նոր քննություն եւ, հուսով եմ, որ Դուք իրավական տեսանկյունից կմոտենաք իմ դիմում-բողոքին։ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆ