Հաղթողների տարելիցը 1992թ. նոյեմբերի 27-ին ձեւավորվեց 5-րդ կամավորական մոտոհրաձգային բրիգադը, որի 10-ամյա տարելիցը նշվեց փետրվարի 8-ին։ Բրիգադը կազմավորվեց Էջմիածնի կամավորականներից եւ հրամանատարն էր այսօր արդեն գեներալ-լեյտենանտ, պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանը (1-ին հրամանատարը Ռեմիկ Մարդանյանն էր, որը հետմահու պարգեւատրվեց ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով)։ Այս բրիգադի բազկի ուժը թշնամին զգաց Մարտակերտում-Հադրութում։ Փոխնախարարն իրեն անկաշկանդ էր պահում ամենուր։ Եռաբլուրում իր զինակիցներին դիմավորում էր համբույրով եւ «ապե» բառով։ Զինակիցներից շատերն էլ «ջիպերով» էին, գեներալական-գնդապետական ուսադիրներով։ Ծաղկեպսակը տանելու ճանապարհին մի քանի ազատամարտիկների հարազատներ, իրենց որդիների շիրիմների մոտ բարձրաձայն դժգոհում էին (լսելի դարձնելու ակնկալիքով). «10 հազար դրամ պիտի տային, դրանից էլ զրկեցին մեզ»։ Իմիջիայլոց, գեներալներն ու գնդապետները կամ նրանց խորհրդատուները կարող էին ժեստ անել նրանց մոտենալու, ցավակցելու… չարեցին։ Չխախտեցին արարողակարգը։ Նրանք այցելեցին Վազգեն Սարգսյանի շիրիմին, ծաղկեպսակ դրեցին եւ շարժվեցին հանրապետական զինվորական հավաքակայան։ Այնտեղ՝ Ռուբեն Նալբանդյանի շիրիմին տեղադրվեց խաչքար։ Այս բրիգադի յուրաքանչյուր զոհված ազատամարտիկի հիշատակին Արցախում խաչքարեր են պատրաստվել (թվով 47)։ Տեղեկացնենք, որ տարելիցին մասնակցում էր Արցախից ժամանած պատվիրակությունը՝ ԼՂՀ պաշտպանության փոխնախարար Վիտալի Բալասանյանի գլխավորությամբ։ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն. ՀՀ եւ ԼՂՀ կառավարական պարգեւների արժանացան տասնյակ կամավորականներ (նաեւ՝ հետմահու)։ Ցուցադրվեց ՊՆ քարոզչության եւ լրատվության վարչության կողմից արված 5-րդ բրիգադին նվիրված փաստավավերագրական ֆիլմը եւ բաժանվեցին «Հաղթանակի բրիգադ» գրքերը։ Մի պահ ՊՆ փոխնախարարը չէր կարողանում դուրս գալ իր զինակիցների շրջապատումից եւ «դժգոհեց», թե «պլեն է»։ Բացառիկ իրավիճակում հայտնված «պլենն» էլ լուսանկարվեց հաղթողների հետ, կիսելով նրանց ուրախությունը։ Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ