Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ ԵՎ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվար 11,2003 00:00

ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ ԵՎ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է անմեղության կանխավարկածը եւ խոսքի ազատությունը։ Շատ լրագրողներ եւ իրավաբաններ անմեղության կանխավարկածը տարածական մեկնաբանելու հետեւանքով արհեստական հակասություն են ստեղծում սահմանադրական այս երկու դրույթների միջեւ։ Մասնավորապես նշվում է, որ անմեղության կանխավարկածը եւ լրագրողական էթիկան արգելում են քրեական դատավարության ընթացքում մեղադրյալին հանցագործ անվանել։ Անմեղության կանխավարկածը մեկնաբանելիս պետք է հաշվի առնել, որ այս սկզբունքը գործում է միայն քրեական դատավարությունում՝ քրեական գործ հարուցելու (կոնկրետ անձի նկատմամբ) պահից։ Անմեղության կանխավարկածը, լինելով քրեական դատավարության ճյուղային սկզբունք, չի կարող արգելքներ սահմանել դատավարության սուբյեկտ չհանդիսացող լրագրողի համար։ Անմեղության կանխավարկածը պահանջում է, որ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, մեղադրյալին անմեղ համարի ոչ թե քննիչը, մեղադրողը, տուժողը կամ դատավարության սուբյեկտ չհանդիսացող այլ անձ, այլ պետությունը՝ որպես քրեական պատիժ իրականացնող սուբյեկտ։ Անմեղության կանխավարկածի տարածական մեկնաբանության հետեւանքով այն մեղադրյալի իրավունքների երաշխիքից վերածվում է լոզունգի։ Անմեղության կանխավարկածը, լինելով մեղադրյալի օբյեկտիվ կարգավիճակը, չի կարելի խախտել լրագրողի կամ այլ քաղաքացու՝ մամուլի միջոցով կարծիք արտահայտելու միջոցով։ Պարզապես լրագրողը պարտավոր է նյութը ներկայացնել այնպես, որ հստակորեն տարանջատվի փաստը եւ մասնավոր կարծիքը, եւ ոչ թե մասնավոր կարծիքը ներկայացնել որպես փաստ, որը անթույլատրելի է թե՛ իրավունքի, թե՛ բարոյականության տեսանկյունից։ Փաստը ներկայացնելիս, մեր կարծիքով, լրագրողը պետք է հենվի պաշտոնական փաստաթղթերի վրա (քրեական գործ հարուցելու մասին որոշում կամ մեղադրական եզրակացություն)։ Մեղադրյալի մեղավորության վերաբերյալ ԶԼՄ արտահայտված կարծիքները չեն կարող ազդել նաեւ դատավորի վրա։ Այս առումով հետաքրքիր է Եվրոպական դատարանի դիրքորոշումը.«…մեղադրանքները պետք է լուծվեն պրոֆեսիոնալ դատավորների կողմից, որոնք պետք է որ ավելի քիչ ազդվեն լրատվամիջոցների ծավալած արշավից, քան երդվյալները»/Հ. Դակտարասն ընդդեմ Լիտվայի, գործ 42095/98/։ Եթե լրագրողը, մինչեւ քրեական հետապնդման հարուցումը, մեղադրում է անձին հանցագործության մեջ, եւ դա քրեական գործ հարուցելու առիթ եւ հիմք չի դիտվել, ապա անձը քրեաիրավական կամ քաղաքացիաիրավական եղանակով կարող է պաշտպանել իր իրավունքները։ Մինչդեռ քրեական դատավարության ընթացքում լրագրողը, լուսաբանելով քրեական գործը, եթե մեղադրյալին հանցագործ անվանի, ապա նրա նկատմամբ չի կարող հարուցվել ո՛չ քրեական, ո՛չ էլ քաղաքացիական գործ։ Իսկ եթե մեղադրյալը արդարացվի, ապա քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածում ամրագրված են մի շարք երաշխիքներ, որոնք հնարավորություն կտան անձին վերականգնել իր բարի անունը եւ բարոյական կերպարը։ Ինչ վերաբերում է լրագրողական էթիկային, ապա ժուռնալիստիկայի էթիկայի կանոնների ուսումնասիրությունը (Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի ժուռնալիստների վարքագծի սկզբունքների հռչակագիր, Ժուռնալիստների բրիտանական ազգային միության վարքագծի կանոններ, «Վաշինգտոն փոստի» էթիկայի կանոններ) ցույց է տալիս, որ ոչ մի էթիկայի կանոն լրագրողին չի արգելում դատավարության ընթացքում մեղադրյալին հանցագործ անվանել. էթիկան լրագրողից պահանջում է տեղեկություններ հավաքելու եւ հրապարակելու գործընթացում պահպանել ճշմարտության, օբյեկտիվ մեկնաբանման եւ քննադատության սկզբունքը։ Ա. ՂԱՄԲԱՐՅԱՆ Եվրոպական դատարան դիմելու համար իրավախորհրդական կենտրոնի իրավաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել