Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կռեյտինգավորվեն նաեւ հաճախորդները

Փետրվար 11,2003 00:00

Կռեյտինգավորվեն նաեւ հաճախորդները «Որոշ բանկեր, ոտնահարելով բանկային գործող օրենսդրությունը, չեն հրապարակում օրենսդրությամբ սահմանված ժամկետներում իրենց ֆինանսական հաշվետվությունները՝ հասարակությանը զրկելով տեղեկատվությունից»։ Ինչը ԷՌԷՌՍԻ հետազոտությունների եւ ռեյտինգավորման կենտրոնի տնօրեն Ռուբեն Վալեսյանի խոսքերով, պարտադիր է, որպեսզի բանկերի պոտենցիալ եւ փաստացի հաճախորդները, ավանդատուները կամ վարկառուներն ընտրություն անելու հնարավորություն ունենան։ Սակայն այդ ֆինանսական հաշվետվությունների առկայության դեպքում էլ, Ռ. Վալեսյանի հավաստմամբ, եթե մարդը ֆինանսիստ կամ հաշվապահ չէ, իր համար դժվար կլինի այդ հաշվետվությունից որոշակի եզրակացություն անել, հասկանալ. «Միջազգային պրակտիկայում ընդունված է նման ռեյտինգային կազմակերպությունների առկայությունը, որոնք հասարակությանն օգնում են կողմնորոշվելու։ Ոչ մի պարտադրողական բան չկա, ոչ ոք պարտավորված չէ հավատալ, 100%-ով ընդունել այդ արդյունքները։ Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշելու»։ Փետրվարի 5-ից ԷՌԷՌՍԻ հետազոտությունների եւ ռեյտինգավորման կենտրոնն արդեն ներկայացրել է Հայաստանի առեւտրային բանկերի ռեյտինգները 2003 թվականի հունվարի մեկի դրությամբ, որոնք, ըստ կենտրոնի տնօրենի, հաշվարկվել են կենտրոնի մեթոդիկայով։ Ներկայացված ԷՌԷՌՍԻ ռեյտինգը հիմնված է առեւտրային բանկերի կողմից հրապարակվող ֆինանսական հաշվետվության վրա եւ կրում է կարճաժամկետ բնույթ, այսինքն արձանագրում է իրավիճակը որոշակի օրվա դրությամբ։ Կենտրոնի ռեյտինգային գնահատականները հրապարակվելու են տարեկան 4 անգամ՝ բանկերի կողմից հրապարակվող եռամսյակային հաշվետվությունների արդյունքներով։ Ռուբեն Վալեսյանի ներկայացմամբ, մեթոդաբանությունը նախօրոք ներկայացվել է առեւտրային բանկերին, Կենտրոնական բանկին, Բանկերի միությանը, այլ կազմակերպությունների, որպեսզի վերջիններս առաջարկություններ ունենալու դեպքում իրենց ներկայացնեն։ ԷՌԷՌՍԻ-ի տնօրենի հավաստմամբ, եղել են տարբեր առաջարկություններ, ինչպես նաեւ հանդիպումներ միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Արդյունքում, ըստ պարոն Վալեսյանի, ԷՌԷՌՍԻ-ի մեթոդիկան փոքր-ինչ ձեւափոխվել է, եկել է վերջնական տեսքի։ Դրանք զետեղված են ինտերնետային www.freewebs.com/RRC_ltd էջում։ Կենտրոնի տնօրենը նաեւ նշեց, որ որոշ բանկերի կողմից այս մեթոդի առնչությամբ եղել են նաեւ դժգոհություններ. «Ինչը ես բնական եմ համարում, քանի որ բանկային համակարգը միատարր չէ եւ ես հուսով եմ, որ սա լրացուցիչ խթան կհանդիսանա ավելի արդյունավետ աշխատելու համար։ 2003թ. ընթացքում, երբ արդեն կունենանք 4 եռամսյակ, հասարակությունը հնարավորություն կունենա այդ եռամսյակների ընթացքում տեսնել եւ համեմատել յուրաքանչյուր բանկի վերելքը, անկումը կամ կայուն լինելը»։ Ռեյտինգներին զուգահեռ, կենտրոնը ներկայացնելու է նաեւ հակիրճ իր տեսակետը բանկային համակարգի զարգացման ընդհանուր միտումների վերաբերյալ, քանի որ, կենտրոնի տնօրենի խոսքերով. «Կենտրոնական բանկը վերջին երկու եռամսյակների ամփոփ տեղեկությունները ներկայացնում է միայն 20 առողջ բանկերի հաշվարկով, ինչը լիարժեք պատկերացում չի տալիս բանկային համակարգի մասին»։ Ըստ Ռ. Վալեսյանի, իրենք հետագայում պատրաստվում են ռեյտինգավորել նաեւ բանկի հաճախորդներին՝ ֆիրմաներ, առեւտրային, արտադրական կամ այլ տիպի կազմակերպություններ։ Նրա խոսքերով. «ԷՌԷՌՍԻ կենտրոնը նաեւ խորհրդատվական ծառայություն է մատուցում բանկային գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի շուրջ»։ Ի տարբերություն հայաստանյան այլ գործակալությունների, որոնք զբաղվում են նույն գործունեությամբ, ռեյտինգները հասարակության համար բաց, հրապարակման ենթակա են եւ չեն վաճառվելու։ Միաժամանակ, ԷՌԷՌՍԻ կենտրոնը հրավիրում է բանկերի ուշադրությունը այն փաստի վրա, որ որոշ բանկերի հրապարակած հաշվետվություններում առկա են անճշտություններ, որոնք բացասաբար են ազդում բանկի վերջնական գնահատականի վրա։ Ռ. Վալեսյանի խոսքերով, հաջորդ եռամսյակից սկսած իրենք կհրապարակեն իրենց կողմից հայտնաբերված անճշտությունների ցանկը։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. Խնդրի վերաբերյալ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանն ասաց, որ «Կենտրոնական բանկը սկսել է վարույթ այն բանկերի նկատմամբ, որոնք խախտել են օրենսդրությամբ սահմանված պահանջները եւ դրանց նկատմամբ կկիրառվեն համապատասխան պատժամիջոցներ, այն է՝ տուգանել բանկին կամ աշխատողին, որը թույլ է տվել այդպիսի խախտում, նաեւ՝ հանձնարարական տալ կատարելու պարտավորությունը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել