Ի կատարումն «Առավոտի» եւ Կենտրոնական բանկի ապրիլի 1172ին կնքված հաշտության համաձայնագրի առաջին կետի, այս հոդվածի հերքումը կարդացեք Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱՇԱՌ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ Հիշեցնեմ, որ 2003թ. հունվարի 23-ին «Առավոտ» թերթում տպագրվել էր մի հոդված, որում ներառված էր բանկային համակարգի նախկին մի պաշտոնյայի հայտարարություն: Ձեզ վերաբերող, կաշառք վերցնելու մասին հայտարարություն պարունակող հոդվածը կոչվում է ոչ թե հերյուրանք կամ զրպարտություն (ինչպես ներկայացնում եք Դուք), այլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176 հոդվածի համաձայն կոչվում է «հաղորդում», որը քրեական գործ հարուցելու առիթ է հանդիսանում, իսկ արարքը, եթե այդպիսին կատարվել է, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի, կոչվում է կաշառք վերցնել, որի համար շատ խիստ պատիժ է սահմանվում: Ձեր այն պնդումը, թե թերթի հրապարակումը քաղաքական, տնտեսական լծակներ ունեցող կիսաքրեական անձանց դավադրությունն է Ձեր դեմ, զարմանալի է, քանի որ հոդվածում ներառված հայտարարության հեղինակի անունը հայտնի չէր ոչ հանրապետության քաղաքական շրջանակներին, ոչ էլ նա նավթային մագնատ է, այլ ընդամենը ժամանակին Ձեր անմիջական մասնակցությամբ նշանակված բանկային համակարգի նախկին պաշտոնյա, որի հետ, իմիջիայլոց, հնարավոր է Դուք նախկինում բազմաթիվ անգամ նստել եք «կլոր» սեղանի շուրջ: Նույնը կարելի է ասել հոդվածագրի մասին, որ նա ընդամենը լրագրող է: Ձեզ կաշառք տալու մասին, ըստ Ձեզ, հերյուրանքի սկզբնաղբյուրը, համաձայն հայտարարության բովանդակության ոչ թե հայտարարության հեղինակն է, այլ Ձեր «աջ» կամ «ձախ» ձեռք համարվող ՀՀ ԿԲ վերահսկողության վարչության նախկին պետ Արտաշես Դավթյանը, որը, կարծեմ, մինչեւ վերջերս՝ աշխատանքից ազատվելուց հետո էլ օգտվում էր ԿԲ-ի ծառայողական մեքենայի ծառայություններից: Փառք Աստծո, որ հրապարակման համար չեք մեղադրում, ասենք, օրինակ, Կոլումբիական նարկոմաֆիային կամ Բեն Լադենին: Այնպես որ, մեղավորին փնտրեք Ձեր շրջապատում, հեռու մի գնացեք: Իմ կարծիքով, ոչ թե կիսաքրեական անձինք դավադրություն են նյութում Ձեր դեմ, այլ կիսակոռումպացված որոշ պաշտոնյաներ խոչընդոտում են, որ հոդվածներում նշված եւ բազմաթիվ չնշված այլ հանգամանքների վերաբերյալ կատարվի օբյեկտիվ քննություն: Ինչ վերաբերում է միջազգային աուդիտորական կազմակերպությանը, որին ՀՀ ԿԲ-ն վճարել եւ հրավիրել է, որ վերջինս կատարի ուսումնասիրություններ (փորձաքննություն) «Կրեդիտ-Սերվիս բանկում». եթե ընթերցողը հիշում է, այդ փորձաքննությունը ի սկզբանե նշանակվել եւ հանձնարարվել էր ՀՀ ֆինանսների նախարարությանը։ Տարօրինակ է ՀՀ ԿԲ-ի շահագրգռությունը ահռելի գումարներ ծախսելու եւ «ուսումնասիրությունների» հրավիրելու այն միջազգային կազմակերպությանը, որը տարիներ շարունակ, սկսած 1999 թվականից «ուսումնասիրել» էր այդ բանկը եւ ըստ էության ասել, որ ամեն ինչ լավ է: Եվ այս կազմակերպությունը, եւ ՀՀ ԿԲ-ն մինչեւ 2002թ. անընդհատ «ուսումնասիրել» են այդ բանկը եւ ոչինչ չէին գտնում, «հանկարծ» 2002 թվականին ԿԲ-ն «հայտնաբերում» է: Ըստ Տիգրան Սարգսյանի, ՀՀ ԿԲ-ն ուժեղ վերահսկողություն է իրականացնում ՀՀ-ում գործող բանկերի նկատմամբ։ Իսկ կա՞, արդյոք, պատշաճ վերահսկողություն Կենտրոնական բանկի նկատմամբ. տեղյա՞կ է, արդյոք, երկրի բարձրագույն իշխանությունը, թե 1997-99թթ. ինչ գումարներ են դուրս եկել ԿԲ-ից, ինչ նպատակով, եւ ինչ պտույտներ են գործել։ Որպեսզի այս նախընտրական թոհուբոհում ԿԲ-ին վերաբերող հարցը քաղաքական շահարկումների առիթ չդառնա, կարծում եմ, նախագահական ընտրություններից հետո այս եւ բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ ի հայտ կգան շատ ավելի հետաքրքիր մանրամասներ: Իսկ մինչ այդ՝ բարեկամաբար խորհուրդ տամ պարոն Սարգսյանին. ավելի լավ է ոչ թե հայտարարությունը հենց այնպես հերյուրանք կամ զրպարտություն անվանել, այլ փորձել այն հերքել հիմնավորումներով։ Օրինակ, ասել, որ նման վարկեր չեն եղել, կամ, որ Դուք 1997թ-ին չեք ճանաչել Արտաշես Դավթյանին, կամ նա Ձեզ երբեք չի զանգահարել եւ Դուք մտերիմ հարաբերություններ չեք ունեցել նրա հետ եւ դա դեր չի խաղացել նրան այդ պաշտոնում նշանակելիս, կամ որ նա աշխատանքից ազատվելուց հետո չի շարունակել օգտվել ՀՀ ԿԲ-ի ծառայողական մեքենաների ծառայություններից եւ այլն։ Դուք հերքեք, մենք էլ փաստարկներ կներկայացնենք։ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ