Ընտրաքարոզչություն հայավարի թե «Ընտանեկան լոտո»-ի թերթիկ գնելիս խաբվում ես, ընտանիքդ է տուժում՝ դրամապանակդ է դատարկվում, իսկ եթե նախագահ ընտրելիս ես խաբվում՝ երկրիդ ապագան ես դարձնում դատարկ։ Եվ, ուրեմն, յուրաքանչյուր ընտրող ընտրաթերթիկն արկղ գցելով՝ կարող է Հայրենիքի դեմ հանցանք գործել, եթե անարժան թեկնածուի է ձայն տալիս, եւ երկրի փրկիչ է դառնում, եթե՝ արժանավոր թեկնածուի։ Անձ-անհատների հարցն այստեղ երկրորդական-երրորդական պետք է համարվի, եւ այս բանը պետք է ականջի օղ անեն հատկապես սատարողները՝ լինեն քաղաքական գործիչներ, մտավորականներ, լրագրողներ, թե կուսակցություններ, միություններ, ընկերություններ… Բոլոր թեկնածուներն էլ՝ սկսած գործող նախագահից, կարող է եւ շատ արժանավոր անձնավորություններ են, սակայն որպես նախագահներ քաղաքական-ղեկավարական ի՞նչ շնորհք կամ տաղանդ կարող են հանդես բերել ի նպաստ երկրի հզորացման եւ ժողովրդի բարօրության։ Սատարելուց անհրաժեշտ է այս ապացույցով սկսել եւ ավարտել, սակայն այդպես չեն վարվում ո՛չ սատարիչ կուսակցությունները եւ ո՛չ էլ առանձին անձինք։ Ապացույցների փոխարեն կուսակցությունների համագումարյան ամբիոնները ծածկվում են քծնանքի փրփուրներով եւ շողոքորթության օճառաջրերով, իսկ առանձին անձանց շրթունքները՝ հաճոյախոսության լորձանքներով եւ կեղծավորության ժպիտներով։ Այսպես են վարվում հատկապես գործող նախագահի սատարիչները՝ ստրկամիտ մտավորականների մի ընդարձակ ցուցակ՝ գրողներ, կինոռեժիսորներ, գիտնականներ, նաեւ գործարարներ եւ նույնիսկ մարզիկներ… Այստեղ, ահա, ականջներիս մեջ զնգաց Լեւ Տոլստոյի ձայնը. «Պետք է շնորհակալ լինենք Աստծուն, որ դժգոհություն է դրել մեր մեջ։ Դժգոհությունը դեպի կատարելություն տանող ճանապարհի նախադուռն է։ Ի՛նչ դժբախտություն, երբ մարդ խաղաղ է եւ գոհ ինքն իրենից»։ Իսկ այդ դժբախտության ծավալները, կոմս, ինչ չափերի կարող են հասնել եւ ինչ քստմնելի դառնալ, երբ դերասանների, կինոռեժիսորների, գրողների, սրանց մեջ նաեւ մարզիկների, դուդուկահարների մի զանգված է գոհ ոչ միայն ինքն իրենից, այլեւ՝ «այսքան ուրախ կյանքից», որ հայր իշխանությունն է տվել… Ավելի լավ չէ՞ դուդուկից փչել, քան թե հեռուստատեսային էկրանից, եւ ես սրանց տեսնել-լսելով, Տիգրան Լեւոնյանի նման, ինքս եմ ամաչում, որ նրանցից ոմանց ճանաչել եմ եւ նույնիսկ հարգել։ Ինձ թվում է՝ նախընտրական այս օրերին վտանգավոր է այդքան հաճախակի մեջքը ծռել եւ ուղղել, այլապես միջամտության սպառնալիքն անխուսափելի կլինի՝ Չարլզ Դարվինը վկա։ Իսկ այս կամ այն նախագահացուին կռնակ տալը, որն գյումրեցի ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանի «էվրիկան» է, կարող է կուզիկության պատճառ դառնալ. զգուշացեք, գյումրեցի ընտրողներ, որովհետեւ կռնակատուն ձեր անունից է քծնասատարել։ Այսպիսի քծնողները առաջին հերթին սղոցում են այն թեկնածուի վարկանիշը, որի հասցեին քաղցրախոսում են, այդպիսի շաքարախոսները քաղաքական շաքարախտի հարուցիչներ են եւ նրանց ոչ թե պետք է բնակարաններ, շքանշաններ, մրցանակներ եւ այլ ճարպալի պատառներ բաժանել, այլ հատկացնել հատուկ դնչկալներ, որ բերանները չափավոր բացեն՝ շողոքորթությունից չպատռվեն։ Գործող նախագահին ստորաբար այնպես են քծնում եւ նախագահի հավակնորդներին արհամարհաբար այնպես են կծում, որ համակրելի է դառնում ոչ թե շողոքորթվողը, այլ՝ կծվողները,- այ մարդ, մարդ մնացեք, ինչո՞ւ եք հանուն պաշտոնի ու դիրքի փոր ու փսորի տեսակափոխվում՝ դառնում կծող լվեր եւ ծծող փայտոջիլներ։ Եվ եթե հետամնաց ազգերին եւ անկիրթ ցեղերին հատուկ այս իշխանապաշտամունքը շարունակի բորբոսի նման տարածվել, ապա Համո Սահյանի քարերի երկիր Հայաստանը, վախենում եմ, դառնա շողոմ-շողոքորթների երկիր Հայաստան, եւ այդ շողոմ-շողոքորթներն ամենից առաջ կհայտնվեն հայոց խորհրդարանի, կառավարության, նախարարությունների, մի խոսքով, իշխանական հանգույցների բազկաթոռների մեջ եւ աթոռների վրա, բազկաթոռների ետեւում եւ աթոռների տակ եւ համատարած կեղտ-կեղծավորության ճահճում մարդկային անկեղծ ու իմաստուն խոսքերի փոխարեն լսելի կլինեն միայն գորտային կռկռոցները, որոնց իմաստն անիմաստությունն է, իսկ դեպի ո՞ւր կընթանա ժողովուրդն այդ անիմաստ քարոզներով՝ գորտերին հարցրեք։ Ականջներդ պահեք եւ աչքներդ հառեք իշխանության հարճ հեռուստաէկրաններին, եւ կլսեք ու կտեսնեք, որ ընդդիմության թեւում գտնվող նախագահի հավակնորդները լիլիպուտներ են՝ կանգնած Տիրոջ ձախակողմում, իսկ գործող նախագահ հավակնորդը՝ Գուլիվեր՝ նստած Տիրոջ աջակողմում։ Ե՛վ լիլիպուտները, ե՛ւ Գուլիվերը ծայրահեղացված վիճակում են, իսկ, իմացած եղեք, ծայրահեղությունը մարդուն հասցնում է իր առջեւ դրված նպատակի հակառակ ծայրը, այնպես որ, հարճ հեռուստաընկերությունները, հաճկատարաբար գուլիվերացնելով իրենց պնակները լիքը պահողին, փաստորեն, պակասեցնում են նրան քվե տվողների թիվը։ Ընտրաքարոզչությունը պետք է գործածել աղի նման. աղը չափազանց եղավ՝ ճաշը թափելու բան է դառնում, քիչ եղավ՝ անալիությունից չի ուտվում։ Եվ, ուրեմն, ով պնակալեզներ, լինեք դերասան, թե կինոռեժիսոր, լրագրող թե գրող, դուդուկահար թե դհոլչի, սկսնակ «Հզոր Հայրենիք», «Արժանապատիվ ապագա», թե երկու զառամախտահար կուսակցություն, ընտրաքարոզչության աղը չափով գցեք՝ ձեր լեզվին կապ դրեք, չէ՞ որ եփված ընտրաճաշի դատարկված պնակներին, ի վերջո, դիպչելու են նաեւ ձեր լեզուները… Տնաշեններ, Պարույր Սեւակի ասած, ձեր հիմար լավատեսությունն այնպիսի անհեթեթության է հասնում, որ քիչ է մնում, ձեր մոր արեւով երդվելով, ասեք՝ եթե ընտրությունների արդյունքում գործող իշխանությունը շարունակի գործող մնալ, ապա Երեւանի Գետառի աղբաջրերում եւ երեւանյան կոյուղիներում հնարավոր կլինի «իշխան» ձուկ բուծել եւ այդպիսով ձկնորսի նոր աշխատատեղեր կբացվեն։ Այդ աշխատատեղերը թող ձեզ լինեն եւ այդ ձկներն էլ դուք վայելեցեք՝ Ավշարի գինիներով։ Անուշ լինի։ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ