Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն երկակի խաղ է խաղում

Փետրվար 11,2003 00:00

ԿԸՀ-ն երկակի խաղ է խաղում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կիրակի օրը կայացած նիստում հանձնաժողովի անդամ, ԱԺՄ ներկայացուցիչ Պավել Եդիգարյանը որոշման նախագիծ էր ներկայացրել, որը ԿԸՀ-ն 7 «դեմ», 2 «կողմով» մերժեց: Ներկայացված նախագծով Պ.Եդիգարյանն իր գործընկերներին առաջարկում էր հավատարիմ մնալ ՀՀ Ընտրական օրենսգրքի հոդված 30-ին եւ վերանայել ԿԸՀ-ի 1999թ. մայիսի 11-ին կայացրած եւ օրենդրությանը հակասող որոշումը, որը վերաբերում էր ընտրությունների ժամանակ վստահված անձանց, դիտորդների լիազորություններին ու իրավասություններին: Նա առաջարկում էր սույն որոշման երրորդ նախադասությունը վերախմբագրել հետեւյալ կերպ՝ «վստահված անձինք, ըստ ցանկության, իրար հետ փոխհամաձայնեցված, անհրաժեշտության դեպքում՝ վիճակահանությամբ, բայց ոչ ավել՝ քան 4 վստահված անձ, թույլատրել շրջելու տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքային տարածքում, կամ գտնվելու հանձնաժողովի անդամների կողքին աշխատանքային սեղանների մոտ եւ խախտումներ արձանագրելու դեպքում ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ»: Այս հարցադրումն ավելի քան արդիական է, եթե հաշվի առնենք 99-ի ԱԺ եւ, առավել եւս, 2002-ի ՏԻՄ ընտրությունների փորձը: Ի դեպ, հատկապես այս վերջին ընտրություններից հետո էր, որ արձագանքելով վստահված անձանց, դիտորդների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների ոտնահարման փաստերին՝ ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներն ու ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոյ Ռիվը դիմել էին ԿԸՀ-ին եւ ՀՀ իշխանություններին՝ Ընտրական օրենսգրքի մասնավորապես հոդված 30-ի պահանջները երաշխավորելու եւ վստահված անձանց, դիտորդների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքները ընտրական տեղամասերում վերականգնելու համար: Այս հայտարարությանն արձագանքել էր ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանն ու դիմել ընտրական հանձնաժողովներին՝ պահանջելով չխոչընդոտել վստահված անձանց, դիտորդների, ԶԼՄ-ների աշխատանքներին: Սա, իհարկե, ընդամենը ձեւական քայլ էր, որովհետեւ, եթե ԿԸՀ-ն իր 11.05.99թ. որոշումը չի վերանայել կամ ուժը կորցրած չի ճանաչել, նշանակում է՝ ուժի մեջ է նրա այն որոշումը, որով սահմանափակվում են վստահված անձանց, դիտորդների, նաեւ ԶԼՄ-ների՝ օրենքով ամրագրված իրավունքները: Դա իր հերթին նշանակում է, որ ընտրական հանձնաժողովները միշտ էլ կարող են վկայակոչել ԿԸՀ սույն որոշումն ու անհրաժեշտության դեպքում պարզապես չեզոքացնել ընտրակեղծիքներ բացահայտած կամ նման փորձեր անող վստահված անձանց, դիտորդներին ու ԶԼՄ ներկայացուցիչներին, ինչպես դա եղավ 2002-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Պ.Եդիգարյանը մեր զրույցի ժամանակ հայտարարեց, որ դեռ 99-ին ԿԸՀ ընդունած որոշումով մեկ վստահված անձ իրավունք ունի միայն շրջել ընտրատեղամասի տարածքում: «Ընդ որում, նրան արգելվում է մոտենալ հանձնաժողովի սեղաններին, մինչդեռ տեղամասում պարզապես շրջելը ոչինչ չի տալու»,- պարզաբանեց Պ.Եդիգարյանը: Նրա առաջարկությունն ընդունելու դեպքում՝ վստահված անձինք ու դիտորդներն իրավունք կունենային անարգել ծանոթանալ հանձնաժողովի բոլոր փաստաթղթերին, մոտենալ հանձնաժողովի սեղաններին, ստուգել ընտրության եկածի փաստաթղթերն ու դրանց համապատասխանությունը դրանք ներկայացնող անձի, գրանցման վայրի եւ այլ պահանջներին: «Հստակ է, որ ընտրախախտումները հիմնականում լինում են հանձնաժողովների առաջին երկու սեղանների մոտ, որտեղ գրանցում է կատարվում, ստուգվում է ընտրողի փաստաթղթերը, եւ որտեղ փաստաթղթերի ստուգումից հետո կնքվում է քվեաթերթիկը: Կարեւոր է նաեւ, թե ով է կանգնած քվեատուփի մոտ»,- նաեւ իր փորձը նկատի ունենալով՝ ասաց պրն Եդիգարյանը: Ըստ նրա, համոզիչ չեն ԿԸՀ այն հակափաստարկները, թե այդ դեպքում վստահված անձինք կարող են խանգարել հանձնաժողովի աշխատանքներին, կամ թե՝ ընտրական տեղամասերի տարածքները փոքր են, որ վստահված անձանց հնարավորություն տրվի այնտեղ անարգել շրջել, եւ այլն: Պ.Եդիգարյանի համոզմամբ, եթե ԿԸՀ-ն բարի կամք դրսեւորեր, վստահված անձինք կարող էին տեղավորվել հենց հանձնաժողովի սեղանների մոտ, եւ դա որեւէ մեկի աշխատանքին չէր խանգարի: Մեր այն հարցին, թե ԿԸՀ-ի կողմից այդ նախագիծը մերժելուց հետո ուրիշ ի՞նչ տարբերակներ կան ԸՕ հոդված 30-ի պահանջները վերահաստատելու եւ ԿԸՀ հակաօրինական որոշումը, ի վերջո, չեղյալ համարելու համար, պրն Եդիգարյանը պատասխանեց. «Հաջորդ քայլը դատարան դիմելն է, որը պետք է նախաձեռնեն թեկնածուների նախընտրական շտաբները»: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ այդպիսի նախաձեռնություն արդեն կա, եւ առաջիկայում մենք կտեղեկանանք եւս մեկ դատական հայցի մասին: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել