Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միասնության վերադարձը

Փետրվար 11,2003 00:00

Միասնության վերադարձը Կիրակի օրը Ստեփան Դեմիրճյանն այցելեց Հրազդան, Չարենցավան եւ հարակից գյուղերը։ Առաջին կանգառը Չարենցավանում էր։ Կարեն Դեմիրճյանի անվան հրապարակը լեփ-լեցուն էր, հանդիպման ամբողջ ընթացքում փաթիլ-փաթիլ ձյուն էր գալիս, բայց մարդիկ չէին հեռանում, նրանք հիացմունքով նայում էին Ստեփան Դեմիրճյանին։ Արդեն հասարակությունը տեղյակ էր, որ Արամ Զավենի Սարգսյանը հանել է իր թեկնածությունը՝ հօգուտ Ստեփան Դեմիրճյանի։ Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց. «Շատ բարձր եմ գնահատում Արամ Սարգսյանի քայլը, նա ապացուցեց, որ այս ամենն աթոռակռիվ չէ, ինչպես ոմանք փորձում էին ներկայացնել։ Նա ինքնաբացարկ չի տվել, որովհետեւ մենք եղել ենք միասին եւ լինելու ենք միասին եւ կյանքի ենք կոչելու «Միասնություն» դաշինքի ծրագրերը։ Ես շատ լավ հասկանում եմ Արամ Սարգսյանի զինակիցների հոգեկան վիճակը, բայց վստահ եղեք՝ մենք միասին ենք կյանքի կոչելու Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի ծրագրերը»։ Պրն Դեմիրճյանը չարենցավանցիներին ասաց, որ երկիրն այս քայքայված վիճակից դուրս բերելու առաջին քայլը պիտի լինի ազատ եւ արդար ընտրությունը, ժողովուրդը պետք է ընտրի իր խղճով, եւ այդ դեպքում միայն իշխանությունն ու ժողովուրդը միասին կլինեն ու կանցնեն գործի։ Հարց հնչեց հանցագործներին պատժելու մասին. «Հանցագործներն իհարկե պատժվելու են, առհասարակ պետք է արմատախիլ անել անպատժելիությունը երկրում, անպատժելիությունը ծնում է նոր ոճրագործություն»։ Ամենուրեք Ստեփան Դեմիրճյանը կոչ էր անում լավատեսության։ Ալափարս- Սա Կոտայքի մարզի այն գյուղն է, որտեղ առաջիններից է աճել «Դեմիրճյան» տեսակի խնձորը։ Այս գյուղում «Դեմիրճյան» խնձոր բաժանեցին։ Դհոլ-զուռնան եւ ոչխարը՝ ամենուրեք արդեն՝ որպես ավանդույթ։ Ալափարսում եւս ճնշումներ կան. իշխանությունները փորձում են ուղղորդել մարդկանց ընտրելու իրավունքը, բայց ալափարսցիք հայտարարեցին, որ իրենք ընտրել եւ ընտրելու են Դեմիրճյանին եւ պայքարելու են իրենց ձայնի համար։ Այստեղ էր, որ Շավարշ Քոչարյանը հայտարարեց. «Դուք գիտեք, թե Դեմիրճյան ծառի պտուղն ինչքան քաղցր է»,- եւ կոչ արեց ընտրել Ստ. Դեմիրճյանին։ Արշակ Սադոյանն ասաց. «Այս անգամ չենք ընկրկելու, արյուն է թափվում՝ թող թափվի։ Հերիք եղավ, բոլ էլավ»։ Արզական գյուղում մի գյուղացի երգեց. «Ձմռան օրերը ձմռան նման կուգան ու կէրթան»։ Այստեղ մարդիկ չէին վարանում հայտարարել. «Ով ուզում է՝ թող ընտրվի, մենակ Քոչարյանը չընտրվի»։ Բջնի գյուղում ընտանիքներով դուրս էին եկել փողոց՝ Ստ. Դեմիրճյանի նկարը յուրաքանչյուրի ձեռքին։ Տարբեր տարիքի կանայք պարզապես գլուխները կորցրել էին. «Վա՜յ, Դեմիրճյան ջան, ցա՜վդ տանեմ, բոյի՛դ մեռնեմ»։ Ընդհանրապես այս այցի ընթացքում ակնհայտ դարձավ, որ Դեմիրճյան լինելը նաեւ ֆիզիկապես է դժվար. ձեռքն են բռնում, համբուրում են, գրկում են, մի խոսքով՝ ժողովուրդն այս թեկնածուին իրենը համարելով՝ ձեռքից ձեռք է խլում։ Բջնին ոչ միայն հրապարակ էր դուրս եկել, այլեւ դիմացի սարն էր բարձրացել Ստեփան Դեմիրճյանին տեսնելու համար։ Աղավնաձոր գյուղը կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանի հայրենի գյուղն է, բայց ակնհայտորեն քոչարյանամետ չէ։ Ձիավորները դուրս էին եկել մայրուղի եւ Ստեփան Դեմիրճյանին ուղեկցեցին մինչեւ գյուղամեջ։ Եթե ուրիշ գյուղերում աղուհացով էին դիմավորում, այս գյուղում՝ մեղր ու լավաշով։ Գյուղացիներն ասում էին, որ ընտրելու են Ստեփան Դեմիրճյանին եւ ոչ մեկին թույլ չեն տա բռնանալ իրենց ընտրության իրավունքի վրա։ Հրազդան քաղաք- Այստեղ Ստեփան Դեմիրճյանին միացավ նաեւ Արամ Զավենի Սարգսյանը՝ իր զինակիցների հետ, եւ ժողովուրդը՝ Հրազդանի հրապարակը պաշարած, պարզապես իրեն առաջ էր մղում՝ իր ֆավորիտներին տեսնելու համար։ Սակայն հայտնի է, որ հավասար պայմաններ բոլոր թեկնածուների համար չէ, որ ապահովված են, եւ ժամանակին Ռ. Քոչարյանի այցի նպատակով պատրաստված հարթակը քանդվել էր, թեպետ նախընտրական շտաբի պետը խնդրել էր այն պահպանել մյուս թեկնածուների համար եւս։ Բայց հանդիպումը կայացավ, եւ հազարավոր հրազդանցիներ պարզապես ուզում էին ձեռքից ձեռք խլել Ստեփան Դեմիրճյանին ու Արամ Սարգսյանին։ Այս ամենը հիշեցնում էր 99-ի մայիսը, երբ ժողովուրդը դիմավորում էր Վազգեն Սարգսյանին եւ Կարեն Դեմիրճյանին։ Ստեփան Դեմիրճյանն ու Արամ Սարգսյանը եւս չափազանց հուզված էին։ Արամ Սարգսյանը կոչ արեց ընտրել Ստեփան Դեմիրճյանին. «99-ին «Միասնություն» դաշինքը հաղթեց ընտրություններում։ «Միասնություն» դաշինքը տեւեց ընդամենը 4 ամիս, եւ մեր ժողովուրդը կարոտ մնաց. կարոտ մնաց դաշինքի ղեկավարներից, չկշտացավ այդ ղեկավարներից։ «Միասնություն» դաշինքը գնդակահարեցին, բայց նա անմահացավ, եւ մենք պարտավոր ենք շարունակել այդ գործը, պարտավոր ենք այդ գործը հասցնել մինչեւ վերջ, եւ դրա համար է, որ մենք միավորվեցինք»։ Ստեփան Դեմիրճյանն ասաց. «Մենք ունենք իրատեսական ծրագիր, մենք, ինչպես տեսնում եք, համախմբվում ենք, մենք կյանքի ենք կոչելու «Միասնություն» դաշինքի գաղափարները, ծրագրերը, բայց առաջին հերթին՝ երկրում պետք է հաղթանակի ժողովրդի կամքը։ Ես համոզված եմ, որ քայլ առ քայլ մենք միասին երկիրն այս վիճակից կհանենք։ Ես ասել եմ եւ նորից եմ ուզում ասել՝ հրաշքներ չեն լինելու, անմիջապես վիճակը չի փոխվելու, բայց իշխանությունը եւ ժողովուրդը եթե միասին լինեն, ժողովուրդն ինքն արդեն այդ հրաշքները կգործի։ Մենք ազնիվ ենք լինելու, մենք չենք խաբելու ժողովրդին։ Այս ոգեւորությունը, այս տրամադրությունը պետք է ուղղենք գործի, պետք է ուղղենք մեր հայրենիքի շենացմանը»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել