Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ԳՐԱՎԵՑ ԳՅՈՒՄՐԻՆ

Փետրվար 11,2003 00:00

ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ԳՐԱՎԵՑ ԳՅՈՒՄՐԻՆ ՀԺԿ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանը եւ նրան սատարող քաղաքական ուժերի ներկայացուցիչներն անցած շաբաթ օրն այցելեցին Գյումրի, Ախուրյան, Ազատան, նաեւ Աշնակ։ Աշնակը Թալին կատարած այցի ժամանակ շրջանցվել էր, եւ աշնակցիները հատուկ խնդրել էին թեկնածուին՝ անպայման այցելել իրենց գյուղ։ Արդեն ավանդույթ է դարձել, որ Ստեփան Դեմիրճյանին գյուղացիները նախ դիմավորում են ավտոմայրուղու վրա, ոչխար են մորթում, շուրջպար են բռնում եւ հյուրին ուղեկցում են գյուղ։ Մայրուղի էին դուրս եկել նաեւ Ներքին Սասնաշենի տղամարդիկ, որոնք խիստ վրդովված էին իշխանություններից, ասում էին. «Էս սասունցի ժողովուրդն արդեն ստրկացել է, է՛լ նախարարով, է՛լ միլպետով գալիս են գյուղերը, ձեն են հավաքում, էդ արդար ընտրություն ա՞»։ Մարդիկ չէին վարանում իրենց անունը հայտնել, բայց մենք հարմար գտանք չհրապարակել այդ անունները՝ մարդկանց հարվածի տակ չդնելու համար։ Նրանք փաստում էին. «Միլպետը գալիս ա, ահ ա տալիս, միլիցեն ահ ա տալիս։ Թողեք արդար ընտրություն լինի»։ Իշխանությունների այս պահվածքը սասնաշենցիք որակեցին որպես «վերջին հոգեվարք» եւ աղաղակում էին. «Քոչարյանը պիտի հրաժարական տա»։ Աշնակի բնակիչներն ավելի շուտ դաշնակցական ուղղվածություն ունեն, բայց Ստեփան Դեմիրճյանին պարզապես գլուխների վրա ընդունեցին, հայտարարեցին, որ նա է իրենց նախընտրելի թեկնածուն, դարձյալ ոչխար մորթեցին, պար բռնեցին։ Ե՛վ Ներքին Սասնաշենում, ե՛ւ Աշնակում մարդկանց վախեցրել էին, որ չհամարձակվեն դուրս գալ եւ դիմավորել Ստեփան Դեմիրճյանին, բայց քչերն էին վախեցել։ Ըստ վկայությունների՝ այդ անվախությունն իշխանությունները չեն ներելու։ Աշնակում մի կին՝ դիմավորելով Ստեփան Դեմիրճյանին, հանձնարարեց. «Այնպես կառավարես, որ աշխարհն իմանա»։ Ազատան գյուղում եւս ոչխար մորթվեց, աղուհացը, պարն ու դհոլ-զուռնան՝ ինչպես ամենուրեք։ Այստեղ մի գյուղատնտես հայտարարեց. «Որպես մասնագետ՝ հայտարարում եմ. խնձորը ծառից հեռու չի ընկնում»։ Ազատանի նախկին կոլտնտեսության նախկին նախագահ Ռ. Եսայանը հուզմունքից դժվարանում էր խոսել. «Օղորմածիկ Դեմիրճյանը տարին երկու անգամ մեր գյուղ էր գալիս, միասին գնում էինք դաշտերը»։ Կոլտնտեսության նախագահը մաղթեց. «Ցանկանում եմ, որ Դեմիրճյանին ընտրեք»։ Առաջին անգամ Ազատանում ընտրողներին ուղղված ամենահիգիենիկ կոչը հնչեց. «Հարգելի ազատանցիներ, ուրեմն փետրվարի 19-ին տղամարդիկ՝ մաքուր սափրված, կանայք՝ մաքուր հագնված, գնում եք ընտրատեղամաս եւ ընտրում եք… Ստեփան Դեմիրճյանին»։ Ստեփան Դեմիրճյանն ամենուրեք հայտարարում էր, որ ամեն ինչ կանի մարդկանց հույսերն արդարացնելու համար։ Ախուրյանում էի եղել նաեւ մեկ այլ թեկնածուի՝ Ռոբերտ Քոչարյանի հետ եւ փաստել էի, որ ամբողջ աղետի գոտում համեմատաբար ջերմ ընդունելության Քոչարյանն արժանացավ այստեղ։ Հետաքրքիր էր համեմատել երկու թեկնածուների ընդունելությունները։ Ախուրյանի բնակիչները եթե կարգապահ կանգնած էին գործող նախագահի հետ հանդիպման ժամանակ եւ երբեմն ծափահարում էին եւ ուրախանում, ապա Ստեփան Դեմիրճյանի հետ հանդիպման ժամանակ բառացիորեն ողողել էին փողոցը, ելույթները հանպատրաստից էին եւ գովերգում էին ՀԺԿ նախագահին ու մաղթում, որ նա դառնա իրենց բոլորի նախագահը։ Ախուրյանից դուրս եւս ճանապարհը փակեցին տեղացիները, եւ պարի խումբը հենց ճանապարհի վրա շուրջպար բռնեց։ Ժողովուրդը միաձայն վանկարկում էր. «Դե՛-մի՛ր-ճյա՛ն ջա՛ն»։ Իմ դիտարկմանը, թե Ախուրյանում նաեւ գործող նախագահին էին բազմամարդ դիմավորել, մարդիկ պատասխանում էին. «Էդոնք ստիպողականներն են, բայց էստեղ բոլորը իրանց կամքով են եկել»։ Ելույթ ունեցող մի կին հայտարարեց, որ բոլոր գյուղապետերին ստիպել են Ռ. Քոչարյանի համար ձայներ հավաքել։ Կինը շարունակ ասում էր. «Մենք չենք սիրում այդ մարդուն, հավատացեք, որքան թոշակառուի թոշակն է խղճուկ, այնքան էլ նրա հավաքած ձայներն են լինելու խղճուկ»։ Գյումրիում ՀԺԿ նախագահը նախ ծաղիկներ դրեց երկրաշարժի զոհերի հուշարձանին, եւ առաջարկեց Գյումրիի կենտրոնական հրապարակից ոտքով գնալ դեպի Թատերական հրապարակ։ Այդ տեսարանը պարզապես պետք էր տեսնել։ Գյումրեցիները նախ զարմացած նայում էին անցնողներին, հետո բազմության մեջ տեսնելով Ստեփան Դեմիրճյանին՝ միմյանց ձայն էին տալիս. «Դեմիրճյանն է եկել», ու թափորը մեծանում էր եւ ձգվում մինչեւ հրապարակ։ Ստեփան Դեմիրճյանը ձեռքով բարեւում էր շատերին, ողջունում։ Փակ հրապարակում բազմությունը վանկարկում էր. «Դե254-մի՛ր-ճյա՛ն»։ Հրապարակում ճիշտ նույնքան մարդ կար, որքան Ռ. Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ, բայց սա որակապես ու էմոցիաներով բոլորովին այլ բազմություն էր։ Մարդիկ պասիվ դիտորդ չէին, այլ կարոտած ու երջանկացած ժողովուրդ։ Միայն Դեմիրճյան ազգանունը գյումրեցիներին ալեկոծում էր, կանանցից շատերը պարզապես ուրախությունից լաց էին լինում, տղամարդիկ եւս հուզմունքը չէին կարողանում թաքցնել, երեխաներն ուզում էին Ստ. Դեմիրճյանին տեսնել։ Բավական երկար ժամանակ մարդիկ շրջապատել ու պարում էին թեկնածուի շուրջը, եւ հանրահավաքը պարզապես անհնարին էր սկսել։ Հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հիշատակը։ նրանք պնդում էին, որ Ստեփան Դեմիրճյանի այցի օրը «պայթեց մի մեծ փուչիկ. Քոչարյանի փուչիկը», եւ որ «իշխանական բուրգը փլել է, գոյություն չունի, եւ թող դա իմանան բոլոր վարդանիկներն ու մյուսները»։ Երբ հռետորներից որեւէ մեկն ասում էր՝ «Քոչարյանի երգը երգված է»՝ հրապարակը բղավում էր՝ բրավո, եւ ծափահարում։ Ստեփան Դեմիրճյանին ուղեկցող քաղաքական ուժերի ներկայացուցիչները հայտարարում էին, որ այս անգամ տեր են կանգնելու ժողովրդի քվեին, պարզապես պետք է, որ մարդիկ օգտվեն իրենց ձայնի իրավունքից եւ գնան ընտրությունների։ Նախընտրական շտաբի պետ Գրիգոր Հարությունյանը հայտարարեց. «Կոչ եմ անում բոլոր իշխանավորներին՝ երբեք օրենքը չխախտեք, մենք մեկ առ մեկ նայում ենք՝ ով ինչ է անում, մեկ առ մեկ հաշվառում ենք, եւ, ի սերն Աստծո, մեղք մի՛ գործեք, որովհետեւ մենք ստիպված կլինենք փետրվարի 20-ին բոլորից հաշիվ պահանջել եւ ուղարկել այնտեղ, որտեղ պետք է։ Մենք երկրում հաստատելու ենք օրինականություն, կարգուկանոն»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել