Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ»

Փետրվար 11,2003 00:00

«ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ» «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ արտգործնախարարի հետ «Օրակարգից դուրս» բանավեճին նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանը հրաժարվեց մասնակցել՝ տեղիք տալով հեգնալից մեկնաբանությունների, որ զգուշանում է չհամաձայնեցված հարցերից եւ անծանոթ թեմաներից, ՀԺԿ լրատվության պատասխանատու Ռուզան Խաչատրյանը պատասխանեց. «Այդ մեկնաբանությունները գնահատում ենք՝ որպես տարրական կուլտուրայի եւ պրոֆեսիոնալիզմի բացակայություն: Հանրային հեռուստաընկերությունն, իհարկե, չի դավաճանում իր ոճին, որ որդեգրել է դեռ 1998-ից: Փորձելով ստեղծել հավասարության պատրանք՝ այդ հեռուստաընկերությունն իրականացնում է հօգուտ Ռոբերտ Քոչարյանի բացահայտ քարոզչություն: Տրամաբանական է, որ պիտի մերժեինք այդ քննարկմանը մասնակցելու հրավերը եւ պատճառները հանգամանալից բացատրել ենք ինչպես «Հայլուրի» թղթակցին, այնպես էլ Հանրային հեռուստառադիոընկերության ղեկավարին: Բնականաբար, բացատրությունը ձեռնտու չէր, ուստի չցուցադրվեց, փոխանցվեց խեղաթյուրված: Մեր փաստարկներն էին՝ նախընտրական փուլում տրամաբանական կլիներ, եթե բանավիճեին տարբեր տեսակետներ ունեցող թեկնածուներ: Սա է ողջ աշխարհում ընդունված ձեւը, մինչդեռ մեզանում կիրառվում է դրա հայկական տարբերակը՝ թեկնածուն բանավիճում է որեւէ նախարարի հետ, որ փաստացի Քոչարյանի վստահված անձն է: Ո՞րն է սրա իմաստը, տրամաբանությունը: Բացի այդ՝ եթե ամեն թեկնածուի մի հաղորդում է հատկացվում՝ ի դեմս այդ վստահված անձանց, Քոչարյանը միջնորդավորված ներկայացվում է բոլոր հաղորդումներում: Եվ ասացինք, որ հնարավոր է Դեմիրճյանի մասնակցությունը, եթե նրա ընդդիմախոսը լինի Քոչարյանը: Պատասխանը հետեւյալն էր, թե ընդդիմադիր թեկնածուները շատ են, ու Քոչարյանը չի կարող բանավիճել բոլորի հետ: Սակայն բոլոր թեկնածուները չէ, որ պարտադիր են համարում դա, ասենք՝ Գեղամյանը համաձայնել էր բանավիճել Սերժ Սարգսյանի հետ: Իսկ մենք մերժում ենք այդ ձեւը: Խնդիր չունենք ո՛չ հարցերի, ո՛չ էլ թեմաների առումով՝ ուղղակի պետք է բանավիճել այն մարդու հետ, որի հետ իմաստ կունենար այդ բանավեճը»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել