Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեւանցիները կարծես թե հակված են քվեարկելու նաեւ 2-րդ փուլում

Փետրվար 11,2003 00:00

Երեւանցիները կարծես թե հակված են քվեարկելու նաեւ 2-րդ փուլում ANA գործակալության պատվերով՝ փետրվարի 7-9-ին Քաղաքական տեխնոլոգիաների «Լոգոս» հայկական կենտրոնը Երեւան քաղաքում 600 հարցվողների շրջանում ստրատիֆիկացված բազմաստիճան ընտրանքով եւ ստանդարտացված հարցազրույցի մեթոդով իրականացրել է սոցիոլոգիական հարցում, որի արդյունքներից մի քանի տվյալ ներկայացվում է Ձեր ուշադրությանը։ Դատելով ներկայացված աղյուսակից, նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայրաքաղաքում դեռեւս չունի ընտրությունների առաջին փուլում հաղթանակի ապահովման համար անհրաժեշտ հասարակական աջակցության բավարար մակարդակ։ Եվ եթե մարզերում նա իր բոլոր մրցակիցներից գումարային առումով նշանակալի թվով ավելի ձայներ չհավաքի, ընտրությունների ելքը կորոշվի միայն երկրորդ փուլում։ Սույն հարցումը պարզել է նաեւ Ռոբերտ Քոչարյան-Ստեփան Դեմիրճյան, Ռոբերտ Քոչարյան-Արտաշես Գեղամյան եւ Ռոբերտ Քոչարյան-Վազգեն Մանուկյան զույգերով երկրորդ փուլի անցկացման դեպքում երեւանցիների նախընտրությունների պատկերը։ Սակայն լրագրային տարածքի սահմանափակվածության պատճառով նպատակահարմար ենք համարում մի փոքր մանրամասնել մեկ այլ խնդիր՝ քարոզարշավի ընթացքի վրա առանձին PR ակցիաների ազդեցությունը։ Այդ նպատակով հետազոտության խնդիրների շրջանակում ներառվել է նաեւ փետրվարի սկզբին Հանրային հեռուստատեսության «Օրակարգ» հեռուստածրագրով Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի պետ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի մասնակցությամբ անցկացված հեռուստաբանավեճի՝ առաջատար թեկնածուների էլեկտորալ վարկանիշերի վրա ազդեցության ուսումնասիրությունը։ Ըստ այդմ՝ ստացվել է հետեւյալ պատկերը. Հարցվածների պատասխանների տարբերակումը ըստ՝ փետրվարի 2-ին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» ծրագրով Սերժ Սարգսյանի եւ Արտաշես Գեղամյանի հեռուստաբանավեճը դիտելու հիմքով բաժանվածների խմբերի, բացահայտում է հետաքրքիր մի օրինաչափություն. Ընտրողների գնահատմամբ այդ բանավեճը բացառիկ արդյունավետ է եղել Արտաշես Գեղամյանի համար։ 1. Արտաշես Գեղամյանն ընտրողների ձայների ամենաբարձր տեսակարար քանակ կարող է ակնկալել հատկապես այն զանգվածից, որն ամբողջությամբ դիտել է այդ հեռուստաբանավեճը։ 2. Ոչ պակաս ուշագրավ է նաեւ, որ հարցման միջինացված ընդհանուր արդյունքների համեմատությամբ «Ազգային միաբանության» ղեկավարի հանդեպ ընդգծված բարեհաճություն է ցուցաբերում նաեւ հարցվողների այն զանգվածը, որի ներկայացուցիչները թեեւ անմիջականորեն իրենք չեն դիտել այդ հեռուստաբանավեճը, սակայն դրա մասին շատ են լսել կամ կարդացել։ Այսինքն՝ այդ բանավեճի վերաբերյալ ընդդիմադիր հասարակական կարծիքում շրջանառվող տեղեկատվությունը Արտաշես Գեղամյանի համար բարենպաստ գնահատականներ է պարունակում։ Պետք է նկատի ունենալ, որ այս դեպքում խոսքը հատկապես ընդդիմադիր ընտրազանգվածի մասին է, որը հանձին Գեղամյանի, ճշտում է իր կողմնորոշումը հենց ընդդիմադիր դաշտի հավակնորդների ցանկից։ 3. Այդ առումով կարեւոր է ընդգծել, որ հեռուստաբանավեճի արդյունքում Արտաշես Գեղամյանին հաջողվել է հավելյալ ձայներ տանել Ստեփան Դեմիրճյանից։ Ավելորդ չէ նշել, որ Ստեփան Դեմիրճյանը իրեն հատկապես ուժեղ է զգում այն ընտրազանգվածում, որը ոչինչ (դեռ ոչինչ) չգիտի Գեղամյան-Սարգսյան հեռուստաբանավեճի մասին։ 4. Եվ վերջապես, Գեղամյանի համար այդ հեռուստաբանավեճի հաջողության վկայություն է նաեւ այն, որ նա ձայների նվազագույն քանակ է ստանում հատկապես այն ընտրողների շրջանում, որոնք այդ հեռուստաբանավեճը չեն դիտել եւ դրա մասին տեղեկություններ չունեն։ Ասվածին կարելի է ավելացնել նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանը ամենաքիչ թվով ձայներ ստանում է հատկապես նրանց թվում, ովքեր ամբողջությամբ դիտել են այդ հեռուստաբանավեճը։ Սա ուշագրավ է նաեւ այն առումով, որ շատ դժվար է այս ընտրողների խմբին դասել հանրապետության նախագահի հանդեպ կանխակալ սառը վերաբերմունք ունեցողների շարքին, քանզի պետք է ուշադրություն դարձնել, որ նրանք Հանրային հեռուստաընկերության եւ «Օրակարգ» ծրագրի հեռուստալսարանն են։ Հետեւաբար՝ Ռ. Քոչարյանի հանդեպ այս խմբի համեմատաբար սառը վերաբերմունքի բացատրությունը միակն է՝ այն ձեւավորվել է հենց այդ հեռուստաբանավեճի արդյունքում։ ՆԱԻՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ, «Լոգոս»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել