Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՁԱՅՆԵՐԸ ԳՐԵԹԵ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ

Փետրվար 11,2003 00:00

ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՁԱՅՆԵՐԸ ԳՐԵԹԵ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ Այդ են վկայում «Սոցիոլոգիական եւ հոգեբանական հետազոտությունների կենտրոնի» հարցումները: Ըստ այդ ուսումնասիրության՝ ընտրությունների երկրորդ փուլում ընդդիմության թեկնածուն կհաղթի գործող նախագահին: Կենտրոնի տնօրեն Արմեն Խաչատրյանը պատմեց. «Հարցումն իրականացրել է «Տանիք» հասարակական կազմակերպության սոցիոլոգիական եւ հոգեբանական հետազոտությունների երիտասարդական կենտրոնը, որում ներգրավված են սոցիոլոգ ու նաեւ հոգեբան մասնագետներ: Հաշվի առնելով նախընտրական շրջանի յուրահատկությունները՝ հոգեբանն ուսումնասիրել է սոցիոլոգների անցկացրած ուսումնասիրությունների արդյունքները եւ տվել իր գնահատականները: Հարցվողների քանակը 600 է: Պահպանվել են մասնագիտական բոլոր չափանիշները: Ընտրանքը կազմել ենք՝ ելնելով բնակչության թվից: Ընդգրկված են Երեւանի բոլոր համայնքները»: Հարցումների առաջին փուլն իրականացվել է հունվարի 10-17-ին, երկրորդը՝ փետրվարի 1-5-ին: Հարցման պատվիրատուն չի ցանկացել, որ հրապարակվի իր անունը: Բայց մեր հարցին, թե արդյոք պատվիրատուն նախագահի թեկնածուներից կամ նրանց մե՞րձ ուժերից է, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Այո, մեր երկու հարցումներն էլ պատվիրել են թեկնածուների շտաբները: Բայց քանի որ հարցումները կատարողները եւ անգամ մասնագետները տեղյակ չէին, թե ով է պատվիրատուն (այդ տեղեկատվությանը տիրապետել է միայն կենտրոնի ղեկավարը)՝ չեմ կարծում, թե տվյալ հանգամանքն ինչ-որ կերպ ազդել է հարցման անաչառության վրա»: Ներկայացնենք ուսումնասիրության որոշ տվյալներ: Չենք մեջբերելու այն թեկնածուների վերաբերյալ տվյալները, ովքեր արդեն դուրս են մնացել ընտրարշավից: Նշենք, որ քաղաքական առաջնորդների վարկանիշների ցուցանիշները հաշվարկված են ընտրություններին մասնակցելու պատրաստակամ խմբի, ինչպես նաեւ՝ տատանվողների պատասխանների հիման վրա: Եվ այսպես՝ «Ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե նախագահական ընտրությունները կայանային այսօր» հարցադրմանն ուսումնասիրության երկու փուլերի ընթացքում անփոփոխ են մնացել նախագահի թեկնածուներ Ռուբեն Ավագյանի, Գառնիկ Մարգարյանի եւ Արամ Գ. Սարգսյանի ձայները՝ 0%: Արամ Հարությունյանը նույն 0%-ից փետրվարին կարողացել է ձայները հասցնել 0,2%-ի: Վազգեն Մանուկյանը՝ 1%ից՝ 2,4%-ի: Արամ Կարապետյանը հունվարին ուներ 3,1% ձայն, իսկ փետրվարին նրա կողմնակիցներն ավելացել են՝ հասնելով 8,4%-ի: Արտաշես Գեղամյանի վարկանիշի վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները հետեւյալն են՝ հունվարին՝ 13,2%, իսկ փետրվարին նրա կողմնակիցները նվազել են՝ 11,6%: Ինչպես եւ այլ հարցումներում՝ ամենաբարձր վարկանիշը նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանինն է: Բայց եթե հունվարին նրա օգտին էին պատրաստ տալ իրենց ձայնը հարցվածների 29,4%-ը, փետրվարին այդ ցուցանիշը նվազել է՝ հասնելով 23,2%-ի: Մինչդեռ երկրորդ տեղը զբաղեցնող Ստեփան Դեմիրճյանի ձայները փետրվարին գրեթե հավասարվել են գործող նախագահի ձայներին՝ հասնելով 22,2%-ի. փետրվարին այդ ցուցանիշը 15,1% էր: Մեր հարցին, թե ինչպե՞ս է բացատրում Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցների աճն ու Ռոբերտ Քոչարյանի ձայների որոշակի անկումը՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Առաջին ուսումնասիրությունը թեկնածուների նախաքարոզչության փուլում էր: Մեր պատվիրատուն խնդրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը եւս ընդգրկվի թեկնածուների ցանկում: Իմաստը հետեւյալն էր, որ հետագայում ճշտենք, թե Րաֆֆի Հովհաննիսյանի պոտենցիալ ընտրազանգվածն ո՞ւմ օգտին կքվեարկի առանց իր թեկնածուի: Ուսումնասիրությամբ պարզվեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրազանգվածը միտված է 3 ուղղությունների՝ Ստեփան Դեմիրճյան, Արտաշես Գեղամյան եւ Ռոբերտ Քոչարյան: 60-65%-ով ձայները բաշխվում են հատկապես ընդդիմադիր դաշտում: Երկրորդ պատճառը, անկասկած, Հանրային հեռուստաընկերությամբ քարոզչություն կատարելու հնարավորությունն է»: «Այսօրվա քաղաքական լիդերներից ո՞ւմ չէիք ցանկանա տեսնել ՀՀ նախագահի պաշտոնին» հարցման ե՛ւ հունվարի, ե՛ւ փետրվարի արդյունքներով առաջին տեղում է հայտնվել Ռոբերտ Քոչարյանը, համապատասխանաբար՝ 21,7% եւ 29,8% ձայներով: Ուսումնասիրության վերլուծության մեջ էլ է նշվում, թե այս տվյալները կարող են «առաջին հայացքից հակասական թվալ»՝ հաշվի առնելով Քոչարյանի բարձր վարկանիշը: Բացատրությունը հետեւյալն է, որ «հակադարձ իմիջի» հաշվարկմանը հաշվի են առնվել բոլոր հարցվածների ձայները՝ ոչ միայն ընտրության հնարավոր մասնակիցների: Հետեւաբար՝ հետազոտության արդյունքները հնարավորություն են տալիս բացահայտել ուղղակի կապ՝ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ բացասական դիրքորոշում ունեցողների զգալի մասը չի ցանկանա նախագահի պաշտոնին տեսնել Ռոբերտ Քոչարյանին: Արմեն Խաչատրյանը մեկ այլ տվյալ էլ հավելեց. «Մեր ուսումնասիրությամբ, ընտրություններին մասնակցել չպատրաստվող քաղաքացիների 56%-ը (այդ թիվը գրեթե անփոփոխ է) չի պատրաստվում մասնակցել, քանի որ կարծում է, թե իր ձայնով ոչինչ պայմանավորված չէ»: Կարելի է եզրակացնել, որ այդ 56%-ը վստահ է, թե ընտրությունների արդյունքները կեղծվելու են, ուստի իրենց քվեն ոչինչ չի որոշում: Պարզվել է նաեւ, որ բնակչության մեծամասնությունը՝ 35%, այս կամ այն թեկնածուի օգտին քվեարկելու որոշում է կայացրել մի քանի տարի առաջ: Հետաքրքրական է նաեւ նախագահական ընտրությունների երկփուլ տարբերակի հավանականության դեպքում հնարավոր զարգացումների դիտարկումը: Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ երկրորդ փուլում Արտաշես Գեղամյանը կհաղթի Ռոբերտ Քոչարյանին ձայների 40,6%-29% հարաբերակցությամբ: Ստեփան Դեմիրճյանը նույնպես կհաղթի գործող նախագահին, բայց արդեն 38,6%-35,42% տարբերությամբ: Իսկ եթե երկրորդ փուլում հայտնվեն ընդդիմության երկու թեկնածուները՝ ձայները կբաշխվեն այսպես՝ Արտաշես Գեղամյան՝ 17,8%, Ստեփան Դեմիրճյան՝ 36,6%: Ուսումնասիրություն է անցկացվել նաեւ հետեւյալ չեզոք հարցերի վերաբերյալ՝ «Որո՞նք են ՀՀ ամենավստահելի քաղաքական գործիչները», «Ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեիք, եթե ԱԺ ընտրությունները կայանային այսօր»: Դրանց արդյունքները կներկայացնենք մեկ այլ առիթով, իսկ առայժմ նշենք, որ ընդդիմադիր կուսակցություններն ունեն հաջողության ավելի մեծ հնարավորություն: «Սոցիոլոգիական եւ հոգեբանական հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Արմեն Խաչատրյանը հայտնեց, որ իրենք շարունակելու են ուսումնասիրությունները մինչեւ փետրվարի 17-ը. «Արդյունքները հրապարակելու իրավունք այլեւս չենք ունենա, բայց բոլոր հետաքրքրված քաղաքացիները կարող են կենտրոնից ճշտել վիճակագրությունը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել