Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԴԻՆՋ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ»

Փետրվար 11,2003 00:00

«ԴԻՆՋ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ» Անհանգիստ է նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի գովքն անող քաղաքական եւ ոչ քաղաքական ուժերը պարզապես էքստրեմիստներ են եւ իրենց ֆավորիտ թեկնածուի չվերընտրվելու դեպքում իրավիճակն այնպիսի սեւ գույնով են ներկայացնում, որ սարսռում ես՝ մտածելով, թե աշխարհի վերջը գալու է, եւ Ռոբերտ Քոչարյանն անփոխարինելի է։ Երեկ Երեւանի Կենտրոն համայնքի բնակչության հետ հանդիպման ժամանակ կարմիր ժապավենի նման անցնում էր այս ենթատեքստը։ Շառլ Ազնավուրի հրապարակում իրականում ոչ թե Կենտրոնի բնակիչներն էին, այլ ուսանողներ, դպրոցականներ, թեկնածուին սատարող կուսակցություններ, թեկնածուի աչքը մտնելու մեծ ցանկություն ունեցող ձեռնարկությունների ներկայացուցիչներ։ Տարածքում դասերը խանգարվել էին։ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանը թեկնածուին ներկայացրեց՝ որպես «մեր բանվորների, գյուղացիների եւ մտավորականների ընտրությանն արժանի մարդ», վերջին հինգ տարիների «ձեռքբերումները» վերագրեց բացառապես Ռ. Քոչարյանին, ասաց, որ երկրի «քաղաքական, տնտեսական եւ եթե ուզում եք՝ բարոյական խնդիրները վերականգնողը դա Ռոբերտ Քոչարյանն է»։ Պրն Գրիգորյանը կրկին վերհիշեց, որ Ռ. Քոչարյանը վոին է (ելույթը ռուսերեն էր), ասաց, որ «պրեզիդենտը պետք է զենքին տիրապետի եւ ունենա պարզ ու խելոք գլուխ», որ «երկրպագուներ ունի ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում», վերջում էլ մի պատմություն պատմեց ադրբեջանցի դերասանի մասին, որն, իբր, սիրահարված է Ռ. Քոչարյանին. «այն, որ նա այսքան տարի մատների վրա խաղացնում է այնպիսի խորամանկին, ինչպիսին Ալիեւն է, նրա մասին շատ բան է ասում»։ Պարիս Հերունին էլ իր հերթին ասաց, թե այս ընտրությունները ճակատագրական են լինելու։ Իսկ որպես իր ֆավորիտ թեկնածուի արժանիք, նշեց. «Նա ավարտել է պոլիտեխնիկական ինստիտուտը, ուրեմն խելոք է»։ Կարծես թե բոլոր թեկնածուներն էլ տեխնիկական կրթություն ունեն, ուրեմն բոլորն էլ խելոք են, պրն Հերունի։ Ըստ հռետորի՝ մեր երկրի համար «ոչ պատվաբեր կլինի, եթե անընդհատ նախագահներ փոխենք»։ Ի վերջո, Պ. Հերունին հասավ այն տեղին, երբ ասում է. «Քոչարյանն էն առանձնահատկությունն ունի, որ հենց էնպես, թեթեւ էս կողմ, էն կողմ չի ընկնում»։ Հրապարակում հավաքված բազմության մեջ ծափահարողներ կային, բայց «ֆանագրաման» եւս միացվում էր։ Կազմակերպիչները չափն անցել էին՝ երեւի վստահ էին, որ կենդանի ծափերը բուռն չեն լինելու եւ գլխների ճարը տեսել էին։ Ի դեպ, հատուկ հանդիպման նպատակով «Մոսկվա» կինոթատրոնի աստիճանների մոտ հսկայական բեմահարթակ էր կառուցված՝ բարձրախոսներով եւ բոլոր հարմարություններով։ Իսկ ընդդիմադիր թեկնածուների հանդիպումներն ընտրողների հետ հաճախ են անցնում ցեխի եւ ձյան վրա, բարձրախոսներն են «անհետանում», հետո էլ խոսվում է թեկնածուների հավասար պայմանների մասին։ ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն իր խոսքը կառուցել էր Երեւանի կենտրոնի թեմաներով։ Մասնավորապես ասվեց, թե «Երեւանը պետք է մագնիսի նման ձգի աշխարհի բիզնեսը», ներկայացվեց «հինգ տարի առաջվա Երեւանը», որտեղ ըստ թեկնածուի՝ պարզապես ոչ մի խելքը գլխին բան չկար։ Ո՛չ հյուրանոց, «Այսօր՝ տեսեք»,- ձեռքով ցույց տվեց թեկնածուն արդեն իտալական հյուրանոցը, ո՛չ կինոթատրոն՝ այս անգամ թեկնածուն իր ետեւում գտնվող «Մոսկվան» նկատի ուներ, ո՛չ պատկերասրահ՝ այս դեպքում էլ ասվեց, որ Պատկերասրահը վերանորոգվում է։ Երեւանից հեռու եւ անտեղյակ մարդուն կթվա, թե այստեղ ամայություն էր, եւ նախագահ Քոչարյանը եթե չլիներ՝ այդպես ամայի էլ մնալու էր։ Իսկ թեկնածուն հայտարարում էր՝ «ունենանք գրավիչ մայրաքաղաք, այդ մայրաքաղաքում՝ գրավիչ կենտրոն», «փնթի փողոցներով զարգացած երկիր հնարավոր չէ ունենալ»։ Թեկնածուն ի լուր երեւանցիների հրապարակեց նաեւ իր երազանքը. «Երեւանում դինջ ապրելու իրավունք չունենք, դինջ ապրել կարող ենք երեկոյան՝ 8-9-ին, պետք է ունենանք փեթակի պես աշխատող Երեւան, սա է իմ երազանքը»։ Իհարկե, եղան նաեւ հարցեր, որոնցից մեկում, օրինակ, հետեւյալն էր «հուզել» մի երեւանցու. «ընդդիմության կուլտուրայի բարձրացման» հարցը։ Թեկնածուն ասաց, որ ինքը սեփական օրինակով է անում այդ բանը. «Տվյալ դեպքում սեփական օրինակով ցույց տալ, որ էդպես չի կարելի, բայց դուք կարող եք այստեղ ինձ օգնել, քանի որ ամեն մի կեցվածք նախընտրական այս արշավի ժամանակ, ի վերջո, քվեարկության տոկոսներով է ցույց տալու՝ ինչքանով է ճիշտ եւ ինչքանով է հայ ժողովուրդն ընդունում այս կամ այն դրսեւորումները»։ «Պլանավորված» հարցերից հետո՝ հարթակին մոտ կանգնած մարդկանց մի խումբ արագ-արագ ինչ-որ խնդրի մասին հայտնեց թեկնածուին, պատասխան ակնկալելով։ «Վոինն» իրեն չկորցրեց ու հակադարձեց. «Միտինգի մեջ այսպիսի բանավեճերի մեջ մտնելը ճիշտ բան չէ, այդ դեպքում կառավարման ղեկը կորցնում ես։ Ես կառավարման ղեկը կորցնելու սովորություն չունեմ»։ Նման մի հայտարարություն թեկնածուն արել էր նաեւ ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ, երբ հայտարարել էր, թե իր տեղը շուտ-շուտ փոխելու սովորություն չունի։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել