Լրահոս
Օրվա լրահոսը

ՁՈՆԵՐԻ ԳԻՐՔԸ

Փետրվար 08,2003 00:00

ՁՈՆԵՐԻ ԳԻՐՔԸ Լույս են տեսել Տերյանի ձոները՝ առանձին հրատարակությամբ։ Տերյանագետ Վաչե Պարտիզունին այս գիրքը ցանկացել է տպագրել դեռ 1991 թվականին, սակայն նրա ցանկությունը չի իրագործվել եւ այսօր գիրքը լույս է տեսնում հետմահու։ Պատահական չէ, որ Վ. Պարտիզունին տպագրության է պատրաստել «Ձոների գիրքը», քանի որ այդպիսի մտահղացում է ունեցել հենց ինքը՝ Վ. Տերյանը։ Այս մասին Վ. Պարտիզունին նշում է իր առաջաբանում՝ մեջբերելով Պ. Մակինյանցի հայտնած մի շատ ուշագրավ լուր. «Վահան Տերյանը մտադիր էր այլեւայլ անձանց նվիրված ոտանավորների մի առանձին գրքույկ կամ բաժին կազմել՝ «Ձոների գիրք» վերնագրով»։ Ձոները 53-ն են։ Դրանց հերոսները այնպիսի նշանավոր դեմքեր են՝ հասարակական ու մշակութային գործիչներ, գրողներ, ինչպիսիք են Հ. Թումանյանը, Վ. Բրյուսովը, Ավ. Իսահակյանը եւ ուրիշներ, իսկ երբեմն էլ ուղղակի մարդիկ են, ովքեր նշանակալից դեր են խաղացել բանաստեղծի կյանքում։ Դա Նյուրան է, Սուսաննան, Անահիտ Տերյանը եւ անգամ մի անծանոթ աղջիկ, ում Տերյանը նվիրել է իր ձոներից մեկը։ Ծանոթագրություններում Պարտիզունին մանրամասնում է նրանց պլատոնական սիրո պատմությունը։ «1907թ. ապրիլին Տերյանը գրել է ընկերոջը՝ Օ. Օհանջանյանին. «Քո քրոջից, որին նամակ էի գրել, մի շատ սիրալիր բացիկ ստացա եւ հեռակա սիրահարվել եմ։ Իհարկե, դա ծիծաղելի է, բայց չես կարող պատկերացնել՝ որքան խորապես համոզված եմ, որ դա ճիշտ է։ Նույնիսկ բանաստեղծություն եմ նվիրել նրան՝ «Անծանոթ աղջկան»։ «Կամոք Վահան Տերյանի»՝ Վաչե Պարտիզունին հանձն է առել այս գործը եւ այսօր մենք ունենք մի շատ գեղեցիկ նմուշ՝ Տերյանի «Ձոների գիրքը»։ ԱՇԽԵՆ ՔԵՇԻՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել