ԴՈՒՆ ՄԵԶ ՎԱՂ ԹՈՂԵՑԻՐ Հրաժեշտի նամակ Հրանտ Մաթեւոսյանի հիշատակին Սիրելի Հրանտ, դուն մեզ, հարազատներդ, ընկերներդ ու սիրելի ժողովուրդդ շատ վաղ թողեցիր ու ընդմիշտ հեռացար, ամիսներով մահվան հետ կռվելով: Դժվար է ինձ համար քո մահդ ընդունիլ, նույնիսկ երբ իրականություն դարձավ այն պահուն, երբ Նյու-Յորքեն Մոնրեալ հազիվ հասած դեկտեմբերի ցուրտ գիշեր մը, Հայաստանի մեր սիրելի արվեստագետ բարեկամ Արթոն, արցունքները զսպելով, ինձ բոթը հաղորդեց: Այսօր քեզի հետ հանցավորի զգացումով կխոսիմ, որովհետեւ բացակա եղա քո տառապանքեդ: Քեզ իզուր փնտրեցի: Անկարելի եղավ հանկարծակի հիվանդությանդ քեզ հետ խոսիլ: Վստահաբար զիս անիծեցիր, որ ներկա չեղա մահվանդ անկողնին: Ներողություն: Ներկա չեղա նաեւ քո փառաշուք թաղումին: Այդ թաղումը շատերի համար թերեւս քո իրական մահը դարձավ: Իսկ դու աշխարհ եկար ապրելու եւ սերունդներ ապրեցնելու համոզումով, արվեստի բարձրությամբ եւ անոր ճշմարտության խոր հավատքով: Արվեստը քո աշխարհդ էր, բայց շատ քիչեր թերեւս այս մեկը քեզի հետ հարազատորեն բաժնեցին: Ես այսօր չեմ գիտեր որքան հայեր ստեղծագործի քո հավատքին կմասնակցին: Դուն արվեստի մեծ նվիրումով ապրեցար եւ սերունդներ ապրեցնել ուզեցիր, մտնելով այն մեծերուն շարքին, ինչպես՝ Թումանյան, Չարենց, Օշական, Զարյան, Թեքեյան: Կոտրտված ու անձեւ հայության (քո խոսքերդ են) վրա դուն մեծ մասշտաբով ներդրում ըրիր: Հայության այդ բեկորներեն ոմանք քո մարտահրավերիդ ապագային պատասխան պիտի տան թե ոչ, չեմ գիտեր: Թող այդ ապագա բեկորները արվեստի որակով ու նախանձախնդրությամբ իրենք իրենց քո նկատմամբ կշռեն եւ ըստ այդմ հանդես գան: Դուն մեծ էիր եւ մեծ ալ պիտի մնաս: Քո մահդ ընդունելի է այն պարագային միայն, եթե ապագա հայ մտավորական սերունդները իրենք իրենց քո լալկան որբերը նկատեն եւ քո հոգեհանգիստներով եւ հիշատակի հանդեսներով միայն զբաղվին: Բայց քո մահդ ընդունելի չէ բոլոր անոնց համար, որոնք կիրքով եւ ստեղծագործ մտքի բարձր մասշտաբով հայության որակ ուզեն տալ եւ քո բացած լայն հորիզոնին մասնակցին: Որոնք պիտի ըլլան այդ արժեքները, արվեստի, գրականության, գիտական, հասարակական, քաղաքական աշխարհի մեջ, ոչ մեկս գիտե: Բայց միայն անոնց գոյությամբ հայության ապագա սերունդները իրենց ժողովուրդին համամարդկային կշիռք կրնան տալ: Դուն ստեղծագործի քո մեծ աշխարհով հարազատորեն ցանեցիր մեր ժողովուրդին շատ նոսր մտքի ակոսներուն մեջ, ցանեցիր հունձքի հավատքով եւ սպասումով: Թող այս մեկը ապարդյուն չըլլա եւ հողը թեթեւ կշռե քո վտիտ մարմնի վրա: Սիրելի Հրանտ, քո մահդ պետք չէ մեզ աղքատացնե: Ես այս տողերը քեզ կուղղեմ Robert Musil սրճարանին մեջ, Վիեննա: Musil-ը քո վերջին տասնամյակի արվեստի ու գրականության կարեւոր սյուներեն մեկը դարձավ: Ինչպես գիտես, իր մեծ վեպը չավարտվեց, ինչպես նաեւ քո մեծ վեպդ: Բայց ինչ կնշանակե ավարտ արվեստի մեջ: Բայց ինչ կնշանակե ավարտ ստեղծագործության մեջ ընդհանրապես, երբ որ մեծ արվեստը, ինչպես նաեւ փիլիսոփայական մեծ միտքը, այդ մեկը միայն հարցադրում կնկատե: Անհունին հետ, Հրանտ, դուն շատ սերտ ու խորունկ կապ ունեցար մեր փոքր ազգին նեղ սահմանները բանալով: Արվեստի ճշմարտության իմաստը այս մեկն էր քեզ համար: Ես քո բոլոր տողերուդ մեջ այս մեկը կարդացի եւ ապրեցա քեզ սիրելով: Հրանտ, դուն մեզ վաղ թողեցիր: Ես կուզեմ քեզ ուղղված իմ հրաժեշտի խոսքը փակել քո շատ սիրած Robert Musil-ի՝ մեծ բանաստեղծ Rilke-ի մահվան քառասունքի դամբանականեն քանի մը տողեր հիշելով: – 8220Գոյություն ունի բանաստեղծություն մը, որ կայուն աշխարհի մեջ գոհացում, զբոսանք, հանգիստ, զարդ, պարապ թռիչք եւ մեր ամենօրյա կյանքի երբեմն ընդհատում կնշանակե: Կրնանք ըսել, որ այս մեկը անհատական զգացումներու արտահայտություն է միայն: Բայց գոյություն ունի ուրիշ բանաստեղծություն մը, որ մեր գոյության անհանգստության, բեկորվածության մոռացումը չի ճանչնար: Հոս կրնանք ըսել, որ զգացումը այն ամբողջն է, որուն վրա աշխարհը կղզիի մը նման միայն գոյություն ունի: Հոս կկայանա Rilke-ի բանաստեղծությունը ..: Rilke-ն թերեւս Novalis172են վերջ ամենամեծ կրոնական բանաստեղծը եղավ, բայց վստահ չեմ, որ ինքը իրապես կրոնք ուներ: Ինքը միայն տարբեր կտեսներ8221: Հրանտ, դուն ալ տարբեր կտեսնեիր: Հոս կկայանա քո արվեստի մեծությունը: Ես կուզեմ, որ դուն այդ տարբեր տեսնելու լույսը մեր ժողովրդի ապագա սերունդներուն համար պահես: Այս մեկը քո մեծագույն նվերդ պիտի ըլլա մեզի: ԿԱՐՊԻՍ ՔՈՐԹՅԱՆ Փարիզ