Ծառերը հաշմվում են, նստարանները՝ այլանդակվում Իսկ ամառը դեռ հեռու է եւ վառելիք հայթայթելու համար գիշերային արշավի ելնողները երկար ճանապարհ ունեն անցնելու։ Մի օրվա ջեռուցման համար անխնա կտրատում են մայթեզրի ու զբոսայգիների ծառերը, ջարդում-տանում են պուրակների նստարանների փայտամասերը։ Բնության նկատմամբ կիրառվող այդ վանդալիզմը շարունակվում է ահա արդեն տասը տարուց ավելի։ Եվ եթե ամռանը որոշ բարեխիղճ թաղապետեր վերանորոգում են նստարանները, ապա ծառերի վերականգնումը շատ ավելի բարդ է, տարիներ է պահանջում։ Իննսունական թվականներին Նորքի, Եռաբլուրի եւ այլ ազատ տարածքների հաշմված անտառները մինչեւ օրս դեռ խելքի չեն եկել, իսկ ձեռք առած միջոցառումները հեռու են բավարար լինելուց։ Մինչ այդ, կարգուկանոն պաշտպանողների ու կառավարողների աչքի առջեւ այլանդակվում է քաղաքի կանաչ գոտին։ Այլանդակվում է, որովհետեւ ընտրողներին ոսկե սարեր խոստացողները դիտորդի դերում են։ Ծառերն ապօրինի հատողների համար հրապարակված որոշումները իրականացնողների տաքուկ դարակներում են։ Ցրտաշունչ ձմռան դիմաց կարկամել է հանրապետությունը՝ թույլ տալով, որ սառնամանիքը սողոսկի բազմահարկերի անդուռ-անպատուհան մուտքերն ի վեր՝ սառեցնելով ջրի ու կոյուղու խողովակները, իսկ բնակարաններում՝ վաննաներն ու զուգարանակոնքերը։ Մի ծերուկ Թումանյանի անվան զբոսայգում սառցակալած կոճղը քարշ էր տալիս դեպի դիմացի շենքը։ – Այդպես խեթ-խեթ մի նայիր,- հարցը կռահելով դառնությամբ ասաց ծերունին,- այնտեղ, վերին հարկում վերմակի տակ սրթսրթալով ինձ է սպասում 65-ամյա կողակիցս։ Օրինակները շատ են։ Մալաթիա-Սեբաստիա համայնքի երջանկահիշատակ ղեկավար Վահան Զատիկյանը ծաղկուն այգու վերածեց Մալաթիա ու Անդրանիկի թաղամասերի միջեւ ընկած քարքարուտները, անցուղիներում տեղադրվեցին հարյուրից ավելի նստարաններ։ Այսօր դրանց մի մասը ջարդված-թալանված է։ Թաղապետարանում որոշել են գարնան հետ կրկին վերակենդանացնել այգին, իսկ ի՞նչ երաշխիք կա, որ նույնը չի կրկնվելու եկող ձմռանը։ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊՅԱՆ